Մոլդովայի վարչապետ Նատալյա Գավրիլիցան հրաժարական է ներկայացրել։ Երկրի օրենսդրության համաձայն՝ ամբողջ կառավարությունը այսպիսով հեռանում է։
Պատճառների մասին չի հաղորդվում։ Այնուամենայնիվ, Գավրիլիցան այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ վերջին մեկ ու կես տարիների ընթացքում իր կառավարությունը ղեկավարում էր երկիրը շարունակական ճգնաժամերի պայմաններում։
«Եթե տանը՝ Մոլդովայում, կառավարությունը նույնքան աջակցություն ունենար, որքան ԵՄ-ում, Բրյուսելում, մենք շատ ավելիին կհասնեինք», – ասել է Գավրիլիցան։
Հարկ է նշել՝ հրաժարականից ընդամենը մի քանի ժամ առաջ երկրի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ ռուսական հրթիռ է առավոտյան խախտել Մոլդովայի օդային տարածքը, իսկ Քիշնևում ՌԴ դեսպանը կանչվել էր արտգործնախարարություն։
Նախօրեին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Բրյուսելում իր ելույթի ժամանակ, հայտարարել է, որ իրենց հատուկ ծառայությունները բացահայտել են Ռուսաստանի՝ Մոլդովան ապակայունացնելու պլանները և փոխանցել իր ունեցած տեղեկությունները Մոլդովայի նախագահին։
Զելենսկիի խոսքերով՝ փաստաթղթերը ցույց են տալիս, թե «ով, երբ և ինչպես» է ծրագրում «ոչնչացնել Մոլդովայի ժողովրդավարությունը և վերահսկողություն հաստատել Մոլդովայի վրա»։
Անցյալ շաբաթ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ հակառուսական տրամադրությունների գլխավոր կենտրոնը Ուկրաինայից հետո դառնալու է Մոլդովան։ Լավրովը Մոլդովան անվանել էր «հաջորդ Ուկրաինա», ինչը Քիշնևում դիտվել էր որպես երկրի անվտանգությանը ուղղված սպառնալիք։
Անցյալ տարվա հունիսին Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի ֆոնին Մոլդովան (Ուկրաինայի հետ միասին) Եվրամիությունից ստացավ դաշինքին միանալու համար թեկնածու երկրի կարգավիճակ։
«ԵՄ-ին միանալու համար թեկնածու երկրի կարգավիճակի ձեռքբերումը ամենակարևորներից է: Մարդիկ արժանի են արժանապատիվ աշխատանքի, զարգացած ենթակառուցվածքի և ապահով ապագայի: Ուզում եմ, որ մենք մնանք միասնական և համերաշխ մի երկրում, որով կարելի է հպարտանալ, հզոր տնտեսությամբ եվրոպական երկրում, որտեղ հարգվում են յուրաքանչյուր քաղաքացու իրավունքներն ու ազատությունները», – այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է Գավրիլիցան։
Նախկին վարչապետի խոսքերով՝ այս պահին Մոլդովան թևակոխում է զարգացման նոր փուլ, որտեղ առաջնահերթությունը՝ անվտանգությունն է։
Երկրի նախագահ Մայա Սանդուն ընդունել է Գավրիլիցայի որոշումը և ասել, որ խորհրդակցելու է պարլամենտական խմբակցությունների հետ՝ նոր վարչապետի թեկնածու առաջադրելու համար:
«Շատ շնորհակալ եմ, Նատալյա: Չնայած աննախադեպ դժվարություններին, երկիրը ղեկավարվում էր պատասխանատվությամբ, մեծ խնամքով և նվիրվածությամբ: Մենք ունենք կայունություն, խաղաղություն և զարգացում, այնտեղ, որտեղ մյուսները ցանկանում էին պատերազմ և սնանկություն», – ասել է Սանդուն:
Նատալյա Գավրիլիցան վարչապետի պաշտոնը զբաղեցնում էր 2021 թվականի օգոստոսից, իսկ մինչ այդ գլխավորում էր Մոլդովայի ֆինանսների նախարարությունը։
Մոլդովայի արևմտամետ կառավարության 18-ամսյա իշխանությունը նշանավորվեց տնտեսական ցնցումներով և հարևան Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի հետևանքներով։ Էներգակիրների գները շարունակում են աճել մոլդովացիների միջին խավի եկամուտներին անհամաչափ։ Սննդամթերքն ու դեղորայքը թանկանում են։
Անցյալ տարվա սեպտեմբերից մինչև ձմեռվա սկիզբ Քիշնևի կենտրոնում ամեն կիրակի հակակառավարական ցույցեր էին տեղի ունենում։ Ցույցերի կազմակերպիչ, ընդդիմադիր քաղաքական գործիչ և փախուստի մեջ գտնվող մեդիամագնատ Իլան Շորը կառավարության հրաժարականը համարում է իր գործունեության արդյունքը։
«Պետք է ոչ միայն հրաժարական լինի, այլև՝ ազատազրկում։ Եվ դա անպայման լինելու է։ Ներկայիս կառավարության ազատազրկում՝ Սահմանադրության, օրենքի, քաղաքացիների իրավուքների ու ազատությունների վերջնական խախտման համար», – այսօր հայտարարել է Շորը։
Ընդդիմադիրը այժմ թաքնվում է Իսրայելում՝ Մոլդովայում հարուցված քրեական հետապնդումից, ըստ որի նա մեղադրվում է երկրի բյուջեից միլիարդավոր դոլարներ հափշտակելու մեջ։