Home / Մշակույթ / ՖԵՄԻՆԻԶՄԸ՝ ՄԱՐՄՆԱ(ԻՐԱ)ԿԱՆ․ ցուցահանդես

ՖԵՄԻՆԻԶՄԸ՝ ՄԱՐՄՆԱ(ԻՐԱ)ԿԱՆ․ ցուցահանդես

Գյոթե կենտրոնում (Մհեր Մկրտչյանի փող. 1) մարտի 10-ին բացվել է «ՖԵՄԻՆԻԶՄԸ՝ ՄԱՐՄՆԱ(ԻՐԱ)ԿԱՆ» խմբակային ցուցահանդեսը՝ առաջինը համանուն միջազգային փառատոնի շրջանակներում։

DSCF6391

Փառատոնը համադրում է Սուսաննա Գյուլամիրյանը։ Համահամադրող՝ ՖեմԳրադարան։

Փառատոնի շրջանակներում բացված առաջին ցուցադրությունը հասանելի կլինի մինչև ապրիլի 5-ը՝ առավոտյան 9-ից երեկոյան 6-ը։ Երկրորդ ցուցահանդեսի բացումը նախատեսված է ապրիլի 15-ին՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահում։

DSCF6204

Արվեստագետներ․

Արփի Բալյան
Աննա Գրիգորեան
լուսինե թալալյան
Մանան Թորոսյան
Ծոմակ
Իննա Կոլուպաեվա
Դիանա Հակոբյան
Արմինե Հովհաննիսյան
Հռիփսիմե Ղազանչյան
Անուշ Ղուկասյան
Վալենթինա Մազ
Կարինե Մացակյան
Գայանե Չոլակյան

DSCF5927
Դիանա Հակոբյան, «Մուտք առանց ելքի», 2006

DSCF5929

Փառատոնի նկագարության մեջ գրված է․

— Կնոջ արվեստը տղամարդու գերազանցության հիմամբ մեկնաբանելը տևական պատմություն ունի և խորը արմատներ է թողել խորհրդահայ մշակութային պատմագրության մեջ: Իրավիճակն իր այս անվերապահ լեգիտիմությունը պահպանել է մինչև մոտավորապես հետխորհրդային 1990-ականների երկրորդ կեսը, որ նշանավորվեց խորհրդային մեծ պատումների ու պարտադրված թեմաների թոթափմամբ ու ֆեմինիստական, գենդերային ուսումնասիրությունների ներմուծմամբ: Վերջինիս հղացական խորաթափանցումներն էլ իրենց հերթին հնարավորություն ընձեռեցին կազմաքանդելու արվեստի պատմության տիրապետող դիսկուրսների հիմքում ընկած մտածողության ավանդական գործիքներն ու մեթոդաբանական առաջադրությունները: Սա մի ազդակ էր, որ դռներ բացեց Հայաստանում ապրող շահագրգիռ կին արվեստագետների, համադրողների ու քննադատների համար, որ առաջնորդվեն քննադատական վերլուծության և ինքնասահմանման, ինքնաներկայացման նոր օրակարգով, ինչի համար, ի թիվս այլ բաների, կազմավորիչ դեր խաղաց «կին» և «գենդեր», «կին» և «ֆեմինիզմ», նաև՝ տարօրինակ(ված), էքսցենտրիկ ինքնությունների հղացական առանցքը: Կին արվեստագետները հնարավորություն ունեցան փոխելու կնոջ մարմնի օգտագործման ավանդական ձևը՝ որպես ռեկվիզիտ տղամարդկանց աշխատանքներում, և առաջ քաշել սուբյեկտիվության ու (ինքնա)ներկայացման քաղաքականության հետ կապված հարցեր:

Սեփական մարմնով խոսելու հարացույցը (պարադիգմը), որ հայաստանյան կանանց արվեստում նշմարվեց հատկապես 2000-ից սկսած, սկզբնավորվում է մերկ մարմինը ներկայացնող ավանդական կոդերի խաղարկմամբ, շրջմամբ և կազմաքանդմամբ: Զուգահեռ զարգացումներ եղան նաև գենդերի և ֆեմինիզմի մասին խոսելու պրակտիկաներում, որ իմացաբանական որոնումների առարկա էին դարձել ու վերածվել սոցիալական, քաղաքական հանձնառությունները պաշտպանելու միջոցի. մարմինն այլևս դիտարժան նայելիք ու տեսնելիք չէր միայն, այն դառնում է հետազոտական ջանքի առարկա:

Ազդարարված փառատոնի առաջին փուլի ցուցադրություններում ընդգրկված կին արվեստագետների ինստալյացիաների, օբյեկտների, ֆոտո-օբյեկտների և տեսանյութերի corpo՝ մարմնական, բազմակերպությունը «դասավորված» է իբրև կնոջ սուբյեկտիվության corpus, որով խնդրականցվում են ինքնաիդենտիֆիկացմանը վերաբերող երևակայականը, Ես-ի խորը հուզական ապրումի անհատական մեխանիզմը, որ միշտ լծորդվում են սահմանափակումների և ճնշումների համակարգին, սեռի և սեռային բացառմանը, բռնությանը, ստորադասմանը և դրանցից բխող սոցիալական հետևանքներին:

Փառատոնի արվեստային ցուցադրություններն ուղեկցվելու են հանրային դասախոսություններով ու քննարկումներով՝ կամրջելու հայաստանյան համատեքստում երիցս (ու դիտմամբ) անջատ համարվող ու տարանջատված կանանց արվեստը, փիլիսոփայական միտքն ու քաղաքական ակտիվությունը, ինչպես նաև՝ բացահայտելու հայ ֆեմինիզմի անցյալն ու կապելու այն ֆեմինիզմի ժամանակակից զարգացումների հետ։ Այս կրկնակի կամրջումը կարող է վերաիմաստավորել ֆեմինիստական դիմադրության ձևերն ու եզերքները և ցուցադրել սեփական ներուժի անսահմանությունը։

DSCF6438

Փառատոնի շրջանակներում տեղի կունենան Արփի Աթաբեկյանի (մարտի 17, 19։00, zoom) և Մելիսա Բիլալի (մարտի 22, 19։00, zoom) առցանց բանախոսությունները։

Արփինե Գալֆայանի աշխատարանին (ապրիլի 1, 19։00) կարելի է մասնակցել ՖեմԳրադարանում, հասցե՝ Պուշկինի փող. 43, բն. 91։

DSCF6263
Վալենթինա Մազ, «Այն կինը չեմ, որ կարծում էի պիտի լինեմ», «Կանացի՞ ես, թե՞ ոչ այնքան» լուսանկարչական ինստալացիա, 2021

DSCF6225
Աննա Գրիգորյան, «Սենյակ», 2021

DSCF5916
Արփի Բալյան, «Ներում եմ ինձ (մանտրա)», 2021

DSCF5938

DSCF5897
լուսինե թալալյան, անվերնագիր, 2004

DSCF6366
Ծոմակ, «Երջանիկ և ուրախ մահ», 2006

DSCF6012

DSCF5913
Կարինե Մացակյան, «Ինչպես եմ քեզ ավելի շատ դուր գալիս», 2001

DSCF6186
Դիանա Հակոբյան, «Ես պետք է լինեմ․․․», 2007

DSCF6306

DSCF5965
Դիանա Հակոբյան, «Ճիչ», 2005

DSCF6312

լուսանկարները՝ Էլիզա Մխիթարյանի