Այսօր՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, Հայաստանի տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Ձերբակալված ադրբեջանցու խոսքերով՝ իր հետ եղել է ևս մեկ զինծառայող, որի որոնողական աշխատանքները, ըստ ՊՆ-ի, շարունակվում են:
Այսօր առավոտյան հայկական մամուլում տեսանյութ էր տարածվել, որում Սիսիանի Բնունիս համայնքի բնակիչները զրուցում էին երկու ադրբեջանցիների հետ։
ԶԼՄ–ները գրում են, որ ադրբեջանցիները եղել են զինվորականի հագուստով, բայց տեսանյութում կամուֆլյաժե հագուստով միակ տղամարդը տեղացի է։
«Կմոռթեմ, կսատկացնեմ, դանակը ձեռդ չկարանաս փախնես», – ասում է տան անդամներից մեկը ադրբեջանցուն, իսկ կամուֆլյաժով տարեց մարդը հակադարձում․ «Միամիտ լակոտ ա, ընկել ա ստեղ»։
Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ փնտրում է անհետ կորած երկու զինծառայողի։
Ըստ հաղորդագրության՝ միջադեպը տեղի է ունեցել Նախիջևանի ինքնավար հանրապետությունում։ Զինծառայողները կորցրել են կապը Շահբուզի շրջանի մոտակայքում և անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով մոլորվել։