Ադրբեջանում անհետ կորել է ընդդիմադիր բլոգեր Արզու Սայադօղլուն։ Ընտանիքը 4 օր չի կարողանում գտնել նրան կամ ճշտել նրա ճակատագիրը։
Իրավապաշտպան Ռուֆաթ Սաֆարովի խոսքով, բլոգերն անհետացել է YouTube-ի Azad soz ալիքով ելույթից հետո, որի ընթացքում քննադատել է Ադրբեջանի իշխանություններին և կոչ արել մարդկանց միանալ հակակառավարական խաղաղ ցույցերին։ Ներքին գործերի նախարարության խոսնակը, ըստ Turan գործակալության, հայտարարել է, որ Սաֆարովը ոստիկանության ծառայողների կողմից չի՛ ձերբակալվել։ Նրա ճակատագիրը մնում է անհայտ։ Իրավապաշտպանները չեն բացառում, որ ընդդիմադիր բլոգերին կարող էին ձերբակալել ուժային այլ կառույցի աշխատակիցները։
Վերջին ամիսների ընթացքում ադրբեջանում ավելի քան 15 լրագրողի և մեդիա գործչի են կալանավորել։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը օրեր առաջ մեկ տարի ժամկետով դադարեցրել է Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները։ Որոշման մեջ, ի թիվս այլի, հիշատակվել են մարդու իրավունքների հետ կապված մտահոգությունները, քաղբանտարկյալների թվի աճը։
լիզող ԶԼՄ-ների օգնությամբ
Նոյեմբերից Ադրբեջանում նոր ալիք է սկսվել՝ կալանավորում են անկախ լրագրողներին։
Իշխանական քարոզիչները նրանց մեղադրում են Միացյալ Նահանգների հետ համագործակցելու մեջ։ Ամերիկյան համալսարանների շրջանավարտներին լրտեսություն է մեղսագրվում, զուգահեռաբար պետական լրատվականները խոսում են Վաշինգտոնի հայամետության մասին։
Ադրբեջանում նախընտրական շրջան է՝ Իլհամ Ալիևը արտահերթ նախագահական ընտրություններ է հայտարարել։ Հայ-ադրբեջանական բանակցություններում ճգնաժամ է՝ Ադրբեջանը նոր պահանջներ է առաջ քաշում և հրաժարվում արևմտյան միջնորդությունից։
տե՛ս Ընտրությունները հեռվացնում են հայ-ադրբեջանական խաղաղությունը
«Բաքվի հյուրանոցներից մեկում տեղի է ունեցել հանդիպում ԱՄՆ լրտեսական ցանցի ներկայացուցիչների հետ» վերնագրով նյութերը կառավարամետ լրատվականները տարածում էին անկախ լրագրողների ձերբակալությունների օրերին։ Խոսքը ամերիկյան համալսարանների շրջանավարտների ամենամյա հանդիպման մասին էր։ ԱՄՆ բուհերի նախկին ուսանողներին իշխանություններին սպասարկող ԶԼՄ-ները ներկայացնում էին որպես «Ադրբեջանի տարածքում գործող լրտեսական ցանցի անդամներ» և գոհունակությամբ արձանագրում, որ ամենամյա միջոցառումը առաջին անգամ չեղարկվել է։
Զուգահեռաբար կալանավորում էին անկախ լրատվամիջոցների աշխատակիցներին․ ձերբակալվել են Abzas Media-ի ղեկավարները, խմբագիրներն ու հետաքննող լրագրողները, Kanal13 առցանց ալիքի աշխատակիցները, մի քանի այլ լրագրողներ։ Նրանց բնակարաններն ու խմբագրությունները խուզարկել են, որոշներին բերման են ենթարկել աշխատավայրից, որոշներին՝ տնից, օդանավակայանից, որոշներին հարցաքննության են հրավիրել և ձերբակալել հենց ոստիկանության բաժնում։
ԵԽԽՎ տվյալներով, Ադրբեջանում առնվազն 18 մեդիա աշխատող է անազատության մեջ պահվում։ Դեկտեմբերի սկզբի տվյալներով՝ քաղբանտարկյալների ընդհանուր թիվը անցել է 250-ը։
Անցած տարի տասնյակ հավատացյալների են կալանավորել․ Իրանի հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին շիաներին լրտեսություն, պետական դավաճանություն, թմրավաճառք էին մեղսագրում։ Իրանի հետ հարաբերությունները հետագայում հարթվեցին, քաղբանտարկյալները մնացին բանտում։
տե՛ս Ես չեմ ուզում լինել Ադրբեջանի քաղաքացի
AbzasMedia-ն, որի աշխատակազմի մեծ մասը կալանավորված է, հայտնի է հակակոռուպցիոն հետաքննություններով։ Ադրբեջանում գործող եզակի անկախ լրատվամիջոցներից մեկն էր։ Լրագրողների ձերբակալությունից հետո կառավարամետ Report.az գործակալությունը հայտնաբերել և հրապարակել էր լրատվամիջոցի ամերիկյան և եվրոպական դոնորների ցանկը՝ պնդելով, թե «ԱՄՆ աջակցությամբ կոռուպցիա հետաքննելով՝ հրատարակությունը ըստ էության զբաղվում է դիվերսիայով»։
AbzasMedia-ի տնօրեն Ուլվի Հասանլին ավելի վաղ ահազանգել էր՝ բերման ենթարկելիս իրեն ծեծել են և հարցրել՝ ինչո՞ւ եք գրում կոռուպցիայի, այլ ոչ թե Ղարաբաղի մասին։ Լրատվամիջոցի վերջին հետաքննությունները վերաբերում էին Ադրբեջանի նախագահի ընտանիքին և Ղարաբաղում շինարարություն իրականացնող ընկերություններին։ Խմբագրությունը գրում էր կոռուպցիոն գործարքների մասին։
Չնայած քարոզչական արշավը շեշտը ամերիկյան լրտեսության վրա է դնում՝ լրատվամիջոցի ներկայացուցիչներին ոչ թե լրտեսություն են մեղսագրում, այլ «ֆինանսական հանցագործություններ»։ Abzas Media-ին մեղադրում են արտարժույթի մաքսանենգության մեջ։ Հայտարարվել էր, թե խմբագրատան խուզարկության ընթացքում 40 հազար եվրո է հայտնաբերվել։ Ուլվի Հասանլին հակադարձում էր՝ գումարը հենց խուզարկող ոստիկաններն էին բերել։
Սա առաջին անգամը չէ, երբ մեղադրանքները, որոնք շրջանառվում են կառավարական մամուլում, չեն համընկնում իրավապահների առաջադրած մեղադրանքների հետ։ Բի-Բի-Սի-ն հիշեցնում է հայտնի իրավապաշտպաններ Արիֆ և Լեյլա Յունուսների մասին՝ իշխանական ԶԼՄ-ները նրանց հայկական լրտես էին հռչակում, թեև քննությունը տարվում էր ֆինանսական հանցագործությունների հոդվածով։
ղարաբաղյան ֆերման և կիսաքանդ դպրոցը
Միացյալ Նահանգների դեմ արշավը Ադրբեջանի իշխանությունները և նրանց ենթակա ԶԼՄ-ները ուղիղ չեն պատճառաբանում, բայց վերջին ամիսների հրապարակումներից պարզ է՝ պատճառներից մեկը հայ-ադրբեջանական կարգավորումն է։ Ադրբեջանական կողմը ավելի վաղ հրաժարվել է Վաշինգտոնում նախատեսվող բանակցություններին մեկնելուց, մերժել է նաև Միացյալ Նահանգների եվրոպական գործընկերների առաջարկած հարթակները։
Ընդհարումը հրապարակային է դարձել նոյեմբերի կեսերին։ Պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենը հայտարարել էր, թե Ադրբեջանին ռազմական աջակցությունն արգելող 907-րդ լրացումը մնալու է ուժի մեջ։ Օ՛Բրայենը հավելել էր՝ սեպտեմբերի 19-ի ռազմական ագրեսիայից և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության հարկադիր տեղահանությունից հետո «Ադրբեջանի հետ հարաբերությունները նորմալ չեն լինի, քանի դեռ առաջընթաց չենք տեսել խաղաղության բանակցություններում»։ Միացյալ Նահանգները չեղարկել էր իր բարձրաստիճան պաշտոնյաների այցերը Բաքու և խոստացել աջակցել Հայաստանին։
Ադրբեջանը այս հայտարարությանը շատ կոշտ էր արձագանքել՝ հիշեցրել էր, որ «ԱՄՆ-ն այս տարածաշրջանում չէ», ուստի չի կարող քննադատել «տարածաշրջանային երկրների ջանքերը՝ ուղղված ենթակառուցվածքային անվտանգությանը» և զգուշացրել՝ եթե այսպես շարունակվի, Վաշինգտոնը «կզրկվի իր միջնորդական դերից»։
տե՛ս Դուք էլ Ադրբեջան մի եկեք․ լեզվակռիվ Բաքվի և Վաշինգտոնի միջև
Ավելի ուշ Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը մեղադրել է Միացյալ Նահանգներին և մասնավորապես՝ USAID ղեկավար Սամանթա Պաուերին միակողմանի մոտեցման մեջ և կոչ արել հետաքննություն սկսել ԱՄՆ «հայամետ քաղգործիչների» դեմ։ Լրագրողների ձերբակալությունները Հաջիևը չի մեկնաբանել։ Նրա փոխարեն դա արել են ադրբեջանցի պատգամավորները՝ անկախ լրատվամիջոցների աշխատակիցներին անվանելով «հինգերորդ շարասյուն» և մեղադրելով «հակաադրբեջանականության», «դավաճանության» մեջ։
Բի-Բի-Սի-ն պարզաբանում է, որ ձերբակալվածներից ոմանք իրոք թաքցնում էին իրենց ֆինանսավորման աղբյուրները, քանի որ 2014 թվականից Ադրբեջանում խստացվել է օրենսդրությունը և արտասահմանյան դրամաշնորհներ ստանալը դժվար է։ Բացի այդ, 2022 թվականին Ադրբեջանը փոխել է Մեդիայի մասին օրենքը՝ լրատվամիջոցները և լրագրողները այժմ պարտավոր են պետական գրանցում ստանալ։ Լրագրողներ առանց սահմանների (Reporters Without Borders) կազմակերպության զեկույցում նշվում է․ «Ամբողջ մեդիա դաշտը գտնվում է պետության վերահսկողության տակ, անկախ հեռուստա և ռադիոալիքներից ոչ մեկը չի հեռարձակվում երկրի ներսում, բոլոր տպագիր թերթերը, որոնք քննադատական դիրքորոշում ունեին, փակվել են, արգելափակված են նաև Azadlıq և Meydan TV-ի կայքերը»։ Լրագրողական կազմակերպության գնահատմամբ՝ խոսքի ազատության ինդեքում 180 երկների մեջ Ադրբեջանը զբաղեցնում է 151-րդ տեղը՝ Պակիստանի և Աֆղանստանի արանքում։
տե՛ս Ով գրանցված չի՝ լրագրող չի. Ադրբեջանում սկսել է գործել «մեդիայի մասին» օրինագիծը
Իլհամ Ալիևի նախագահության 20 տարիների ընթացքում բազմաթիվ լրագրողներ ստիպված են եղել լքել երկիրը կամ հրաժարվել իրենց մասնագիտությունից։ Շատերը քաղաքական հետապնդման են ենթարկվել, շատերը՝ աշխատանքի անցել պետության կողմից վերահսկվող մեդիաներում։
Քաղաքական մեկնաբան Բահրուզ Սամեդովը իր հոդվածում նշում է, որ 2020-ի հաղթանակից հետո նոր հարցեր են առաջացել։ Սոցիալական խնդիրները սրվում են, սոցիալական արտոնությունները՝ կրճատվում։ Տնտեսական աճ գրեթե չկա։ Ո՞ւր են գնում փողերը։ Բաքու և Ղարաբաղ։ Սոցցանցերում վերջերս պատկեր էր տարածվում՝ մի կողմում Ղարաբաղում կառուցված նոր, ժամանակից ֆերման է, մյուս կողմում Ադրբեջանի գյուղական կիսաքանդ դպրոցներից մեկը։
Սամեդովը համոզված է՝ այս անարդարությունից բխող նեղացվածությունը մարզերում մեծանալու է․ «Տնտեսական և սոցիալական առկա խնդիրները հանգեցնելու են ներքին նոր անտագոնիզմների առաջացման։ Աղբյուրներից մեկը, որ եռում է մակերեսի տակ, դժգոհությունն է մարզերում»։
«Ադրբեջանական պետությունը բախվում է նոր և աճող ներքին լարվածության և արձագանքում է դրան բռնաճնշումների ուժգնացմամբ և բացարձակ կանխատեսելի արդյունքներ ունեցող արտահերթ ընտրություններով, – եզրակացնում է Սամեդովը․ – Ակնհայտ է, որ նախընտրական շրջանում կառավարությունը չի ուզում առերեսվել որևէ լուրջ կամ թեկուզ աննշան խնդրի»։