Բաքուն և Թեհրանը համաձայնեցրել են Արաքսի գետի ափով անցնող երկաթգծի և ավտոմոբիլային հաղորդակցության երթուղին։ Կառուցվելիք ճանապարհը ներկայացվում է որպես «Հարավ-Հյուսիս» տրանսպորտային միջանցքի մաս և Ադրբեջանը Նախիջևանի անկլավին կապող հուսալի այլընտրանք։
Օրեր առաջ Բաքվից հայտարարել էին՝ Հայաստանի տարածքով անցնող «Զանգեզուրի միջանցքը» (Մեղրիի ճանապարհը, որը Ադրբեջանը կապում է Նախիջևանին և Թուրքիային) կորցրել է «իր գրավչությունը», այդ ծրագիրը կարող է իրականացվել Իրանի հետ՝ ամբողջությամբ շրջանցելով Հայաստանը։ Իրանից հաստատել են և հավելել՝ այսկեպ կվերացվեն նաև «ոլորտում առկա մտահոգությունները»։
Թե ինչպես է սա ազդելու Հայաստանի ապաշրջափակման վրա՝ դեռևս պարզ չէ։ Երևանից մեկնաբանություններ չկան։
Թեհրանն ու Բաքուն բարիշեցին
Տաշքենդում Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիի հետ հանդիպման ժամանակ Իլհամ Ալիևը հայտարարել է՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո երեք տարի շարունակ Հայաստանը հրաժարվել և հրաժարվում է դեպի Նախիջևան ցամաքային ճանապարհի ապահովումից։ «Դա իրենց ընտրությունն է, բայց կարծում եմ՝ նրանք մեծ սխալ են թույլ տվել», – ասել է Ադրբեջանի նախագահը՝ շեշտելով՝ Աղբենդի շրջանում Արաքս գետի վրայով կամուրջների կառուցման սկիզբը արդեն ազդարարված է։
Ադրբեջանի և Իրանի միջև մոտ մեկ տարի տևած դիվանագիտական փոխհրաձգությունը վերջին ամիսներին մարել է, կողմերն արդեն առավել հաճախ խոսում են բարեկամության և համատեղ նախագծերի մասին։
Դեռևս հոկտեմբերի 30-ին Իլհամ Ալիևը հրահանգել էր Ադրբեջանի կառավարության պահուստային ֆոնդից 14 միլիոն մանաթ (ավելի քան 8 միլիոն դոլար) հատկացնել Զանգելանի շրջանի Աղբենդ գյուղից (Արաքս գետի վրայով) դեպի Իրան տանող կամրջի շինարարության համար։ Կամուրջը Ադրբեջանի հիմնական տարածքը (Իրանով) Նախիջևանի ինքնավար հանրապետությանը կապող ճանապարհի մի մասն է։ Այս ճանապարհը ամբողջությամբ շրջանցում է Հայաստանը։
«Ուրախ եմ, որ Իրանի և Ադրբեջանի ներկայացուցիչների աշխատանքի արդյունքում համաձայնեցվել է Արաքս գետի հարավային ափով երկաթուղու և մայրուղու երթուղին», – երեկվա հանդիպման ժամանակ նշել է Ալիևը՝ վստահություն հայտնելով, որ
նախագիծը «կարճ ժամանակում կիրականացվի և կդառնա Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի ուղղություններից մեկը»։
Արդյունքում Ադրբեջանը կունենա երկու երթուղի՝ մեկը Աստարայով, մյուսը արդեն Աղբենդով։ Ըստ Ալիևի՝ «երկու երթուղիներն էլ կծառայեն Իրանի և Ադրբեջանի միջև եղբայրական հարաբերությունների ամրապնդմանը, հասանելի կլինեն նաև այլ երկրների՝ մեր հարևանների և գործընկերների համար»։
Իրանի նախագահը հավելել է՝ «երկու երկրների շահերը բավարարում են միմյանց, ինչը երաշխավորում է Ադրբեջանի, Իրանի և Նախիջևանի միջև տրանսպորտային կապը և վերացնում այն մտահոգությունները, որոնք առկա էին այս ոլորտում»:
Վերացվելիք «մտահոգությունները», ամենայն հավանականությամբ, վերաբերում են Սյունիքի մարզով անցնող ճանապարհի և դրա հնարավոր ապաշրջափակման ֆորմատին․ Թեհրանը մինչ այս պարբերաբար հայտարարում էր, որ «թույլ չի տա սահմանփակել կամ արգելափակել պատմական այն երթուղին, որը կապում է Իրանը Հայաստանի հետ»։ Դա նախկին ԽՍՀՄ սահմաններ, որը մինչ օրս Հայաստանի կողմից վերահսկվում է ռուսաստանյան սահմանապահների կողմից։
ФСБ-ն, Զանգեզուրը և հին ասացվածքը
2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանին կապող ճանապարհը, որը արդեն 30 տարի է՝ ամբողջությամբ շրջափակված է, հայ-ադրբեջանական բանակցությունների կնճռոտ հարցերից մեկն էր։
Ադրբեջանը և Թուրքիան, Մեղրիի ճանապարհի մասին խոսելիս, օգտագործում էին «միջանցք» բառը և ակնարկում տարանցման պարզեցված (օրինակ՝ առանց մաքսակետի տեղադրման) ընթացակարգերի անհրաժեշտության մասին։ Երևանը հակադարձում էր՝ այդ տերմինի գործածումը վկայում է Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումների մասին, միջանցքային տրամաբանություն լինել չի կարող, ապաշրջափակվելիք բոլոր ճանապարհները պետք է գտնվեն այն երկրների սուվերենության ներքո, որոնցով անցնում են։
Սկզբում Բաքուն՝ հղվելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, փորձում էր հավասարության նշան դնել Մեղրիով անցնող ճանապարհի և Լաչինի միջանցքի միջև։ Եթե Զանգեզուրի միջանցքը չլինի, չի լինի նաև Լաչինի միջանցքը՝ հայտարարում էր Իլհալ Ալիևը։ Մոսկվայից հղվում են եռակողմ հայտարարության 9-րդ կետին, համաձայն որի Ադրբեջանը Նախիջևանին կապող տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնելու է Ռուսաստանի ԱԴԾ (ФСБ) սահմանապահ ծառայության մարմինները»:
Հայաստանից հակադարձում էին՝ համատեղ հայտարարության մեջ հիշատակվող միակ միջանցքը Լաչինինն է, այլ միջանցք լինել չի էլ կարող։ Երևանը պնդում էր անցակետի և մաքսակետի տեղադրման անհրաժեշտության վրա՝ հավաստիացնելով, որ պատրաստ է քննարկել մաքսային և սահմանային ընթացակարգերը պարզեցնելու հարցը։
Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները արդեն վաղուց չեն գործում, Լաչինի միջանցք էլ չկա, բայց Մեղրիի ճանապարհի շուրջ խմորումները դեռ շարունակվում են։
«Ցանկանում եմ հիշեցնել, որ [Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի եռակողմ] հայտարարությունների համաձայն՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունը պետք է իրականացնի ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայությունը», – երեկ հայտարարել էր Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։
Հայաստանի ԱԳՆ-ից արձագանքել են՝ Հայաստանը երբևէ, որևէ փաստաթղթով չի համաձայնվել իր սուվերենության որևէ սահմանափակման, և իր սուվերեն տարածքի որևէ հատվածի վրա երրորդ երկրի վերահսկողություն հաստատվել չի կարող։
«Հայաստանի կառավարությունը վերջերս հրապարակել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի հիմնարար սկզբունքներից ակնհայտ է դառնում, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման դեպքում Հայաստանի Հանրապետությունն իր տարածքում իր պետական ինստիտուտների միջոցով պետք է իրականացնի սահմանային, մաքսային հսկողություն։ ՀՀ ԱԱԾ-ում վերջերս ստեղծվել է հատուկ ստորաբաժանում, որի խնդիրը տարածաշրջանային կոմունիկացիաների բացման դեպքում այդ կոմունիկացիաների ինչպես նաև դրանցով ապրանքների, բեռների, տրանսպորտային միջոցների և մարդկանց անցման անվտանգության ապահովումն է», – նշել է Անի Բադալյանը։
Թե ինչպես է Ադրբեջանի և Իրանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը ազդելու Հայաստանի ապաշրջափակման վրա՝ պարզ չէ։ Երևանը ակնկալում էր, որ Մեղրիի ճանապարհի վերագործարկման հետ մեկտեղ պետք է վերագործարկվեն նաև Ադրբեջանի տարածքով անցնող՝ մասնավորապես, Հայաստանը Ռուսաստանին կապող ճանապարհները։
Ադրբեջանից հայտարարում են, թե հրաժարվելով «Զանգեզուրի միջանցքից»՝ Հայաստանը հրաժարվել է նաև տարածաշրջանային մյուս հաղորդակցություններից։ Ադրբեջանական Միլի Մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Սամեդ Սեիդովը օրեր առաջ X (նախկին Twitter) սոցիալական ցանցում գրել էր․ «Մի հին արևելյան ասացվածք կա՝ «որևէ մեկը մարդու համար այնքան խնդիր չի կարող ստեղծել, որքան ինքը՝ մարդը»։ Հայաստանն առաջնորդվեց հենց այս տրամաբանությամբ՝ հրաժարվելով «Զանգեզուրի միջանցքից» և կորցնելով տարածաշրջանային տրանսպորտային ցանցին մաս կազմելու վերջին հնարավորությունը»։
Բաքուն Երևանից գրավիչ է
«Իրանա-ադրբեջանական հարաբերությունների ջերմացման առաջին նշույլները ի հայտ եկան ամռանը, երբ հուլիսի 5-ին Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը ժամանեց Բաքու և հանդիպեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Երկխոսությունը հաջողությամբ պսակվեց, փոխվեց հռետորաբանությունը, դադարեցին փոխադարձ մեղադրանքներն ու սպառնալիքները», – հոկտեմբերի վերջին հրապարակված հոդվածում գրում էր «Քարնեգի» կենտրոնի փորձագետ Նիկիտա Սմագինը։
Ըստ նրա՝ հենց Աբդոլահիանի այցից հետո էր, որ երկու երկրների պետական լրատվական գործակալությունները հայտարարեցին Բաքվում և Թեհրանում թղթակցական կետեր բացելու մասին և պայմանագիր ստորագրեցին Աստարա գետի վրայով անցնող ավտոմոբիլային կամրջի շինարարությունն ավարտին հասցնելու հարցով։
«Սեպտեմբերին արդեն Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը հայտարարեց, որ իր երկիրը Իրանից դրական ազդակներ է ստանում։ Իսկ նրանից հետո, երբ Բաքուն կարողացավ հասնել Լեռնային Ղարաբաղի հայկական չճանաչված հանրապետության պաշտոնական լուծարմանը՝ Թեհրանի հետ կոնֆլիկտն, ըստ էության, սպառվեց»։
Փորձագետի կարծիքով, Իրանը վերջին շրջանում վերանայել է իր մոտեցումները՝ հասկանալով, որ Կովկասում նոր իրավիճակ է ձևավորվել․ «Թեհրանին սպառնում էր պարտված երկրի հետ դաշինքի մեջ հայտնվելը մի իրավիճակում, երբ տարածաշրջանում այլևս գերակա դեր ունեին իր հանդեպ թշնամաբար տրամադրված Բաքուն և Անկարան»։
Թեհրանն, ըստ նրա, Ադրբեջանի և Հայաստանի միջև ի վերջո ընտրություն է կատարել հօգուտ Բաքվի։ Այստեղ կարևոր էին ոչ միայն աշխարհաքաղաքական շահերը (հայ-ամերիկյան սիմվոլիկ զորավարժություններ և այլն), այլև տարածաշրջանային տարանցիկ ծրագրերին մասնակցելը՝ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական տեսանկյուններից ելնելով։