Home / ուկրաինայից / Անօդաչուներ՝ Ռուսաստանի երկնքում

Անօդաչուներ՝ Ռուսաստանի երկնքում

Կրասնոդարի Տուապսե քաղաքի նավթային պահեստում հրդեհ է բռնկվել։ Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ նավթային պահեստի վրա են հարձակվել անօդաչու թռչող սարքերը։ Նմանատիպ հաղորդագրություններ են հայտնվել նաև նախորդող գիշերը՝ Ռուսաստանի մի քանի այլ շրջաններից։

Ինդուստրիալնայա փողոցի վրա հրդեհի մասին ահազանգը, ըստ քաղաքային վարչակազմի, ստացվել է գիշերը՝ մոտավորապես ժամը 2-ին։ Հրդեհն ընդգրկել է 200 քառակուսի մետր տարածք, ժամը 3-ին այն մարվել է։ Այն բռնկվել է, ենթադրաբար, տնտեսական շենքում և ոչ մի լուրջ հետևանքների չի հանգեցրել։

Ինդուստրիալնայա փողոցում է գտնվում «Ռոսնեֆտ» ընկերության նավթավերամշակման գործարանը։ Տելեգրամյան Astra և Baza ալիքները, վկայակոչելով տեղի բնակիչների հաղորդագրությունները, գրում են, որ նավթի պահեստի տարածքում երկու պայթյուն է որոտացել՝ մի քանի վայրկյան տարբերությամբ։

Տուապսեի նավթային պահեստի մոտ անօդաչու թռչող սարք է նկատվել, իր հերթին, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով արտակարգ իրավիճակների ծառայությանը։

Տելեգրամյան ալիքները, այդ թվում՝ Astra-ն և Baza-ն, հղում անելով սեփական աղբյուրներին, պնդում են, որ երկու անօդաչու թռչող սարքեր փորձել են գրոհել նավթի պահեստի տարածքը, սակայն պայթել են «նավթի պահեստից հարյուր մետր հեռավորության վրա»՝ վնասելով կաթսայատան շենքը։

Տեղի իշխանությունները և «Ռոսնեֆտը» դեռ չեն մեկնաբանում նավթաբազայի վրա անօդաչու թռչող սարքի ենթադրյալ հարձակման մասին տեղեկությունները: Թե ինչից կարող էր բռնկվել հրդեհը՝ չի հաղորդվում։

Բելգորոդ, Ադըղեա, Բրյանսկի մարզ

Բելգորոդում հայտնաբերվել են երեք անօդաչու թռչող սարքերի բեկորներ, երեքշաբթի գիշերը հաղորդել են տեղի իշխանությունները։

«Զոհեր չկան, բայց կան ավերածություններ. ինչ-որ տեղ կոտրված են ապակիները, ինչ-որ տեղ էլ թեթևակի վնասված են մեքենաները», – ասել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։ Անօդաչուներից մեկը բնակարանի պատուհանի վրա է թռել, հայտնում է Բելգորոդի քաղաքապետ Վալենտին Դեմիդովը։

Բրյանսկի մարզի նահանգապետ Ալեքսանդր Բոգամազն այսօր առավոտյան, իր հերթին, հայտարարել է, որ Սուրաժսկի շրջանի երկնքում ուկրաինական անօդաչու թռչող սարք է խոցվել։ Զոհեր և ավերածություններ չկան՝ հավելել է նա։

Ադըղեայի ղեկավար Մուրատ Կումպիլովը հայտնել է, որ հանրապետությունում գիշերը ժամը մոտ երկուսին Նովի գյուղի մոտ պայթյուն է գրանցվել։ Կումպիլովի խոսքով՝ այնտեղ անհայտ թռչող սարք է կործանվել։ Փրկարարները վթարի վայրում հայտնաբերել են մոտ երկու մետր տրամագծով երկու փոս։

ԱԹՍ-ներ՝ Ռուսաստանի երկնքում

Անօդաչու թռչող սարքերի հայտնվելը Բելգորոդում, Բրյանսկի մարզում, Տուապսեում և Ադըղեայում, ինչպես նաև Սանկտ-Պետերբուրգում հնարավոր դրոնի մասին տեղեկությունները, վերջին շաբաթների գլխավոր իրադարձությունն է՝ կարծում է BBC-ի ռազմական գծով թղթակից Պավել Աքսենովը։ 

«Այս սարքերի պատկանելության մասին տվյալներ չկան, սակայն ամենատրամաբանականը նման իրավիճակում ենթադրելն է, որ դրա հետևում կարող են կանգնած լինել ուկրաինացի զինվորականները։ Դժվար է ասել, թե որն է եղել անօդաչու սարքերի թիրախը, դրանցից միայն մեկն է՝ Տուապսեում, պայթել «Ռոսնեֆտի» նավթավերամշակման գործարանի տարածքում։

Սրանք միանգամայն տարբեր միջադեպեր են։ Դատելով Ադըղեայում սարքի պայթյունի վայրում հայտնաբերված բեկորներից (կադրերը հայտնվել են տելգրամյան ալիքներում), այն  ունեցել է տուրբոռեակտիվ շարժիչ։ Տեսանյութը, որում ենթադրաբար ֆիքսվել է Տուապսեի նավթաբազայի վրա հարվածի պահը, նույնպես հայտնվել է համացանցում։ Դրա ձայնը, պատկերի համեմատ, ուշանում է, բայց եթե այն օրիգինալն է, և ոչ թե դրվել է հետո, ապա այդ պայթյունը նույնպես ստացվել է ռեակտիվ շարժիչով սարքի միջոցով, որի աղմուկը հստակ լսվում է տեսանյութում։

Նախկինում Ուկրաինայի Զինված ուժերը, Ռուսաստանի խորքում գտնվող օդանավակայանները հարվածելու համար, օգտագործել են հին խորհրդային Տու-141 «Ստրիժ» ռեակտիվ հետախուզական անօդաչու թռչող սարքեր, որոնք վերափոխվել են կամիկաձե գրոհային անօդաչուների։ Փաստորեն, վերադարձող սարքից թևավոր հրթիռ են դարձրել։

Դատելով Բելգորոդի մարզից եկող տեղեկություններից՝ այնտեղ օգտագործվել են ուրիշ դրոններ՝ ավելի թեթև, որոնք, ըստ նախնական տվյալների, չի հաջողվել հասնել թիրախին։

Մեկ այլ հանգամանք, որը կարող է կապված լինել անօդաչու թռչող սարքերի գիշերային հարձակման հետ՝ օդային հարձակման ահազանգի ձայները, որոնք հնչել են մի քանի շրջաններում, մասնավորապես՝ Վորոնեժի և Բելգորոդի մարզերում, ինչպես նաև Կրասնոդարի երկրամասում։

Դրանք հեռարձակվել են տեղի ռադիոկայաններով և հեռուստաալիքներով։ Շչակի ձայների ֆոնին՝ հաղորդում էին «հրթիռային հարվածի» մասին և հորդորում անհապաղ անցնել թաքստոցներ։ Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարել է, որ այդ ամենը հաքերների կողմից ահազանգման համակարգերի վրա հարձակման հետևանք է։ 

Այս ամենը միասին կարծես լավ ծրագրված օպերացիա լինի, որը ներառում է տարբեր դասերի անօդաչու թռչող սարքերի օգտագործում, հնարավոր է՝ կիբերհարձակմանը զուգահեռ։

Միևնույն ժամանակ, Տուապսեի և Ադըղեայի դեպքում, եթե անօդաչու սարքերը արձակվեին Ուկրաինայի զինված ուժերի կողմից վերահսկվող տարածքից, ապա դրանք պետք է թռչեին ավելի քան 400 կիլոմետր։

Այս դեպքում թռիչքի ուղին կանցներ առաջնագծի, ռուսական խմբավորումների թիկունքի, Ազովի ծովի ուկրաինական ու ռուսական ափերի, հենց ծովի և Կրասնոդարի երկրամասի վրայով։

Արդյունքում առնվազն մեկ անօդաչու թռչող սարք կարողացավ խոցել թիրախը, ընդ որում այն գտնվում է Տուապսե քաղաքում, որը շատ հեռու է Ուկրաինայում պատերազմի առաջնագծից։

Բացի այդ, թռչող անօդաչու սարքերը կարող էին օգնել բացահայտել հակաօդային պաշտպանության օբյեկտների գտնվելու վայրը և դրանց աշխատանքի ռեժիմը: Այս մասին տեղեկատվություն տեսականորեն կարելի էր ստանալ Սև ծովի վրա՝ հետախուզական ինքնաթիռի օգնությամբ։ Ռազմական օպերացիայից առաջին օրվանից այս տարածքում հաճախ հերթապահում են ՆԱՏՕ երկրների օդաչուով կամ անօդաչու հետախուզական ինքնաթիռները», – գրում է Աքսենովը։