Home / Շուկա / Հարավից եկող նոր ճանապարհը կկառուցի միջանցքին դեմ Իրանը

Հարավից եկող նոր ճանապարհը կկառուցի միջանցքին դեմ Իրանը

բեռնափոխադրումները կէժանացնեն

Երևանն ու Թեհրանը պայմանավորվել են երկուստեք զրոյացնել բեռնատարներից գանձվող ճանապարհային վճարները։

Քաղաքական պայմանավորվածության մասին երեկ հայտարարել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ու Երևան ժամանած Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշը։

«Միտքը հետևյալն է, որ իրանական բեռնատարների համար (թե՛ Հայաստանի տարածք մուտք գործելիս, թե՛ Հայաստանը որպես տարանցիկ երկիր օգտագործելիս) և հայկական բեռնատարների համար (Իրան մուտք գործելիս և Իրանի տարածքը երրորդ երկիր գնալու համար օգտագործելիս) վճարները ընդհանրապես զրոյացնենք և թողնենք, որ տնտեսության այդ ուղղությունը ավելի հաջող զարգանա», – ասել է Սանոսյանը: «Եթե ճանապարհային վճարները զրոյացնենք, ապրանքներն ավելի ցածր գներով կհասնեն սպառողներին», – հավելել է Բազրփաշը:

Իրանական բեռնատարները Հայաստանի սահմանը հատելիս բնապահպանական ու պետական տուրքերից զատ նաև ճանապարհային հարկ են վճարում՝ միջինը մոտ 250 դոլար: Նույնատիպ հարկ են մուծում նաև Իրան մտնող հայկական բեռնատարները։ Նախօրեին ձեռք բերված պայմանավորվածությունը հենց այս հարկը չեղարկելու մասին է։

Իրանական բեռնատարներին նախկինում հարկային արտոնություններ տրվել են։ 2018 թվականին գործադիրը որոշել էր ճանապարհային վճարից ազատել բոլոր այն բեռնատարները, որոնք ապրանքները կդատարկեին Մեղրիի մաքսային տարածքում։ Երեք տարի անց, սակայն, իշխանություններն արտոնությունը չեղարկեցին՝ պատճառաբանելով,թե այն իր նպատակին չի ծառայում։ Մեղրիում բեռնաթափվում են Հայաստան մտնող մեքենաների 10-ից 15 տոկոսը, ավելին ֆիզիկապես հնարավոր չէր։ Մյուս բոլոր բեռնատարները, մինչդեռ , նույն ծավալի ապրանք բերելիս ստիպված վճարում էին նույն 250 դոլար ճանապարհային հարկը։

Թե երբ վարորդները կազատվեն այս վճարներից՝ հստակ չէ։ Դեռ օրենսդրական փոփոխությունների կարիք կա։

17 կամուրջ 3 տարում

Որոշվել է նաև, որ Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի հարավային հատվածի կառուցումը մեկնարկելու է Իրանի հետ սահմանից․ երեկ կողմերը ստորագրել են Ագարակ-Քաջարան 32 կիլոմետր ճանապարհի շինարարության պայմանագիրը՝ 215 միլիոն դոլար արժողությամբ։

Շինարարությամբ իրանական երկու ընկերություններ են զբաղվելու: Ծախսերի մի մասը Հայաստանի կառավարությունը կհոգա, մյուսը կիրականացվի Եվրասիական զարգացման բանկի տրամադրած վարկով։

«Սա [Երևանից մինչև Իրանի սահման ճանապարհի] առաջին հատվածն է, որը շուտով շինարարության փուլ կմտնի», – նշել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: 32 կիլոմետր երկարությամբ այս հատվածը նախատեսում են կառուցել 3 տարիների ընթացքում. «Հիմնականում նոր ճանապարհի կառուցման մասին է խոսքը, որտեղ կան 17 կամուրջներ, թունելներ, հարակից բնակավայրերից մուտքի ու ելքի էստակադային ու ճանապարհային լուծումներ»:

2009-ին սկսված «Հյուսիս-Հարավ» ներդրումային ծրագիրը դեռ 4 տարի առաջ պետք է ավարտված լիներ: Մինչ օրս, սակայն, 556 կիլոմետրանոց նախագծի միայն 50 կիլոմետրն է ամբողջությամբ պատրաստ, քննիչներն էլ մնացյալի վերաբերյալ տասնյակ քրեական գործեր են բացել: Հաղորդվում է, որ անցյալ տարիների ընթացքում հայաստանցի պաշտոնայները և կապալառու ընկերությունները միլիոնավոր դրամներ են հափշտակել։ Ծրագրի մեկնարկից 14 տարի անց էլ իշխանությունները հստակ չեն ասում՝ երբ պատրաստ կլինի Վրաստանի սահմանից մինչ Իրան ձգվող արագընթաց մայրուղին:

Քաջարան-Ագարակ ճանապարհը Հյուսիս-Հարավ ներդրումային ծրագրի ամենամեծ՝ շուրջ 350 կիլոմետր երկարությամբ չորրորդ հատվածի մի մասն է միայն։ Մյուս հիմնական մասերն են Արտաշատ- Սիսիանն ու Սիսիան-Քաջարանը։ «Կան տարբեր գործընթացներ, մեկը քննարկման փուլում է, մեկը՝ նախագծման, մյուսը՝ մրցութային, այսինքն տարբեր քննարկումներ կան և կարծում եմ՝ շատ կարևոր էր այս հատվածի սկիզբը, ու մյուսները հերթով քիչ-քիչ կյանքի կկոչենք», – ասել է հայաստանցի նախարարը:

Հանդիսավոր արարողությանը Իրանի նախարարը կրկին ընդգծել է՝ Բաքվի առաջ քաշած «Զանգեզուրի միջանցք» (Մեղրիով անցնող ճանապարհ) նախագծին իրենք դեմ են. «Մենք բազմիցս նշել ենք, որ համաձայն չենք «Զանգեզուրի միջանցքին» և Ադրբեջանի պաշտոնյաներ հետ հանդիպման ընթացքում նշել ենք դա: Մենք միշտ աջակցել ենք Հայաստանի տարածքային ամբողջականությանը և կշարունակենք աջակցել»:

Ադրբեջանից մինչ այս հավաստիացրել էին, թե ուժի կիրառում չի լինի, Հայաստանից՝ որ պատրաստ են պարզեցնել Մեղրիով անցնող և Նախիջևանը մնացյալ Ադրբեջանին կապող ճանապրահի տարանցման պայմանները, բայց արտատարածքային սկզբունքները չեն ընդունի։ Եթե այս ճանապարհը ապաշրջափակվի, այն կարող է մեկ այլ՝ Արևմուտք-Արևելք ուղու մաս կազմել։

Հայաստանի ու Իրանի ներկայացուցիչները երևանյան բանակցություններից հետո հայտարարել են նաև, որ պատրաստվում են Արաքսի վրայով նոր կամուրջ կառուցել. նախորդ դարի վերջում կառուցվածը հին է, թողունակությունը` փոքր, նախատեսվում է այլընտրանքային անցուղի ստեղծել: Կոնկրետ ժամկետներն ու մանրամասները, սակայն, դեռ ապագայում պետք է ճշտվեն