Սեպտեմբերի 15-ին՝ ստամբուլցի լրագրող, «Ակոս» թերթի սպանված խմբագիր Հրանտ Դինքի ծննդյան օրը, Ստամբուլում տեղի է ունենում «Հրանտ Դինք» միջազգային մրցանակի հանձնման ամենամյա արարողությունը:
Այս տարի մրցանակին արժանացել են Նեբահաթ Աքքոչն ու Ագնես Խարշինգը։
1955 թվականին ծնված Նեբահաթ Աքքոչը 22 տարի Դիարբեքիրում աշխատել է որպես ուսուցիչ։ Ազատազրկման մեջ գտնվող ամուսնուն այցելելիս, ծանոթացել է այլ դատապարտյալների կանանց հետ և սկսել աշխատել թուրքերեն չիմացողների հետ։ 1993 թվականին Աքքոչի ամուսնուն տնից դպրոց ճանապարհին սպանում են։ Նա վերջնականապես թողնում է ուսուցչությունն ու սկսում իրավապաշտպանությամբ զբաղվել: Նեբահաթ Աքքոչն առաջին Թուրքիայի քաղաքացին էր, ով դիմել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարան՝ ամուսնու սպանության, իր ձերբակալությունների, խոշտանգումների և այլ ապօրինությունների թեմայով։ 1999 թվականին դատարանը բավարարել է հայցի բոլոր կետերը։ Այժմ նա աշխատում է Սիրիայի պատերազմի հետևանքով Թուրքիա տեղափոխված փախստականների ինտեգրման, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով։
1960 թվականին ծնված Ագնես Խարշինգը զբաղվել է Հնդկաստանում կանանց և երեխաների իրավունքներով, գյուղական համայնքներում երեխաների նկատմամբ սեռական բռնության և ուսումնական հաստատություններում ուսուցիչների շահագործան կանխարգելմամբ։ 2018 թվականից նա զբաղվում է Յանիտայի ապօրինի հանքարդյունաբերության խնդիրներով։
«Հրանտ Դինք» միջազգային մրցանակը սահմանվել է Հրանտ Դինքի անվան հիմնադրամի կողմից՝ ի հիշատակ «Ակոս» պարբերականի հիմնադիր Հրանտ Դինքի։ Շնորհվում է խտրականության, ռասիզմի և բռնության դեմ պայքարող անհատների կամ կազմակերպությունների։