Թուրքիայում դատախազը պահանջել է 25 տարվա ազատազրկման դատապարտել Թուրքիայի ոստիկանության հետախուզության վարչության պետ Էնգին Դինչին՝ թուրքահայ լրագրող, Ստամբուլում թուրքերեն ու հայերեն լեզուներով լույս տեսնող «Ակօս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը կանխելու հարցում անփութություն ցուցաբերելու մեղադրանքով։
Դատախազ Գյոքալփ Քյոքչուի կազմած մեղադրական եզրակացության համաձայն, Դինչից բացի, ով 2007 թվականին՝ Դինքի սպանության ժամանակ, զբաղեցնում էր Տրապիզոնի ոստիկանության հետախուզության վարչության պետի պաշտոնը, նույն մեղադրանքով 25 տարվա կալանավորման պետք է դատապարտվեն նաև Տրապիզոնի ոստիկանության նախկին պետ Ռեշաթ Ալթայն ու Ստամբուլի ոստիկանության հետախուզության վարչության նախկին պետ Ահմեփ Իլհանը։
Դինքի սպանության շրջանակում որպես կասկածյալ ներգրավված է շուրջ 25 թուրք պետական պաշտոնյա, այդ թվում՝ Ազգային ոստիկանության հետախուզության վարչության նախկին պետ Սաբրի Ուզունը, նույն վարչության մեկ այլ նախկին պետ Ռամազան Աքյուրեքը, Ստամբուլի ոստիկանության հետախուզության վարչության նախկին պետ Ալի Ֆուաթ Յըլմազարը։ Նրանք մեղադրվում են «հանցանք կատարելու նպատակով խմբավորում ձևավորելու», «կամայական սպանության», «պաշտոնեական անփության» մեջ։
Դատախազը Յըլմազարի ու Աքյուրեքի համար ցմահ ազատազրկում է պահանջել։
Այնուամենայնիվ, ըստ տեղական ԶԼՄ֊ների, Ստամբուլի գլխավոր դատախազությունը մեղադրականը հետ է ուղարկել Քյոքչուին՝ հիմնավորելով, որ այն «անբավարար» է։ Եզրակացությունը խմբագրելուց հետո Քյոքչուն նոր տարբերակը դատախազություն է ուղարկել հաջորդ օրը։
Today's Zaman պարբերականը նշում է, որ գլխավոր դատախազը, ենթադրաբար, մեղադրականը վերադարձրել է մեղադրվողների ցուցակում Դինչի ու իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը մոտ կանգնած այլ պետպաշտոնյաների ներկայության պատճառով։ Դատախազությունը, հաղորդումների համաձայն, պահանջել է՝ Քյոքչուն կասկածյալների ցուցակից հեռացնի մի շարք անուններ։