Անտրոպոմորֆոսիս խմբակային ցուցահանդեսը՝ Ալտերնատիվ արվեստի ամենամյա (27-րդ) փառատոնի հիմնական նախագիծը, բացվել է ապրիլի 7-ին ՆՓԱԿ-ում։ Ցուցահանդեսը համադրել է Հուրի Մարգարեանը, մասնակցել են 30-ից ավել (հիմնականում երիտասարդ) արվեստագետներ։
Քնել / Սոֆի Քեոշգերիան / փերֆորմանս
գործի նկարագրությունից․
Քնել
Ծածկոց, սպիտակ բամբակյա սավան, կենդանի կատարում
Մենք ձգում ու ձգում ենք ինտիմ առօրեականի թելերը՝
Ներդնելով մեր հոգիները մեզ շրջապատող աշխարհում և
Ստեղծելով իմաստ ընթացակարգերում, որ նմանակում են մարդկային
կյանքի պարզագույն դրսևորումները:
Օր օրի,
Պահ առ պահ,
Միավորվում է մեկ մարդու պատկերը շատերի աշխարհում:
(բանաստեղծությունը Նատաշա Վարդանիանի)
Փախուստ / Ռուզան Պետրոսյան / վիդեո
համադրող Հուրի Մարգարեանի տեքստը․
Անտրոպոմորֆոսիս
Որպես սոցիալական էակներ և միմյանց, այլ տեսակների ու առարկաների հետ կապ հաստատելու համար մարդիկ հարմարվում են իրենց միջավայրին։ Կ ե ն ս ա բ ա ն ա կ ա ն մուտացիաներից զատ, մարդակերպությունը և անձնավորումը որպես գեղարվեստական պրակտիկա տարբեր կերպ են արտահայտվում` ուղղակիորեն արձագանքելով այն տարածությանը, որի մաս են կազմում: Այս փոխազդեցությունների հետքերը դառնում են այս գործընթացների հաղորդակցական հենարանը` արտացոլելով կյանքը տարբեր տեսանկյուններից։
Ստելլա Գրիգորյան, Կայ Խաչատրյան / ինստալացիա, ձայն
գործի նկարագրությունից․
Ես հրապարակ եմ։ Եվ ինչ․․․
Պոռնկուհի, անառակուհի, տարփուհի, ցնծուհի, լրբուհի, հանրակին, մարմնավաճառ, անձնավաճառ, սիրավաճառ, անառակ, անբարոյական, լիրբ, բոզ, փչացած, շնացող, անզգամ, ցոփ, կաթոտ, թեթևաբարո, պագշոտ, ախտաբույծ, ախտասեր, ախտամոլ, զազրասեր, զազրամոլ, հեշտամոլ, հեշտասեր, պղծամոլ, պղծասեր, տռփամոլ, տռփասեր, ցանկասեր, ցանկամոլ, ցոփամոլ, ցոփասեր, (հնց․) խենեշ, հայրատ, ճակաճան, խառնակ, խառնագնաց, խառնակյաց, շնամիտ, շնացյալ, բղջախոհ, մախազ, սեղեխ, վարձակ, աղիճ, մելոմագնաց, վայրագնաց, գիջասեր, գիջամոլ, գիջակենցաղ, բազմասեղեխ, բազմահոմանի, անձնարմատ, խեղաբարո, (ժղ․)՝ ծախու, ծախվող, (գվռ․) հրապարակ, փոստալ, ջլթին, թեթև վարքի տեր, ի նոցանե, առու թռչող, առու թռած, դուրս ընկած, աչքը դուրս, ոտքը դուրս, ծամը կտրած, փեշից կորած և կամ և․․․
Սպահածո / Մարիամ Արամի / վիդեո
գործի նկարագրությունից․
Սպահածո
Սա անմիջական արդյունքն ու նկարագիրն է մինչ օրս ունեցած հետպատերազմյան ապրումներիս: Նյութը՝ հում միս և կենդանական օրգանների մնացորդներ (օգտագործվել են միայն սպանդանոցներում արդեն առկա թափոնները՝ պահածոյացված, հում վիճակում), 10լ տարողությամբ բանկայի մեջ: Հետագա կոնսերվացման համար օգտագործվել է ֆորմալին: Ցուցադրվող օբյեկտը՝ բանկան «սպահածոյի» զմրսված ապահով տարբերակն է՝ որպես աշխատանքս համալրող, զուգահեռ ցուցադրվող էքսպոնատ: Որպես բովանդակության հպանցիկ նկարագիր կնշեմ մեր սովորությունը՝ խոհանոցում հայ մայրիկներին այդքան հատուկ խնամքով պահածո պատրաստելը՝ սպառման ակնկալիքով։ Զուգահեռը մեր մշակույթին հատուկ զոհաբերություններն են, մատաղ ասված երևույթը ներկայիս սպառողական-կապիտալիստական աշխարհում, որտեղ սպառողը հենց ինքը մարդն է՝ պատերազմ ստեղծող ու ապահովության պատրանքի դիմաց «ՍՊԱՀԱԾՈ» յուրացնողը։ Նպատակը՝ փոխանցել անկախ պետության մեջ ապրող մարդու այն չնահանջող տագնապի ու սպասման զգացողությունը, որը ուղեկցում է ինձ և շատերին Արցախում, Հայաստանում, թե այլ աշխարհագրական հատվածում, ուր այժմ պատերազմական իրավիճակ է։ Որքան էլ ոչ հումանիստական թվան այս նախագծի արտահայտչամիջոցները, դրանք միտված են պատկերավոր կերպով փոխանցել այն իրապես զարհուրելի զգացողությունը, որ կա։ Չէ՞ որ մեր գերինֆորմացված իրականության մեջ բառերը դադարել են կատարել իրենց գործառութն ու էմոցիոնալ ներգործումը: Որպես հղում հայտում տեղադրված համադրողի տեքստի՝ կընդգծեմ, որ այս վիզուալիզացիան ու դրանում տեղ գտած առաջին հայացքից պարզ ու մեզ համար հասկանալի գործողությունները իսկապես չգիտակցված, երկրորդային, զարհուրելի իմաստ ունեն և որպես մարդկային զգացմունքների ու ներքին տագնապի ոչ անմիջական արտահայտման ձև, կարծես թե ծրագրավորված ենթագիտակցական ակտ, արտացոլված են մեր առօրյա սպառողական իրերի ու առարկաների մեջ:
(լուսանկարների ընտրությունը Գարիկ Ենգիբարյանի)