Իրանցի չորս դիվանագետները, որոնց Բաքուն նախօրեին persona non grata՝ անցանկալի անձ է ճանաչել, լքում են Ադրբեջանը, հաղորդել է Ադրբեջանի արտգործնախարարությունը։
Ապրիլի 6-ին Ադրբեջանի ԱԳՆ էր կանչվել Իրանի դեսպան Սեյեդ Աբաս Մուսավին։
«Նա տեղեկացվել է, որ իրանցի չորս դիվանագետներ, որոնց գործողությունները հակասում են դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի 1961 թվականի համաձայնագրին, հայտարարվել են «անցանկալի անձ» և 48 ժամում պետք է հեռանան», – հայտարարել էր Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը:
Իրանցի դիվանագետների անունները և պաշտոնները չեն նշվում։
«դավադիր», «հավատացյալ», «թմրանյութ վաճառող»
Ավելի վաղ Բաքուն հայտարարել էր, թե ձերբակալել է ևս 6 անձի, որոնք կասկածվում են Իրանի հատուկ ծառայությունների հետ կապեր ունենալու մեջ։
Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության, Ներքին գործերի նախարարության և Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության համաձայն՝ ձերբակալվածները մեղադրվում են «Ադրբեջանում շարիաթի օրենքներով կառավարվող «Քերիմե» անվամբ կրոնապետություն ստեղծելու դավադրության» մեջ:
«Դավադիրները», ըստ Ադրբեջանի ուժային կառույցների, մտադիր էին «ապակայունացնել իրավիճակը երկրում, ինչի համար կրոնական քարոզ էին վարում և իրանական հատուկ ծառայությունների միջոցով հավաքագրում քաղաքացիների»:
Ըստ ադրբեջանցի իրավապահների՝ Իրանում բնակվող Ռուֆուլա Ախունդզադեն և Բախտիյար Բայրամովը Թարթառի շրջանի բնակիչ Արիֆ Ջումշուդովին հանձնարարել են ստեղծել «դիմադրության ջոկատ, որը պետք է բռնի եղանակով փոխեր սահմանադրական կարգը»: Բաքուն պնդում է, որ Ջումշուդովը դրա համար ներգրավել է ծայրահեղ կրոնական արմատական գաղափարներ դավանող իր ծանոթներին՝ Տարզան Գարաշովին, Սյանան Մամեդովին, Հագանի Մամեդովին և Իգբալա Ախունդովին:
Իրանում ապրող Ախունդզադեն, ըստ այս «վարկածի», հավաքագրել է նաև Բաքվի բնակիչ Անար Իսաևին, որին զենք և մեծ գումար է խոստացել:
Ադրբեջանցի իրավապահները պնդում են, թե ձերբակալվածները սոցիալական ցանցերում «ներկայացել են իբրև հավատացյալներ», նրանք նաև «թմրամիջոցներ են վաճառել»։
Վերջին ամիսներին Ադրբեջանի և Իրանի հարաբերությունները խիստ սրված են: Թեհրանն ու Բաքուն փոխադարձ սպառնալիքներ են հնչեցնում, պարբերաբար նաև «հատուկ օպերացիաներ» նախաձեռնում․ երբեմն դրանք ներկայացվում են որպես «հակաահաբեկչական»: Անցած ամիսների ընթացքում Ադրբեջանում մեծ թվով մարդիկ են ձերբակալվել, որոնք մեղադրվում են Իրանի աջակցությամբ երկրում արմատական կրոնական գաղափարներ քարոզելու և մի շարք այլ «հանցագործությունների» մեջ։ Իրանամետ կրոնական կազմակերպությունների դեմ լայնածավալ արշավ է իրականացվում։
ընտանեկան դրդապատճառներն ու Իսրայելը
Վերջերս Ադրբեջանում զինված հարձակման էր ենթարկվել Միլլի Մեջլիսի իշխանամետ պատգամավոր Ֆազիլ Մուստաֆայը։ Տեղի ունեցածը Բաքուն անմիջապես «ահաբեկչություն» էր որակել։ Քննությունը նոր էր սկսվել, նույնիսկ ձերբակալվածներ չկային, բայց Ադրբեջանի իշխանական պատգամավորները արդեն հայտարարում էին, որ հարձակման հետևում Իրանն է կանգնած։
Պատգամավորի նկատմամաբ հարձակումն անմիջապես կապվեց Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացման հետ․ Թեհրանը, ի թիվս այլի, խստորեն դատապարտում է Իսրայելի հետ մերձենալու և Իրանի դեմ դաշինք կազմելու Բաքվի քաղաքականությունը:
Տե՛ս «Իրան». Բաքվում շտապում են «բացահայտել» պատգամավորի վրա հարձակումը
Մինչ այդ հարձակման էր ենթարկվել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատունը։ Չնայած իրանական կողմը հայտարարվել էր, որ զինված անձը ընտանեկան դրդապատճառներով է առաջնորդվել, Բաքուն տեղի ունեցածը քաղաքական ահաբեկչություն էր որակել և շտապել տարհանել իր բոլոր դիվանագետներին՝ դադարեցնելով դեսպանատան աշխատանքը։
Դեսպանատան վրա հարձակման հետևանքով սպանված անվտանգության աշխատակցի հուղարկավորությունը Բաքվում վերածվեց Իրանի դեմ մի նոր արշավի, որի կենտրոնական թեմաներից էր այսպես կոչված «Հարավային Ադրբեջանը»՝ Իրանի թյուրքախոս նախահանգները։
Քաղաքական լարվածության ֆոնին Բաքուն ազդարարեց «իրանական գործակալական ցանցի դեմ իրականացված հերթական հատուկ գործողության» մասին։
Տե՛ս Թեհրան-Բաքու առճակատումը թեժանում է. կալանավորումներ, հուղարկավորություն
«ճնշված» իրանցիները ու մի քիչ Զանգեզուր
2022-ից Ադրբեջանի և Իրանի հարաբերությունները կտրուկ լարվել են։
Անցյալ տարվա աշնանը Ադրբեջանի հատուկ ծառայությունները կրկին հայտարարեցին, թե զինված ցանց են բացահայտել, որի անդամները հավաքագրվել են իրանական հատուկ ծառայությունների կողմից և ռազմական պատրաստություն անցել Սիրիայում։
Օրեր անց Իրանի տեղեկատվության և հետախուզման նախարարությունը հաղորդեց, թե Շահ Չերաղ մզկիթում ահաբեկչական գրոհը համակարգել է Ադրբեջանի քաղաքացին։
տե՛ս Բաքուն ու Թեհրանը շարունակում են բացահայտել միմյանց «ահաբեկիչներին»
Ավելի ուշ կողմերը միմյանց դեսպաններին կանչեցին արտգործնախարարություններ և փոխադարձաբար բողոքի նոտաներ հղեցին՝ պահանջելով, մի դեպքում, դադարեցնել հակաիրանական, մյուս դեպքում՝ հակաադրբեջանական քարոզը։
Հոկտեմբերին Իրանը հյուպատոսություն բացեց Հայաստանի Սյունիքի մարզում՝ Կապանում, և զորավարժություններ սկսեց Ադրբեջանի հետ սահմանին։ Նոյեմբերին պատասխան զորավարժություններ կազմակերպեց նաև Ադրբեջանը՝ արդեն Իրանի հետ սահմանին։
տե՛ս Երեխաներն ու Հայաստանի արտաքին քաղաքականությունը
Դիվանագիտական, ռազմական և ոստիկանական այս միջոցառումներին զուգահեռ՝ շաբաթներ տևող փոխադարձ մեղադրանքների ֆոնին, ադրբեջանական մամուլը, այդ թվում՝ պետական, գրում էր Իրանի թյուրքախոս նահանգների (խոսքը Իրանի հյուսիս-արևմտյան շրջանների և առավելապես՝ Արևելյան Ադրբեջան նահանգի մասին է) բնակչության «ճնշվածության» մասին։ Իրանի ադրբեջանցիների մասին էին խոսում նաև բարձրաստիճան պաշտոնյաները։ Հեռուստատեսությամբ հնչում էին անջատողական կոչեր։
տե՛ս Իրանի հետ վեճը հասավ «Հարավային Ադրբեջան»
Իրանը, մինչ այդ, Բաքվին մեղադրում էր իր սահմաններին «սիոնիստական ռեժիմի ներկայացուցիչներ» և սիրիացի զինյալներ տեղակայելու մեջ, քննադատում Իսրայել-Ադրբեջան մերձեցումը և կտրուկ ընդդիմանում «Զանգեզուրյան միջանցքի» ադրբեջանական պահանջներին։