Ապրիլի 29-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահում բացվել է «ՖԵՄԻՆԻԶՄԸ ՄԱՐՄՆԱ(ԻՐԱ)ԿԱՆ» երկրորդ ցուցահանդեսը։ Ցուցադրությունը կազմակերպվել էլ համանուն միջազգայն փառատոնի շրջանակներում։
Ցուցահանդեսին ներկայացված էին Լուսինե Թալալյանի, Մանան Թորոսյանի, Իննա Կոլուպաեվայի, Արմինե Հովհաննիսյանի, Անուշ Ղուկասյանի, Կարինե Մացակյանի, Գայանե Չոլակյանի աշխատանքները։
Ցուցահանդեսի համադրող Սուսաննա Գյուլամիրյան․
Կնոջ արվեստը տղամարդու գերազանցության հիմամբ մեկնաբանելը տևական պատմություն ունի և խորը արմատներ է թողել խորհրդահայ մշակութային պատմագրության մեջ: Իրավիճակն իր այս անվերապահ լեգիտիմությունը պահպանել է մինչև մոտավորապես հետխորհրդային 1990-ականների երկրորդ կեսը, որ նշանավորվեց խորհրդային մեծ պատումների ու պարտադրված թեմաների թոթափմամբ ու ֆեմինիստական, գենդերային ուսումնասիրությունների ներմուծմամբ: Վերջինիս հղացական խորաթափանցումներն էլ իրենց հերթին հնարավորություն ընձեռեցին կազմաքանդելու արվեստի պատմության տիրապետող դիսկուրսների հիմքում ընկած մտածողության ավանդական գործիքներն ու մեթոդաբանական առաջադրությունները: Սա մի ազդակ էր, որ դռներ բացեց Հայաստանում ապրող շահագրգիռ կին արվեստագետների, համադրողների ու քննադատների համար, որ առաջնորդվեն քննադատական վերլուծության և ինքնասահմանման, ինքնաներկայացման նոր օրակարգով, ինչի համար, ի թիվս այլ բաների, կազմավորիչ դեր խաղաց «կին» և «գենդեր», «կին» և «ֆեմինիզմ», նաև` տարօրինակ(ված), էքսցենտրիկ ինքնությունների հղացական առանցքը: Կին արվեստագետները հնարավորություն ունեցան փոխելու կնոջ մարմնի օգտագործման ավանդական ձևը՝ որպես ռեկվիզիտ տղամարդկանց աշխատանքներում, և առաջ քաշել սուբյեկտիվության ու (ինքնա)ներկայացման քաղաքականության հետ կապված հարցեր:
Սեփական մարմնով խոսելու հարացույցը (պարադիգմը), որ հայաստանյան կանանց արվեստում նշմարվեց հատկապես 2000-ից սկսած, սկզբնավորվում է մերկ մարմինը ներկայացնող ավանդական կոդերի խաղարկմամբ, շրջմամբ և կազմաքանդմամբ: Զուգահեռ զարգացումներ եղան նաև գենդերի և ֆեմինիզմի մասին խոսելու պրակտիկաներում, որ իմացաբանական որոնումների առարկա էին դարձել ու վերածվել սոցիալական, քաղաքական հանձնառությունները պաշտպանելու միջոցի. մարմինն այլևս դիտարժան նայելիք ու տեսնելիք չէր միայն, այն դառնում է հետազոտական ջանքի առարկա:
Ազդարարված փառատոնի առաջին փուլի ցուցադրություններում ընդգրկված կին արվեստագետների ինստալյացիաների, օբյեկտների, ֆոտո-օբյեկտների և տեսանյութերի corpo՝ մարմնական, բազմակերպությունը «դասավորված» է իբրև կնոջ սուբյեկտիվության corpus, որով խնդրականցվում են ինքնաիդենտիֆիկացմանը վերաբերող երևակայականը, Ես-ի խորը հուզական ապրումի անհատական մեխանիզմը, որ միշտ լծորդվում են սահմանափակումների և ճնշումների համակարգին, սեռի և սեռային բացառմանը, բռնությանը, ստորադասմանը և դրանցից բխող սոցիալական հետևանքներին:
Փառատոնի արվեստային ցուցադրություններն ուղեկցվելու են հանրային դասախոսություններով ու քննարկումներով՝ կամրջելու հայաստանյան համատեքստում երիցս (ու դիտմամբ) անջատ համարվող ու տարանջատված կանանց արվեստը, փիլիսոփայական միտքն ու քաղաքական ակտիվությունը, ինչպես նաև՝ բացահայտելու հայ ֆեմինիզմի անցյալն ու կապելու այն ֆեմինիզմի ժամանակակից զարգացումների հետ։ Այս կրկնակի կամրջումը կարող է վերաիմաստավորել ֆեմինիստական դիմադրության ձևերն ու եզերքները և ցուցադրել սեփական ներուժի անսահմանությունը։