Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Սի Ցզինպինը ժամանել է Մոսկվա՝ առաջին անգամ 2019 թվականից ի վեր և Ուկրաինայի պատերազմից հետո։ Չինաստանի առաջնորդի այցը կտևի երեք օր։ Ռուսաստանի նախագահի հետ բանակցությունների կարևոր թեմաներից մեկն Ուկրաինան է։
Բանակցությունները սկսվելու են երեքշբաթի օրը։ Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի ոչ ֆորմալ, բայց «ուղիղ և շատ կարևոր շփումները» նախատեսված են այսօր՝ հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Չինական «Ժենմին ժիբաո» թերթում նախօրեին լույս է տեսել Ռուսաստանի նախագահի հեղինակած հոդվածը, զուգահեռաբար «Ռոսիյսկայա գազետան» հրապարակել է Սի Ցզինպինի հոդվածը։ Առաջնորդները գրում են Մոսկվայի և Պեկինի լայն համագործակցության և ռուս-ուկրաինական պատերազմի մասին։
«Ռացիոնալ ելք ուկրաինական ճգնաժամից»
«Անցյալ տարվա սկզբից մենք ուկրաիանական ճգնաժամի տոտալ սրացման ականատեսն ենք լինում», – փաստում է ՉԺՀ-ի ղեկավարը և հիշեցնում՝ ավելի վաղ Պեկինը հրապարակել է խաղաղ կարգավորման իր առաջարկները։
Ի թիվս այլի՝ Սին կոչ է անում «հարգել բոլոր երկրների հիմնավոր անվտանգային մտահոգությունները»․ ընդհանրական այս ձևակերպումը արևմտյան մամուլում ներկայացվում է որպես Մոսկվայի այն փաստարկի հաստատում, ըստ որի՝ պատերազմն ընդդեմ Ուկրաինայի պատասխան է ռուսական սահմանների անվտանգության հետ կապված հիմնավոր մտահոգությունների անտեսման։
Պուտինը՝ երախտագիտություն հայտնելով «Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների» կոնտեքստում Պեկինի «հավասարակշռված գծի» և պատերազմի «նախապատմության և իրական պատճառների» գիտակցման համար, իր հոդվածում պնդում է, որ Ռուսաստանը պատրաստ է «ուկրաինական ճգնաժամի քաղաքական-դիվանագիտական կարգավորմանը»։
Բանակցությունների և առաջընթացի բացակայության համար Ռուսաստանի առաջնորդը մեղադրում է Արևմուտքին․ «Ցավոք սրտի, Ռուսաստանին ուղղված վերջնագրերը խոսում են իրականությունից կտրվածության և ստեղծված իրավիճակից ելքեր փնտրելու շահագրգռվածության բացակայության մասին»։
«Կարևորը՝ պատերազմը կոլապսի չենթարկի Ռուսաստանում գործող ռեժիմը»
Սի Ցզինպինին Մոսկվա է հրավիրել անձամբ Վլադիմիր Պուտինը՝ անցյալ տարվա առցանց բանակցությունների ժամանակ։ Չինաստանի՝ վերջերս վերընտրված առաջնորդի մոսկովյան այցի մասին հայտնի է դարձել անցյալ ուրբաթ։ Պաշտոնական անոնսների մեջ Ուկրաինայի մասին խոսք չկար։
«Կարծում եմ՝ բանակցությունների օրակարգի մասին մենք շատ բան չգիտենք։ Նախևառաջ խոսքը ռազմական բաղադրիչի՝ հնարավոր գործարքների կնքման մասին է», – ԲիԲիՍիի հետ զրույցում նշել է Կարնեգիի հիմնադրամի ավագ գիտաշխատող Ալեքսանդր Գաբուևը։
Նրա կարծիքով՝ երկու երկրների առաջնորդները, ի թիվս շատ այլ բաների, խոսելու են ռուսական տեխնիկայի և տեխնոլոգիական լուծումների՝ Չինաստան արտահանման մասին։ «Այս մասին մենք կիմանանք որոշակի ուշացումով։ Պարզ չէ նաև՝ կլինեն արդյոք չինական ռազմամթերքի, առաջին հերթին՝ արկերի և սպառվող այլ ապրանքների մատակարարումներ։ Դեռևս առաջնագծում դրա մեծ պահանջարկ էլ չկա»։
Փետրվարից ի վեր Արևմուտքը, որ ռուս-ուկրաինական պատերազմում ռազմական աջակցություն է տրամադրում Կիևին, մեղադրում է Չինաստանին՝ Մոսկվային զինամթերք մատակարարելու և նոր մատակարարումներ նախատապատրաստելու մեջ։ Պեկինն ի պատասխան շեշտում է՝ ռուս-չինական համագործակցությունը հիմնվում է երրորդ երկրներին չվնասելու սկզբունքի վրա, և կոչ անում Վաշինգտոնին չխառնվել երկու երկրների հարաբերությունների մեջ։
«Մեծ հաշվով՝ Չինաստանին մեկ է, որտեղ է անցնում առաջնագիծը՝ 100 կմ դեպի արևմուտք, թե 100 կմ դեպի արևելք, կոնկրետ ում դրոշն է ծածանվում Բախմուտի վրա և այլն։ Նրանց համար կարևոր է, որ պատերազմը կոլապսի չենթարկի Ռուսաստանում գործող ռեժիմը և չհանգեցնի նոր՝ դեմոկրատական, արևմտամետ կառավարության հաստատմանը, – ենթադրում է Կարնեգիի փորձագետը․ – Քանի որ իրադարձությունների նման զարգացումը դեռևս քիչ հավանական է, կտրուկ գործողություններ անելու իմաստ Պեկինի համար չկա»։
Պեկինի առաջարկած «Խաղաղության պլանը», ըստ Գաբուևի, «թզենու տերև» էր, որը թույլ է տալիս այցելել Մոսկվա, խորացնել Ռուսաստանի հետ համագործակցությունը՝ միևնույն ժամանակ հանդես գալով հաշտեցման դիրքերից։
«Չինաստանը շատ ավելի մեծ հնարավորություններ ունի, – վստահ է քաղաքագետը․ – Ռուս-չինական հարաբերություններում որոշակի ասիմետրիա է եղել նաև պատերազմից առաջ, պատերազմից հետո Չինաստանի դիրքերն այս զույգում էլ ավելի ամուր են։ Ռուսաստանի և Արևմուտքի աշխարհատնտեսական դիմակայության և Ուկրաինայում պատերազմի ամեն հաջորդ ամիսն ավելի է ամրապնդում Պեկինի «բանակցային լծակները»»։
Մոսկվայում ընթացող բանակցություններում, ըստ նրա, համաձայնեցվելու է տնտեսական գործարքների մի նոր փաթեթ․ «Մենք չգիտենք, թե այդ գործարքներից որոնք են հանրայնացվելու, – հավելում է Գաբուևը․ – Դա կարող է լինել «Սիբիրի ուժ-2»-ը, Սկովորոդինո-Մոխէ նավթամուղի ընդլայնումը, խաղաղ ատոմը, ազգային փոխարժեքներով ապրանքնաշրջանառության ընդլայնումը և այլն, և այլն»։
Ռուսական գազի մատակարարման շուրջ բանակցությունները ցույց կտան, թե որքանով է Սի Ցզինպինը աջակցում Պուտինին՝ հավելում է Bloomberg գործակալությունը։ Ռուսաստանն ուզում է «Սիբիրի ուժ-2» գազամուղի վերաբերյալ նոր գործարք կնքել։ Պետք է հիշել նաև, որ ռուսական էներգակիրների արտահանումը դեպի Չինաստան 2022-ին կտրուկ աճել է։
«Ռուսաստանը՝ որպես գազի խոշորագույն արտահանող, անցյալ տարի կորցրել է հասանելիությունը դեպի Եվրոպայի իր առանցքային շուկաների մեծ մասը։ Բնականաբար, այն ձգտում է մեծացնել մատակարարումները դեպի Չինաստան։ Եվ այդ ձգտումը նոր խողովակաշարեր է պահանջում», – նշում է Bloomberg-ը։
Չինական խաղաղություն
Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման տարելիցին Պեկինը հանրայնացրել էր ուկրաինական ճգնաժամի կարգավորման իր պլանը։ Փաստաթուղթը բաղկացած է 12 կետից, հիմնականում՝ ընդհանրական սկզբունքներ և կոչեր։
Ի թիվս այլի, առաջարկվում է դադարեցնել կրակը («Պատերազմում հաղթողներ չկան», պետք չէ «կրակի վրա յուղ լցնել»), վերականգնել ուղիղ երկխոսությունը, հարգել երկրների ինքնիշխանությունը, հրաժարվել ռազմական դաշինքների ընդլայնումից և միակողմանի պատժամիջոցներից։
Խոսվում էր նաև ավելի մասնավոր խնդիրներից՝ ապահովել ատոմակայանների անվտանգությունը, երաշխավորել ցորենի արտահանումը, ապահովել արտադրության և մատակարման շղթաների ստաբիլությունը, և առավել ընդհանրական հարցերից՝ «հրաժարվել սառը պատերազմի մենթալիտետից» և այլն։
Արևմտյան երկրներն այս պլանը մեկնաբանեցին որպես Կրեմլի դիրքորոշմանը աջակցելու հակվածություն։ «Նրանք կարող էին կանգ առնել առաջին կետի վրա, այն է՝ հարգանք բոլոր ազգերի ինքնիշխանության նկատմամբ», – Պեկինի հրապարակած փաստաթուղթը անմիջապես մեկնաբանեց Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։
Չնայած Պեկինը հայտարարում էր իր չեզոքության մասին, ամերիկյան և եվրոպական ԶԼՄ-ները պնդում էին, թե Չինաստանը պատրաստվում է ռազմական օգնություն ցուցաբերել Ռուսաստանին։ Գերմանական Spiegel-ը գրում էր, որ Ռուսաստանն ու Չինաստանը համաձայնեցնում են չինական հարվածային ԱԹՍ-ների մատակարարման հարցը և որ արդեն գալիք ապրիլին Պեկինը պատրաստվում է 100 կամիկաձե դրոններ տրամադրել Մոսկվային։
Ամերիկյան մամուլն էլ հաղորդում էր, թե Բայդենի վարչակազմը դիտարկում է հետախուզական տվյալների հրապարակման նպատակահարմարությունը, ըստ որոնց՝ Պեկինը ծանրութեթև է անում Ռուսաստանին զենք մատակարարելու հարցը։ Տեղեկությունը հաստատում էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու ԱՄՆ պետքարտուղարը։
Պաշտոնական Պեկինն այս մեղադրանքները հետևողականերոն հերքում է։
«Խաղաղության պլանի» հրապարակումից անմիջապես հետո Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը հայտարարել էր․ «Չինաստանը միշտ խոհեմ ու պատասխանատու է վերաբերվել զենքի արտահանմանը և որևէ զենքի վաճառք չի իրականացնում հակամարտող տարածաշրջաններում կամ պատերազմող կողմերին։ Այն ամենը, ինչ արել է Չինաստանը, կարելի է ամփոփել մեկ նախադասությամբ՝ խթանել խաղաղությունը և երկխոսությունը»։
Ցզինպինն ու Զելենսկին գուցե բանակցեն
Ամերիկյան The Wall Street Journal գրում է, որ Սի Ցզինպինը նախատեսում է խոսել նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ՝ առաջին անգամ ռուսական ներխուժումից ի վեր։ Թերթի տվյալներով, բանակցությունները կարող են տեղի ունենալ Մոսկովյան այցից հետո՝ տեսակապի ձևաչափով։
Չինաստանի առաջնորդի հետ հանդիպում կազմակերպելու՝ Կիևի փորձերին Պեկինը դեռևս չի արձագանքել։ Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Դմիտրի Կուլեբան ավելի վաղ հայտարարել էր, որ Զելենսկին պատրաստ է նաև հեռախոսային բանակցությունների։
Պատերազմի ողջ ընթացքում Ուկրաինայի և Չինաստանի առաջնորդների միջև ուղիղ շփումներ չեն եղել։ Մյունխենյան գագաթնաժողովի շրջանակներում մեկ անգամ հանդիպել են Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարն ու Չինաստանի Կոմկուսի Կենտրոնական Կոմիտեի արտաքին գործերի հանձնաժողովի ղեկավարը՝ նախկին արտգործնախարար Վան Ին։ Նույն գագաթնաժողովին բանակցություններ են եղել նաև Վան Իի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջև։
Միևնույն ժամանակ՝ Վան Ին փետրվարի վերջին պաշտոնական այցով ժամանել է Մոսկվա, որտեղ բանակցություններ է վարել Ռուսաստանի ԱԽ քարտուղարի, իսկ ավելի ուշ՝ նաև Վլադիմիր Պուտինի հետ։
Չինաստանի և ԱՄՆ-ի միջև սրված հարաբերությունների կոնտեքստում Պեկինի չեզոքությունը հավաքական արևմուտքը մեկնաբանում է որպես պրոռուսական՝ շեշտելով նաև ռուս-չինական տնտեսական հարաբերությունների խորացումը։
«Անսահման գործընկերություն» Մոսկվայի և Պեկինի միջև
Չորեքշաբի օրը՝ մարտի 16-ին, Ուկրաինայի և Չինաստանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել։ Վերջինս հայտարարել է, որ Պեկինը մտահոգված է Ուկրաինայում պատերազմի խորացմամբ և ուզում է, որ Մոսկվան և Կիևը վերադառնան խաղաղ բանակցությունների։
2022-ի փետրվարին Չինաստանը և Ռուսաստանը հայտարարել են «անսահման» գործընկերության մասին՝ պատերազմի մեկնարկի հենց նախաշեմին։ Այս հայտարարությունը հնչել է Ռուսաստանի նախագահի՝ Չինաստան այցի ժամանակ (Օլիմպիական խաղերի օրերին)։
Անցյալ տարվա փետրվարից երկու երկրների միջև կապերն իրոք ամրացել է։ Էապես աճել է առևտրաշրջանառությունը, Չինաստանը դարձել է ռուսական նավթի խոշորագույն գնորդը։