Home / Հայաստան / «Իրան». Բաքվում շտապում են «բացահայտել» պատգամավորի վրա հարձակումը

«Իրան». Բաքվում շտապում են «բացահայտել» պատգամավորի վրա հարձակումը

Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆայի նկատմամբ զինված հարձակումը Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը ահաբեկչություն է որակել։ Չնայած հարձակման մոտիվները դեռևս պարզ չեն, իշխանական պատգամավորներն այն փորձում են կապել «արտաքին ուժերի»՝ Իրանի հետ։

Մարտի 28-ին՝ ժամը 21:51-ին, պատգամավոր Ֆազիլ Մուստաֆայի առանձնատան դիմաց «Կալաշնիկով» ինքնաձիգով ահաբեկչություն է իրականացվել՝ հայտարարել է Պետական անվտանգության ծառայությունը։ Հարձակման արդյունքում պատգամավորը հրազենային վնասվածքներ է ստացել աջ ուսի և աջ ազդրի ստորին հատվածում։ Նա ստանում է անհրաժեշտ բուժօգնություն, վիճակը գնահատվում է կայուն։ Պատգամավորի կյանքին վտանգ չի սպառնում։

Ադրբեջանի Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ Մուստաֆայի տան դիմաց անհայտ անձը հրակահերթ է բացել։ Պատգամավորը վիրավորվել է։ Շտապօգնության մեքենայով նրան տեղափոխել են հիվանդանոց։ Վիրահատությունից հետո Մուստաֆայի վիճակը գնահատվում է կայուն, նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ պատգամավորին տեղափոխել են հատուկ հոսպիտալ։

Մուստաֆան Ադրբեջանի իշխանություններին լոյալ «Մեծ ստեղծագործություն» կուսակցության միակ պատգամավորն է։ Չնայած իշխանական խմբակցության անդամ չէ՝ համարվում է պրոիշխանական քաղաքական գործիչ։

Թե ով է կրակողը՝ պարզ չէ։ Ձերբակալվածների կամ կասկածյալների մասին ոչինչ չի հաղորդվել։

«Ներկայումս իրականացվում է անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների համալիր՝ ուղղված ահաբեկչությունը կատարած անձին և հանցագործությունում ներգրավված այլ անձանց հայտնաբերելուն և պատասխանատվության ենթարկելուն», – հայտարարել է երկրի ՊԱԾ-ն։

Չնայած հարձակման մոտիվների մասին պաշտոնական տեղեկություն չկա, իշխող «Յենի Ադրբեջան» կուսակցության ներկայացուցիչները շտապում են հայտարարել՝ «ահաբեկչության հետևում արտաքին ուժեր են կանգնած, նպատակն է՝ խաթարել կայունությունը»։

«Թուրան» գործակալության հետ զրույցում իշխող խմբակցության պատգամավոր Մաշհուր Մամեդովը տեղի ունեցածը կապել է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման հետ (որից հետո Բաքուն կասեցրել է դիվանագիտական գործունեությունը Իրանում)՝ «ուշադրություն հրավիրելով» այն փաստի վրա, որ «ահաբեկչությունը» համընկել է Ադրբեջանի անվտանգության ծառայության աշխատողի օրվա, Ադրբեջանի ՆԳՆ ղեկավարի իսրայելյան այցի և Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացման հետ։

Ադրբեջանի և Իրանի հարաբերությունները վերջին շրջանում գերլարված են։ Բաքուն և Թեհրանը պարբերաբար հայտարարում են միմյանց «ահաբեկիչներին» բացահայտելու և տարատեսակ «հատուկ օպերացիաների» մասին, որոնք ուղղեկցվում են փոխադարձ մեդիա-արշավներով։

տե՛ս

Բաքուն ու Թեհրանը շարունակում են բացահայտել միմյանց «ահաբեկիչներին» 

Իրանի հետ վեճը հասավ «Հարավային Ադրբեջան»

Թեհրան-Բաքու առճակատումը թեժանում է. կալանավորումներ, հուղարկավորություն