Երկու օր առաջ Սիսիանի Աշոտավան համայնքում հայտնաբերված և ձերբակալված ադրբեջանցի զինվորը պատմել է, որ ծառայակցի հետ փախուստի է դիմել՝ մյուս համածառայակիցների կողմից ճնշումների և նվաստացումների ենթարկվելու պատճառով։
Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այս մասին տեղեկացրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ամենևին փաստ չէ, որ նա ցանկանում է վերադառնալ Ադրբեջան», – հավելել է Փաշինյանը։
Հայաստանը, ըստ նրա, այս մասով միջազգային պարտավորություններ ունի, և եթե նման իրավիճակում հայտնված մարդը չցանկանա վերադառնալ, բռնի ձևերով նրան վերադարձնել չեն կարող։
Արդեն երեք օր է՝ Հայաստանի իրավապահ մարմինները փնտրում են մինչև Սիսիան հասած երկրորդ ադրբեջանցուն։ Վարչապետն ակնարկել է, որ նա կարող էր Ադրբեջան վերադարձած լինել․
«Ըստ մեր ունեցած տվյալների՝ երկրորդ զինվորը, որ մինչև հիմա փնտրվում է, ինքը սահմանը հատելուց շատ չանցած հենց սահմանամերձ գյուղում ասել է, որ փոշմանել է և ուզում է վերադառնալ»։
Թե ինչպե՞ս են ադրբեջանցի զինծառայողները հատել Նախիջևանի հետ Հայաստանի սահմանը և մոտ 20 կմ խորացել՝ Փաշինյանը չգիտի։ Ասում է՝ այս հարցերի պատասխանը կպարզի նախաքննությունը։
«Ուզում եմ հիշեցնել, եթե չեմ սխալվում՝ մարտի կեսերին տեղի ունեցած մի դեպք, երբ ՀՀ ԶՈՒ զինառայողը մոլորվել էր և մեկ ամբողջ օր նրա գտնվելու վայրն անհայտ էր: Մենք գիտեինք, որ նա շփոթվել էր և հատել սահմանը։ Մոտ 24 ժամ հետո նա վերադարձավ, ընդ որում՝ երբ որ նրա հատման, մոլորվելու վայրն էինք դիտարկում, պարզվեց, որ նա շատ երկար կիլոմետրեր է կտրել և ադրբեջանական շուրջ 20 դիրքերի արանքով եկել, վերադարձել է Հայաստան», – նշել է Փաշինյանը:
երրորդն էլ կա՞
Չնայած հայկական կողմի ունեցած տվյալներին, թե ադրբեջանցի երկրորդ զինվորը սահմանամերձ հատվածում նորից Ադրբեջան վերադառնալու ցանկություն է հայտնել, իրավապահ մարմինները շարունակում են նրան փնտրել։
Առայսօր պաշտոնապես չի հստակեցվել՝ արդյոք Հայաստանի տարածք ներթափանցել են միայն այդ երկու զինծառայողները։
«Ազատությունը» գրում է, որ Սիսիանի Բնունիս համայնքում խոսվում էր երեք զինծառայողի մասին։ Տեղացիները պնդում էին, որ կան տեսախցիկներ, որոնք ֆիքսել են նրանց։
Ադրբեջանցի մյուս զինծառայողին, ըստ Աշոտավանի գյուղապետ Արմեն Բեգլարյանի, շարունակում են փնտրել ամենուր՝ «դաշտերում, ճանապարհներին, բոլոր տեղերում, որտեղ հնարավոր է թաքնվել»։
Բեգլարյանին օրեր առաջ հաջողվել էր զրուցել ադրբեջանցի զինծառայողի հետ, որին բռնել էին գյուղի բնակիչները։ 19-ամյա զինծառայողը իրենց էլ է նույնը պատմել։ Ասել է՝ փախել են Նախիջևանի դիրքերից, քանի որ իրենց այնտեղ շատ են նվաստացրել։
Բնունիս և Աշոտավան համայնքները Նախիջևանից շուրջ 20 կմ հեռավորության վրա են։
ժամկետայիններ են
Ադրբեջանական լրատվամիջոցները ապրիլի 10-ին հայտարարել էին, թե Նախիջևանի Շահբուզ շրջանի ուղղությամբ ադրբեջանցի երկու զինծառայողներ են մոլորվել՝ «անբարենպաստ եղանակային և սահմանափակ տեսանելիության պայմաններում»։
Երկուսն էլ պարտադիր ժամկետային զինծառայողներ էին, զորակոչվել են մոտ մեկ տարի առաջ։ Meydan TV-ն զրուցել էր նրանցից մեկի ազգականի հետ, ով ասել էր, թե զինվորները դիրքերից անհետ կորել են ապրիլի 5-ից։