Ադրբեջանի ուժայինները այսօր բերման են ենթարկել Abzas Media լրատվական կայքի գլխավոր խմբագիր Սևինջ Վագիֆգըզըին։ Նախօրեին տարել էին նաև լրատվամիջոցի տնօրեն Ուլվի Հասանլիին, խուզարկել խմբագրությունը և բերման ենթարկվածի բնակարանը։ Բարձրաստիճան պաշտոնյաների հանցանքները բացահայտող լրատվամիջոցի աշխատակիցներին արտարժույթի մաքսանենգություն են մեղսագրում։
Երբ Հասանլիին բերել էին խուզարկության, գործընկերները նրա վրա կապտուկներ էին նկատել։ Տնօրենը հասցրել էր ասել, որ իրեն ծեծել են։ Սա հաստատել է նաև նրա փաստաբանը։
Խմբագիր Սևինջ Վագիֆգըզըին ևս բռնել են Բաքվի օդանավակայանում, բայց ոչ թե Ադրբեջանից մեկնելիս, ինչպես Հասանլիի դեպքում, այլ արտասահմանից վերադառնալուց հետո։ Նրան տարել են քաղաքի ոստիկանության գլխավոր վարչություն, խուզարկել տունը։ Կինը հայտարարել է, որ հետապնդվում է լրագրողական գործունեության պատճառով։
Ուլվի Հասանլին ևս հերքել է մեղադրանքը և պնդել, որ խմբագրությունից առգրավված 40 000 եվրոյի մասին ուժայինների հայտարարությունը սուտ է՝ այդ գումարը ոստիկաններն էին բերել։ Տնօրենը պատմել է նաև, որ ոստիկանությունում իրեն հարցրել են՝ ինչո՞ւ է կոռուպցիայի մասին գրում, այլ ոչ թե Ղարաբաղի։
Abzas Media-ն հայտարարել է, որ քաղաքական հետապնդման հետևում կանգնած է Ադրբեջանի վերջին 20 տարիների նախագահ Իլհամ Ալիևը․ «Մենք Իլհամ Ալիևի և նրա նշանակած պաշտոնյաների կոռուպցիոն հանցագործությունների մասին մի շարք հետաքննություններ ենք հրապարակել։ Հասանլիի (հրապարակման պահին գլխավոր խմբագիր Վակիֆկիզիին դեռ չէին բռնել – խմբ․) ձերբակալությունը կապված հակակոռուպցիոն հետաքննությունների հետ։ Կարծում ենք, որ նախագահը կհրամայի կալանավորել նրան, որպեսզի փակի մեր լրատվամիջոցը և թույլ չտա կոռուպցիոն հանցագործությունների մասին տեղեկատվության տարածումը»։
Ադրբեջանի իշխանություններին քննադատել են «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) միջազգային կազմակերպությունը և Լրագրողների եվրոպական ֆեդերացիան (EFJ)։ «Հասանլիի ձերբակալությունը իշխանության քննադատների ձերբակալությունների շարքի մասն է, որի նպատակը այլամտության ճնշումն է», – նշել է Amnesty International իրավապաշտպան կազմակերպության Հարավային Կովկասի հետազոտող Նատալյա Նոզադզեն։
Abzas Media-ի վերջին հետաքննությունները վերաբերում էին Ադրբեջանի նախագահի ընտանիքին և Ղարաբաղում շինարարություն իրականացնող ընկերություններին։