Home / Բանակ / Որ տենց է, դուք էլ Ադրբեջան մի եկեք․ լեզվակռիվ Բաքվի և Վաշինգտոնի միջև

Որ տենց է, դուք էլ Ադրբեջան մի եկեք․ լեզվակռիվ Բաքվի և Վաշինգտոնի միջև

Բաքուն հրաժարվել է Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումից։ 

«Նման պայմաններում հնարավոր չենք համարում հանդիպումը», – հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը՝ վկայակոչելով Միացյալ Նահանգների պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայանի երեկվա հայտարարությունները։ 

Ամերիկացի պաշտոնյանի մեկնաբանությունները «անհիմն», «անընդունելի», «ոչ արդյունավետ», «միակողմանի» և «կողմնակալ» են որակվել։ 

«Միացյալ Նահանգների միակողմանի մոտեցումը կարող է հանգեցնել միջնորդական դերի կորստին», – հայտարարել են Բաքվից։

Ադբեջանի արտգործնախարարությունը կետ առ կետ անդրադարձել է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյանի՝ Ներկայացուցիչների տան պրոֆիլային հանձնաժողովում երեկ տեղի ունեցած լսումների ընթացքում հնչեցրած հայտարարություններին։

առաջվա պես էլ չի լինի

Առաջիկա շաբաթները որոշիչ կլինեն հայ-ադրբեջանական բանակցություններում՝ Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում նախօրեին հայտարարել է պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայանը․ «Կողմերը պետք է այո կամ ոչ ասեն»։

Թե կոնկրետ ինչին է պետք այո կամ ոչ ասել՝ պետքարտուղարի օգնականը չի մանրամասնել, բայցև ընդգծել է, որ Վաշինգտոնն ակտիվ կապերի մեջ է կողմերի հետ և մտրակի քաղաքականություն է բանեցնում Ադրբեջանի հանդեպ։

«Մենք հստակ ասել ենք, որ Ադրբեջանի հետ հարաբերությունները սեպտեմբերի 19-ից հետո նորմալ չեն լինի, քանի դեռ առաջընթաց չենք տեսել խաղաղության շուրջ բանակցություններում։ Այդ պատճառով չեղարկել ենք մի քանի բարձրաստիճան այցեր, դատապարտել ենք Բաքվի գործողությունները։ Ադրբեջանին ռազմական աջակցությունն արգելող 907-րդ լրացումն էլ կմնա ուժի մեջ, քանի դեռ իրավիճակը չի բարելավվել», – հավելել Օ՛Բրայանը։

Բաքուն, ըստ նրա, «հիմա ուժի դիրքերից է խոսում բանակցություններում», բայց հաղթող կողմը պետք է իմանա՝ երբ կանգ առնի և գործարք կնքի։ Այս ուղերձը, Ալիևին փոխանցելու համար ամերիկյան կողմը հիմա նաև Թուրքիայի հետ է աշխատում, ասել է ամերիկյան պաշտոնյան։

Թեև կոնգրեսական լսումները նվիրված էին Լեռնային Ղարաբաղի ապագային, այդ հարցի մասին ամենաքիչն է խոսվել։ Պետքարտուղարի օգնականը միայն նշել է, թե Ղարաբաղի հայերը պետք է անարգել տուն վերադառնալու իրավունք ունենան, նրանց սեփականությունն ու մշակույթը պետք է պահպանվի։ Օ՛Բրայանը շեշտել է՝ պետքարտուղարի հանձնարարությամբ Պետդեպարտամենտը քննություն է սկսել, որ պարզի՝ ինչպես է Արցախը հայաթափվել, ով ինչ է արել։

Ադրբեջանի արտգործնախարարությունը նրա ելույթին կոշտ է արձագանքել։ Բաքվին դուր չի եկել, ինչպես է ամերիկացի պաշտոնյան մեկնաբանել Լեռնային Ղարաբաղի վրա սեպտեմբերի 19-20-ի ռազմական հարձակումը (Ադրբեջանում այն ներկայացնում են որպես «հակաահաբեկչական գործողություն»)։ Հայտարարության մեջ նշվել է, թե խաղաղության գործընթացը խաթարում է ոչ թե Ադրբեջանը, այլ Հայաստանը, որը «ավելի քան երկու ամիս է չի պատասխանում խաղաղության պայմանագրի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկներին»։

Ադրբեջանի ԱԳՆ-ն Վաշինգտոնին մեղադրել է նաև «Ղարաբաղի անջատողականներին» աջակցելու, այնտեղ հաստատված «ռեժիմը» ֆինանսավորելու, դրա ներկայացուցիչների ամերիկյան այցերը և ամերիկացի պաշտոնյաների հետ հանդիպումները կազմակերպելու մեջ։

Անդրադարձ է կատարվել նաև Օ՛Բրայանի՝ «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածի շուրջ հայտարարություններին։ Նշվել է, թե 907-ի հոդվածի վերագործարկմամբ Վաշինգտոնը «կրկնում է այն նույն սխալը, որ թույլ է տվել Ադրբեջանի նկատմամբ 1992 թվականին, երբ այդ հոդվածը ընդունվել է»։

Ամերիկան՝ ընդդեմ իրանական ճանապարհի և ռուսական գերակայության

Երեկվա իր ելույթում ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը խոսել է նաև տարածաշրջանային գերտերությունների մասին։

Խաղաղությունը, ըստ Օ՛Բրայանի, հնարավորություն կտա Հայաստանին ու Ադրբեջանին կրճատել Ռուսաստանի ու Իրանի ազդեցությունը տարածաշրջանում և մեծացնել համագործակցությունը արևմուտքի հետ․ «Երևանն ու Բաքուն է պետք է որոշում կայացնեն»։

«Հիմա նրանք պետք է ընտրություն կատարեն՝ ուզո՞ւմ են ապագա, որը խարսխված է Ռուսաստան-Իրան բևեռի վրա՝ որպես տարածաշրջանի անվտանգության հիմնական երաշխավոր։ Նրանք այլ տարբերակ ընտրելու հնարավորություն ունեն», – ասել է պետքարտուղարի օգնականը։

Առանձին անդրադարձ է արվել Հայաստանին։ Օ՛Բրայանը հայտարարել է, թե «Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու համար Վաշինգտոնը աշխատում է Հայաստանի հետ մի շարք ոլորտներում՝ էներգետիկայից, ենթակառուցվածքներից մինչև գյուղատնտեսություն» և փորձում այլընտրանքներ ստեղծել ռուսական մենաշնորհներին․ «Մենք աշխատում ենք Հայաստանի կառավարության հետ՝ սկսելու քննարկումներ, թե ինչ է հնարավոր անել, օրինակ, ռուսական ցորենից ու ալյուրից կախվածությունը նվազեցնելու համար»։

Հատուկ շեշտվել է եթակառուցվածքների և մասնավորապես՝ Հայաստանի ճանապարհների ապաշրջափակման հարցը՝ որպես «խաղաղության տնտեսական առավելություն»։

«Կենտրոնական Ասիայի երկրները այժմ նոր ուղի են փնտրում իրենց ապրանքները շուկա հասցնելու համար։ Այդ ճանապարհը կարող է անցնել Ադրբեջանից Վրաստան կամ Հայաստանով՝ Թուրքիա։ Մենք ասել ենք՝ Հայաստանի համաձայնությամբ ու մասնակցությամբ կառուցված տարանցիկ ուղին կարող է ահռելի թափ հաղորդել տարածաշրջանի երկրներին ու համաշխարհային շուկաներին», – ասել է ամերիկացի պաշտոնյան։

Տարանցիկ միջանցքը, որը կբացվի ուժով, կամ այլ ճանապարհով՝ Իրանի ներգրավմամբ, շատ կոշտ արձագանքի կարժանանա՝ եզրափակել է ամերիկացի պաշտոնյան։

Արդեն մոտ 3 տարի է՝ Բաքուն Մեղրիով անցնող, Ադրբեջանը Նախիջևանին և Թուրքիային կապող ճանապարհը ներկայացնում է որպես միջանցք՝ ակնարկելով, որ այնտեղ հատուկ սահմանային և մաքսային ռեժիմ պետք է լինի։ Առաջ Ադրբեջանից սպառնում էին՝ եթե Հայաստանը չհամաձայնվի, իսկ Հայաստանը մինչև հիմա «միջանցքային» տարբերակին չի համաձայնում, ապա այն ուժով կբացվի։ Լեռնային Ղարաբաղի հայափաթումից հետո Ադրբեջանն այս հռետորությունից հրաժարվել է, փոխարենը՝ բարիշել Իրանի հետ․ դեպի Նախիջևան նոր ճանապարհ են գցում Իրանով՝ շրջանցելով Հայաստանը։

տե՛ս Բաքուն հիասթափվել է «Զանգեզուրի միջանցքից» և բարիշել Թեհրանի հետ

Օ՛Բրայանը երեկ հայտարարել է, թե Վաշինգտոնի համար անընդունելի է և՛ Հայաստանով անցնող «միջանցքը», և Իրանով անցնող այլընտրանքային ճանապարհը։

«Ճանապարհների ապաշրջափակումը՝ ինքնիշխանության սկզբունքով, կնպաստի նաև Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրարկմանը», – հավելել է պետքարտուղարի օգնականը։ Դրանց կիրարկմանը, ըստ Օ՛Բրայանի, խոչընդոտում է նաև այն, որ Հայաստանի օդային ճանապարհը և Ադրբեջանից Հայաստան ցամաքային անցումը վերահսկվում է ռուսների կողմից։

Ամերիկացի պաշտոնյան հայտարարել է, թե ռուս խաղաղապահները պետք է հեռանան Ղարաբաղից, երբ նրանց 5-ամյա ժամկետը ավարտվի, իսկ դա հնարավոր կլինի միայն այն պարագայում, եթե Ամերիկան «ակտիվորեն ներգրավված լինի խաղաղության գործընթացում»․ «Եթե մենք դուրս մնանք՝ Ռուսաստա՛նը կշարունակի վերահսկել սահմանը»։

Բաքվից արձագանքել են՝ «Միացյալ Նահանգները այս տարածաշրջանում չէ, բայց քննադատում է տարածաշրջանի երկրների ջանքերը՝ ուղղված ենթակառուցվածքային անվտանգությանը»։ Ադրբեջանի ԱԳՆ-ն շեշտել է՝ իրենք որոշել են Իրանի տարածքով ճանապարհ գցել դեպի Նախիջևան, քանի որ «Հայաստանը հրաժարվել է բացել իր տարածքով անցնող ճանապահը, ինչը նրա սուվերեն իրավունքն է»։

«Ինչ վերաբերում է նրան, որ ամերիկյան կողմը հետաձգել է Ադրբեջանի հետ բարձր մակարդակով նախատեսված երկկողմ հանդիպումները և շփումները, և [Վաշինգտոնից հնչող] հայտարարություններին, թե «մեր երկկողմ հարաբերությունները այլևս առաջվանը չեն լինի»՝ Ադրբեջանը կորդեգրի ճիշտ նույն մոտեցումը։ Մենք արդեն ոչ նպատակահարմար ենք համարում Միացյալ Նահանգների բարձրաստիճան ներկայացուցիչների այցերը Ադրբեջան», – հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը՝ հավելելով, որ «ԱՄՆ-ի միակողմանի մոտեցումը կարող է հանգեցնել միջնորդական դերի կորստին»։

Հայաստանը ուզում է գնալ Վաշինգտոն

Օ՛Բրայանի երեկվա և Բաքվի այսօրվա հայտարարություններին հայկական կողմը չի անդրադարձել։

Երկու օր առաջ՝ Հ1-ի եթերում, Հայաստանի ԱԽ քարտուղարը հայտարարել էր, թե Երևանը Բաքվի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները Վաշինգտոնում շարունակելու հնարավորություն է տեսնում։