Կիևի Օբոլոնի և Սվյատոշինի շրջաններում գիշերը պայթյուններ են տեղի ունեցել, հայտնել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն իր տելեգրամյան ալիքում։ «Տուժողներ չկան»՝ ավելի ուշ հավելել է նա։
Ռուսական զորքերը գրեթե հասել են Բախմուտի կենտրոն, հայտնում է Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը (ISW)։ Ռուսական ուժերը այս քաղաքը արդեն 7 ամիս է փորձում են գրավել՝ հուսալով, որ դա կարող է հանգեցնել Դոնբասի երկու կարևոր քաղաքների՝ Սլավյանսկի և Կրամատորսկի անկմանը, որոնք դեռևս գտնվում են Ուկրաինայի վերահսկողության տակ:
Մեկ շաբաթ առաջ Հաագայի միջազգային քրեական դատարանը Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել՝ պաշտոնապես հայտարարելով նրան կասկածյալ Ուկրաինայում ռազմական հանցագործությունների մեջ։ Այսպիսով, եթե նա հայտնվի Հռոմի ստատուտին միացած 123 երկրներից որևէ մեկում, ապա պետք է ձերբակալվի։
Պատերազմի քարտեզը
Ռուսաստանի գլխավոր նպատակը, ըստ Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի (ISW), շարունակում է մնալ Դոնեցկի և Լուգանսկի մարզերի գրավումը, ինչը հնարավորություն կտա ձգվել դեպի արևելյան Խարկովի մարզ։
Ռուսական զերքերը մարտի 26-ին ու 27-ին շարունակել են ցամաքային հարձակումը Կուպյանսկ-Սվատովո-Կրեմենայա գծի երկայնքով և նախօրեին հաջողություններ գրանցել՝ առաջանալով Սվատովոյից 12 կմ դեպի արևմուտք։ Այս մասին հայտնում է ISW-ն իր մարտի 27-ի զեկույցում։
Ուկրաինայի Արևելյան ուժերի խոսնակը մարտի 26-ին հաղորդել է, որ ռուսական ուժերը հրետանային հարվածներ են հասցնում ամենաշատը Կուպյանսկ-Լիման գծի ողջ երկայնքով, և որ վերջին օրվա ընթացքում այս գծում 10 մարտական բախում է տեղի ունեցել։
Հիշեցնենք՝ Ուկրաինական բանակը 2022 թվականի հոկտեմբերի 22-ին ազատագրել էր Լիման քաղաքը՝ կարևոր տրանսպորտային հանգույց Դոնեցկի մարզում, որը օկուպացվել էր մայիսի վերջին։
Ռուսական ուժերը, ըստ ISW-ի, մարտի 26-ին առաջխաղացում են գրանցել Բախմուտում՝ ընդարձակվելով դեպի քաղաքի հյուսիս-արևմտյան տարածքներ։
Ռուսական պետական Риа Новости լրատվամիջոցը մարտի 26-ին կադրեր էր հրապարակել, որոնք հաստատում են, որ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության վարձկանները առաջ են շարժվել դեպի Բախմուտի հյուսիսում գտնվող AZOM համալիր։ Իսկ մարտի 27-ին հրապարակված լուսանկարներում երևում է, ինչպես է «Վագների» հիմնադիր Եվգենի Պրիգոժինի այցելում Բախմուտի կենտրոնում գտնվող թիվ 5 դպրոց։
Ուկրաինայի Արևելյան ուժերի խոսնակը մարտի 26-ին հայտարարել է, որ ռուսական հարձակումների թիվը Բախմուտի վրա գնալով նվազում է և ենթադրել, որ ռուսական ուժերը այդ տարածքում կարող են «մանևրել ռեզերվներով»։
Դոնեցկի մարզի մյուս առաջնագծերից է Ավդեևկա քաղաքը։ Ուկրաինայի Գլխավոր շտաբը մարտի 26-ին և 27-ին հայտնել է, որ ռուսական ուժերը անհաջող հարձակողական գործողություններ են իրականացրել քաղաքի շրջակայքում։
Այնուամենայնիվ, ռուսական աղբյուրները պնդում են, որ առաջխաղացում են ունեցել Ավդեևկայի մոտակայքում գտնվող տարածքներում։ Մասնավորապես՝ մարտի 26-ին հրապարակած աշխարհագրական կադրերը ցույց են տալիս, որ ռուսական ուժերը առաջ են շարժվել Նովոմիխայլովկայի հյուսիս՝ Ավդեևկայից մոտ 10 կմ հարավ։
«Ռուսական ռազմական ղեկավարությունը վերջին շաբաթներին կարող էր որոշել «Վագների» որոշ ստորաբաժանումներ ուղարկել Ավդեևկայի շրջան՝ աջակցելու Դոնեցկի հյուծված և ցածրորակ ստորաբաժանումներին, որոնք փորձում են գրավել բնակավայրը», – գրում է ISW-ը․ «Եթե «Վագների» այդպիսի վարձկաններ են իրոք կռվում Ավդեևկայում, դա կարող է բացատրել [Ռուսաստանի] սահմանափակ մարտավարական հաջողություններն այս տարածքում վերջին շաբաթվա ընթացքում»։
ISW-ի գնահատմամբ՝ մոտակա ժամանակներում Ռուսաստանի կամ Բելառուսի հարձակումը Հյուսիսային Ուկրաինայի վրա անհավանական է։
Ուկրաինայի սահմանապահ ծառայության խոսնակը մարտի 27-ին հայտարարել է, որ Բելառուսում ռուսական ուժերի թիվը նվազել է մինչև 4000-ի։ Խոսնակը նաև հավելել է, որ ռուսական հրամանատարությունը մասնակիորեն Ուկրաինայի արևելք է տեղափոխել նախկինում Բելառուսում զորավարժությունների մասնակցած ստորաբաժանումները։
Օրենքով իզգոյ
Մեկ շաբաթ առաջ Հաագայի միջազգային քրեական դատարանը Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել՝ պաշտոնապես նրան կասկածյալ հայտարարելով ռազմական հանցագործությունների, մասնավորապես, Ուկրաինայի օկուպացված տարածքներից երեխաների բռնի տեղահանման մեջ։
Հիշեցնենք՝ Միջազգային քրեական դատարանը ստեղծվել է Հռոմի ստատուտ կոչվող համաձայնագրի հիման վրա, որին անդամակցում է 123 պետություն։ Տարածաշրջանում այս ստատուտը վավերացրել է միայն Վրաստանը, իսկ Հայաստանը (դեռ վավերացման փուլում է), Ադրբեջանը և գերտերություններից՝ Ռուսաստանը, Միացյալ Նահանգներն ու Չինաստանը չեն վավերացրել։
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը քրեական դատարանի որոշումը համարել է «շատ կարևոր իրադարձություն, գործոն, որը փոխում է խաղը»։
Ինչպե՞ս են այն երկրները, որոնք միացել են Հռոմի ստատուտին, կառուցելու հարաբերություններ Ռուսաստանի հետ։ Եվ ընդհանրապես ի՞նչ է փոխում Միջազգային քրեական դատարանի որոշումը։
«Կարծում եմ՝ սա առաջին հերթին բարդացնում է Պուտինի դիրքերը՝ մոտ ապագայում պատերազմը դադարեցնելու համար, որպեսզի կարողանա ուժերը վերականգնել և նոր թափով հարձակում սկսել Ուկրաինայի վրա։
Եվրոպական երկրները և բոլոր այն 123 երկրները, որոնք Հռոմի ստատուտի անդամ են, փաստացի, արդեն այս որոշման շնորհիվ չեն կարողանա և չեն ունենա պաշտոնական հարաբերություններ [Մոսկվայի հետ]. նկատի ունեմ բանակցությունները և, իհարկե, Պուտինի այցերը այս երկրները՝ կմնան անցյալում։
Վերջերս ԲՐԻԿՍ-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, ՀԱՀ երկրներից բաղկացած միություն – խմբ․) անդամ Հարավաֆրիկյան Հանրապետության ներկայացուցիչն ասաց, որ իրենք ուշադրություն են հրավիրել և հաշվի են առնում այս որոշումը և կգործեն համապատասխան կերպով։ Հայտարարությունը կապված էր ամռանը նախատեսված ԲՐԻԿՍ երկրների գագաթնաժողովի հետ։ Նմանտեսակ հայտարարություն է արել նաև Բրազիլիայի արտգործնախարարը։
Այսպիսով, Պուտինը արդեն միանշանակ օրինական ձևով հանդիսանում է առաջին հերթին՝ հետախուզման մեջ գտնվող նախագահ և իր երկրի ղեկավար, իսկ երկրորդ հերթին՝ նա պարզապես իզգոյ է՝ մեկուսացված մնացած աշխարհից, քաղաքակիրթ հասարակությունից», – Эхо Кавказа լրատվամիջոցի հետ զրույցում ասել է Ռոնդելի հետազոտական հիմնադրամի ավագ վերլուծաբան Ալեքսի Պետրիաշվիլին։
Վերլուծաբանը հիշեցնում է, որ միջազգային քրեական դատարանի որոշումը կայացվել է Չինաստանի նախագահի Մոսկվա կատարած այցից ընդամենը մի քանի ժամ առաջ և իր կարծիքով՝ դա էր պատճառը, որ չինական կողմը չի կարողացել չեղարկել այցը։
«Կարծում եմ՝ Չինաստանը կարող է, և հավանաբար, քաղել է այդ ամենից օգուտ, եթե դատենք այն ամենից, ինչ հայտնի է․ նրանք պայմանավորվել են ավելացնել ռուսական նավթի, գազի և հեղուկ բնական գազի ներկրումը։
Բայց, իհարկե, Չինաստանը շատ է գնահատում իր միջազգային հեղինակությունը, և բոլորովին վերջերս Չինաստանի միջնորդությամբ համաձայնագիր ձեռք բերվեց Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև», – ընդգծել է Պետրիաշվիլին։
Վերլուծաբանի կարծիքով՝ Ռուսաստանի քաղաքական, չեկիստական ու բիզնես էլիտաների համար Պուտինը «թունավոր է» և լինելու է այդպիսին, քանի դեռ իշխանության է։ Մասնավորապես՝ արևմտյան երկրներում բիզնեսներ ունեցող օլիգարխների համար, ովքեր արդեն պատժամիջոցների տակ են, Պուտինի հետ գործ ունենալը կարող է մեծ խնդիր դառնալ։
«Այսպիսով, Պուտինը թունավոր է ինչպես իր երկրից դուրս, այնպես էլ իր պետության ներսում: Եվ սա դեռ սկիզբն է․․․», – ասել է Պետրիաշվիլին։