«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության նախկին աշխատակից Թուրալ Մուստաֆաևը քաղբանտարկյալ Հադիջա Իսմայիլից պահանջներ չունի և ցանկանում է հաշտվել վերջինիս հետ։ Հետաքննող լրագրող Իսմայիլը ձերբակալվել է 2014 թվականի դեկտեմբերին՝ Մուստաֆաևի ներկայացրած բողոքի հիման վրա։
«Ռադիո Ազադլիգ»֊ի հետ զրույցում Մուստաֆաևը հայտարարել է, որ արդեն նամակ է ուղղել Ադրբեջանի գլխավոր դատախազ Զաքիր Գարալովին՝ նշելով, որ ցանկանում է հետ վերցնել իր բողոքը։
«Ես Հադիջա Իսմայիլի հետ որևէ խնդիր չունեմ»,֊ ասել է նա։ Ի պատասխան այն հարցին, թե այդ դեպքում ինչ հիմքերով է բողոք ներկայացրել, Մուստաֆաևն ասել է, որ այդ պահին ծանր հոգեբանական ապրումների մեջ էր։ «Ծանր վիճակում էի։ Դատախազին ուղղված նամակում այդ մասին էլ եմ նշել։ Այս պահին լիովին առողջ եմ ու այդ նամակը գրել եմ առանց որևէ արտաքին ազդեցության»։
Լրագրողը հավելել է, որ բողոքը ներկայացնելու հաջորդ օրը՝ 2014 թվականի նոյեմբերի 27֊ին, արգելք է դրվել երկրից դուրս գալու իր իրավունքի վրա։ «Ցանկանում եմ նաև, որ այդ արգելքը վերացվի»,֊ ասել է նա։
Բողոքը հետ վերցնելու մտադրության մասին Մուստաֆաևը ֆեյսբուքյան իր էջում գրել էր դեռևս 2014֊ի դեկտեմբերին։ Մոտ կես ժամ անց նա մեկ այլ գրառում էր արել՝ «Ինձ բերման են ենթարկել»։ Մեկնաբանելով այս դրվագը՝ լրագրողն ասել է, որ այն ժամանակ իսկապես ցանկացել է հետ վերցնել բողոքը, սակայն չի կարողացել՝ «որոշակի հանգամանքներից» ելնելով։
Հադիջա Իսմայիլը հայտնի է որպես երկրի նախագահ Իլհամ Ալիևի քննադատ․ լրագրողը բազմաթիվ հոդվածներով է հանդես եկել, որոնցում փաստեր է ներկայացրել կառավարության կոռուպվացված լինելու, ինչպես նաև Ալիևի ընտանիքի բիզնես շահերի մասին։
Նա ձերբակալվել է 2014 թվականի դեկտեմբերի 5֊ին՝ ինքնասպանության փորձ կատարած լրագրող Թուրալի Մուստաֆաևի գործով։ Մուստաֆաևն իր բողոքում պնդել էր, թե ինքնասպանության փորձի իրեն դրդել էր Իսմայիլը։
Իսմայիլի բարեկամների տվյալներով՝ Մուստաֆաևը ցուցմունք էր տվել, թե Հադիջա Իսմայիլն իրեն հեռացրել է աշխատանքից «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունից:
Իսմայիլը, սակայն, «Ազատության» ադրբեջանական ծառայության Բաքվի գրասենյակը ղեկավարել է 2008-2010թթ.-ին՝ այնուհետև աշխատելով միայն որպես հաղորդավար, մինչդեռ Մուստաֆաևը ինքնասպանության փորձ է արել 2014 թվականի հոկտեմբերի 21-ին՝ առնետի դեղ ընդունելով։
2014֊ի սկզբին Իսմայիլը հարցաքննության էր ենթարկվել «պետական գաղտնիք հրապարակելու» գործով։ «Ֆեյսբուք»֊ի իր էջում լրագրողը տեղադրել էր Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից ընդդիմադիր գործչի հավաքագրելու մասին վկայող փաստաթղթի լուսանկար։