«Հրանտ Դինք․ հոս և հիմա» ցուցահանդեսը Երևանի Նորարար փորձարարական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) կերկարաձգվի մինչև սեպտեմբերի 11-ը՝ հայտնում են կազմակերպիչները։
— Հրանտ Դինքի սպանության 15-րդ տարելիցին նրա կյանքն ու պայքարը ներկայացնող ցուցահանդեսը սկսել է իր ուղևորությունը Ստամբուլից Երևան:
Թուրքիայի հայ, «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Դինքը սպանվեց Ստամբուլում՝ իր խմբագրատան դիմաց, 2007 թ. հունվարի 19-ին։
«Ակօս»-ի նախկին գրասենյակը, որտեղ ամեն տարի նրա սպանության օրը հազարավոր մարդիկ են հավաքվում՝ ոգեկոչելու նրա հիշատակը և պահանջելու արդարություն, 2019 թ. ապրիլի 23-24-ին բացեց իր դռները հանրության առջ որպես Հրանտ Դինքի «23,5» հուշավայր։ Հուշավայրը, լույս սփռելով Հրանտ Դինքի կյանքի, պայքարի, նրա մահվանը տանող օրերի, ինչպես նաև «Ակօս»-ի և Թուրքիայում ապրող հայերի փորձառության վրա, հնարավորություն է տալիս հայացք նետել Թուրքիայի ոչ վաղ անցյալի պատմությանը: «23,5»-ը ջատագովում է Հրանտ Դինքի որդեգրած համընդհանուր արժեքները, ինչպիսիք են ժողովրդավարությունը, համակեցությունը, հավասարությունը, ճշմարտությունը, խաղաղությունը և արդարությունը: Իր ցուցանմուշներով, արխիվով և հանրային ծրագրերով «23,5»-ը ծառայում է որպես հիշողության, մտորումների, երկխոսության, սովորելու և փոխըմբռնման վայր:
Հուշավայրն իր անվանումը ստացել է Հրանտ Դինքի հեղինակային «Ապրիլի 23 ու կես» հոդվածից, որը հրատարակվել է 1996 թ. ապրիլի 23-ին «Ակօս» թերթում։ Այն ճոճանակ է ցավի և հույսի միջև, անցյալի և ապագայի խոստում և պարադիգմային փոփոխության հրավեր:
Սույն ցուցահանդեսն այդ խորհուրդն է իր մեջ ամփոփում։ Ինչպես Ստամբուլի «23,5» հուշավայրում, այնպես էլ Երևանում Հրանտ Դինքը կլինի ցուցահանդեսի պատմողն ու ուղեկցորդը՝ ներկայացնելով իր պատմությունն ու արդարության իր ճանապարհը: Ցուցահանդեսի առանձին անկյուններ անդրադառնում են այնպիսի թեմաների, ինչպիսիք են հիշողությունը, արդարությունը և փոքրամասնությունների իրավունքները Թուրքիայում։
Ցուցահանդեսի կազմակերպումը հնարավոր է դարձել Քրեստ հիմնադրամի և Ուլոֆ Պալմե միջազգային կենտրոնի աջակցության շնորհիվ։