14 տարի առաջ՝ 2007 թվականի հունվարի 19-ին, Ստամբուլում սպանվել է իրավապաշտպան, հրապարակախոս, «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքը, ով նշանակալի ներդրում ունի Թուրքիայի առաջադիմական (և հակաազգայնական) շարժումներում։ Նրա սպանությանը հաջորդած բազմահազարանոց բողոքի ցույցերը («Բոլորս Դինք ենք, բոլորս հայ ենք» ընդհանուր կարգախոսով) տարիներ անց վերածվել են հիշատակի ամենամյա (հանրա)հավաքների։ Այս տարի՝ համավարակով պայմանավորված, դրանք տեղափոխվել են առցանց հարթակներ։
Հրապարակում ենք նրա դստեր՝ Դելալ Դինքի հոդվածից մի հատված, որը լույս է տեսել հոկտեմբերի 9-ին՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի մեկնարկից մոտ երկու շաբաթ անց։
— Տարիներ առաջ հանդիպեցի Հայաստանի սփյուռքի նախարարին: Հարցրեց՝ հպարտ եմ, արդյոք, որ հայ եմ: «Ոչ», – պատասխանեցի, – «Չեմ հասկանում՝ ինչու են հպարտանում ցեղով կամ ազգությամբ։ Ամբողջ կյանքում ինձ շրջապատել են մարդիկ, ովքեր հպարտ են, որ թուրք են, և ես գիտեմ՝ ինչ մեծ հիվանդություն է դա»: Չեմ կարծում, թե նա շատ տպավորված էր իմ պատասխանով:
Լեռնային Ղարաբաղում պատերազմի բռնկման ժամանակ՝ 1990-ականներին, երբ Ստամբուլում դեռ տարրական դպրոցում էի սովորում, դպրոցի պատին գրաֆիտի էր փորագրվել, ռմբահարման սպառնալիքներ էին գալիս: Այդ ժամանակների իմ մնայուն հիշողությունը ընկերներիս ընտանիքների հետ հեռախոսազանգերն են, շշուկները տան մեջ ու անհանգստության զգացողությունը: Դպրոցում ապահով չէր: Հետևաբար՝ չէինք գնում․․․
Տարիներ անց, երբ լարվածությունը Ղարաբաղում կրկին աճել էր, ես արդեն ավագ դպրոցում էի: Գնացքի վրա, որով դասից տուն էի գնում, մի օր գրաֆիտի էին արել, որը հայերին «ոչնչացնելը» բարի գործ էր հռչակում։ Այն նկատելուց հետո գլուխս կախեցի, և բռնացրեցի տղամարդու հայացքը, որը նույն բառերն էր կարդում: Չգիտեմ՝ ճանապարհի որ մասն եմ անցկացրել աղոթելով, որ գնացքում դպրոցական համազգեստիցս ինձ հայ չճանաչեն ու վնաս չտան: Հազիվ տուն հասա, բայց միայն ես գիտեմ՝ ինչ վիճակում:
Այսօր պատերազմը Լեռնային Ղարաբաղում կրկին գլուխ է բարձրացրել։ Մտա խանութ՝ աղջկաս համար խաղալիք առնելու: Հեռուստացույցից գոռում են. «Հայե՛ր»: Հայտարարում են. «Մենք մեր ազգակիցների կողքին ենք»: Խոսում են, որ Հայաստանը համագործակցում է Քրդական բանվորական կուսակցության հետ [PKK, Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն]: Լսում եմ սա՝ մանկական խաղալիքներով շրջապատված… Խանութում, որի հաճախորդները երեխաներ են… Վհատված՝ գտնում եմ խաղալիքների խանութից դուրս գալու ճանապարհս:
Սա ի՞նչ խոսակցություն է ազգակցական կապերի մասին, ի սեր Աստծո: Թուրքիայի Հանրապետության սահմաններում բոլորը Թուրք(իայի քաղաքացի) չե՞ն: Արդյո՞ք սա չի նշանակում, որ մենք՝ Թուրքիայի հայերս, ներառված ենք այս սահմանման մեջ: Ուրեմն՝ Ադրբեջանի ժողովուրդը նաև ի՛մ ազգականն է: Բոլորը նորից զտարյուն թուրքեր դարձան հանկարծ: Հայրս ասում էր. «Եթե ես թուրք եմ, ուրեմն, նույն բնորոշմամբ, դուք մի քիչ հայ եք»: Երբ Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունը, Ազգային պաշտպանության նախարարությունը, Նախագահությունը, քաղաքապետարանները, հին և նոր քաղաքական կուսակցությունները «ազգակցական կապի» մասին միաձայն հայտարարություններ են անում, արդյո՞ք նրանք դա անում են որպես մարդիկ, որոնք մի քիչ հայ են, մի քիչ՝ հույն, մի քիչ՝ քուրդ, մի քիչ՝ հրեա: Հիմա դուք չե՞ք անջատողականություն հրահրում:
«Սրի վերապրուկներ»[1]
Վերջին մի քանի շաբաթների ընթացքում ինձ շրջապատող հայերը հուսահատությամբ ու վախով «հայերի՝ այսպիսին և այնպիսին լինելու» մասին բազմաթիվ հայտարարություններ են լսել: Անկեղծ ասած՝ մենք շնչահեղձ ենք լինում: Դանդաղ։ Օրեցօր, ժամ առ ժամ մենք խեղդվում ենք ձեր ատելության մեջ: Թթվածինը, որ կարողանում է թափանցել մեր դիմակների միջով․․․ դուք դա էլ եք վերցնում:
Ոստիկանությունը խմբվում է մեր հաստատությունների շուրջ: Բոլորդ շատ լավ գիտեք, որ պաշտպանությունն անհրաժեշտ է… Դուք հասկանում եք, որ ամեն բան կարող է արագորեն դուրս գալ վերահսկողությունից։ Եվ ի՞նչ եք անում դուք, երբ իրավիճակը փրկելու, աշխարհի առջև նվաստացումից խուսափելու համար հայտարարում եք՝ «Մեր հայերը նրանց պես չեն, մենք նրանց նկատի չունենք»: Լո՞ւրջ։ Նրանց պես չե՞ն։ Այդ ի՞նչ տեսակ մարդիկ են նրանք՝ Հայաստանի հայերը։ Արդյո՞ք նրանցից շատերը հետնորդները չեն մարդկանց, ում հպատակությունն այդքան շատ եք սիրում պնդել․․․ Իմ սխալն է․ նրանք սրի վերապրուկներ են: Եվ մինչ սրի այդ վերապրուկների երեխաները՝ մշեցի, սեբաստացի կամ մարաշցի տատիկները, անհանգստությամբ սպասում են պատերազմից իրենց թոռների անվտանգ վերադարձին, նրանց մղձավանջներին հարություն տալու փոխարեն մի՞թե չէիք կարող խաղաղության ուղերձ հղել և՛ ձեր ազգականներին, և՛ նախկին հպատակներին։
Ես հաճախ եմ վառ մղձավանջներ տեսնում: Ինձ թվում է՝ կյանքը սնում է դրանք… Բայց այս շաբաթվանն ավելի վատն էր, քան երբևէ: Թույլ տվեք նախազգուշացնել․ հետևյալ տողերը պարունակում են բռնության տեսարաններ։ Ամբոխը հավաքվում է շենքի դիմաց: Կարծես՝ թաղում է: Հորս ընկերները դռան մոտ են: Փորձում եմ քայլել նրանց միջով: Նայում եմ դեմքներին: Չի կարող պատահել: Սա նրանը չի կարող լինել։ Հայրս վաղուց է մահացել․ սպանվել է՝ բոլորի աչքի առաջ: Հանկարծ տեսնում եմ մարդկանց, որ տանում են հորս դագաղը: Հետո հանում են նրա մարմինն ու բարձրացնում օդ… Նրանք կտրում են հորս գլուխը: Արյունը սկսում է հոսել: Արյան հոսքեր: Բայց հորս վաղուց են սպանել: Ինչպե՞ս կարող է նրա արյունը դեռ հոսել: Երբեք այսքան արյուն չէի տեսել: Նույնիսկ հորս մարմնի շուրջը, երբ պառկած էր գետնին… Հորս գլուխը ցցում են ձողի վրա ու սկսում շքերթել: Բայց նա արդեն մահացած էր: Ինչպե՞ս կարող են նրան նորից սպանել:
Արթնացա ազանի ձայնից։ Շունչս կտրվում էր։ Դեմքս թաց էր: Ինքս ինձ մտածեցի. «Ի՞նչ կլինի, եթե ես էլ ազանի հետ աղոթեմ: Այս անգամ, երևի, և’ իմ Աստվածն ինձ կլսի, և՛ իրենցը»: Ի՞նչ, եթե միավորենք մեր ձայները: Կարո՞ղ եք վերջ տալ այս ատելությանը։
հոդվածն ամբողջությամբ՝ «Ակոս»-ում (թուրքերեն բնագրով) և «Զորավիկ»-ում (անգլերեն թարգմանությամբ)
[1] «Սրի վերապրուկներ» կամ «kilic artigi» արտահայտությամբ Թուրքիայում նկարագրում են ցեղասպանությունը վերապրածներին (ու նրանց սերունդներին), ովքեր շարունակել են ապրել Թուրքիայում։