Հունվարի 18֊ի առավոտյան Ստամբուլի Շիշլի համայնքի թաղապետարան է բերվել 3030 մարդու կողմից ստորագրված միջնորդություն, որը պահանջում է փոխել համայնքի Քուրթուլուշ թաղամասի փողոցների՝ թուրքական ազգայնակության հետ կապված անվանումները։ Այս մասին հայտնում է todayszaman.com կայքը։
Ընդդիմադիր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) կողմից նախաձեռնված միջնորդությունը կոչ է անում փոխել ներկայիս «ռասիստական, ազգայնական, շովինիստական ու ատելություն խրախուսող» անվանումներն ու փողոցներին վերադարձնել դրանց նախկին անունները։ Հայերի ու հույների կողմից բնակեցված Քուրթուլուշը (թուրքերեն` «ազատագրում» կամ «փրկություն») նախկինում կրել է Թաթավլա հունական անվանումը։
Թաղամասի գլխավոր Էրգենեկոն պողոտայի անվանումը, ըստ միջնորդության հեղինակների, պարունակում է շատ ուժեղ ազգայնական երանգներ, քանի որ վերաբերում է Էրգենեկոն հովտին, որտեղ, ըստ առասպելի, ձևավորվել է թուրք ազգը։ Թաղամասի մի շարք այլ փողոցներ նույնպես ստացել են թուրքական ազգայնական անվանումներ, որոնք, շատերի կարծիքով, միտումնավոր են օգտագործվել փոքրամասնություններով բնակեցված թաղամասում։
Միջնորդությունը թաղապեարան բերած HDP֊ի պատվիրակությունը հանդիպել է Ժողովրդա֊հանրապետական կուսակցության (CHP) կողմից կառավարվող Շիշլիի թաղապետարանի՝ մշակույթի ու հասարակության գծով տնօրեն Հաչը Քուրուին։ Հանդիպման ընթացքում ֊ի անդամ Ֆահրեթին Ֆիլիզը, մասնավորապես, ասել է․ «Միգուցե այս կերպ Շիշլին կարող է օրինակ դառնալ CHP֊ի կողմից ղեկավարվող այլ թաղապետարանների համար»։
Կողմերը նաև քննարկել են հարևան Բեշիքթաշ թաղամասում Բարըշ (թուրքերեն՝ «խաղաղություն») փողոցի վերանվանումը Բարըշ֊Աշիթիի («Աշիթի» քրդերեն նշանակում է խաղաղություն)։
Միջնորդությունը կոչ է անում Էրգենեկոն պողոտան վերանվանել Հրանտ Դինքի պողոտայի՝ դրան կից Հալասկարգազի փողոցում 2007 թվականին սպանված թուրքահայ մտավորականի պատվին։ Նշենք, որ հունվարի 19֊ին, լրացավ Դինքի սպանության 9֊րդ տարելիցը։ Ամեն տարի այս օրը հարյուրավոր մարդիկ ցույցեր ու երթ են անցկացնում թաղամասում՝ «Մենք բոլորս Հրանտ ենք, մենք բոլորս հայ ենք» կարգախոսերով։
Երեկվա հանդիպումից հետո HDP֊ն նաև մամուլի հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է․ «Տարբեր ինքնությունների, կողմնորոշումների ու համոզմունքների ժողովուրդների հավասարությունն ու եղբայրությունը պետք է հարգվեն բոլոր նրանց կողմից, ովքեր ապրում են այս երկրում։ Ցավոք, արդեն շուրջ 100 տարի [Թուրքիայում] գերիշխում է մոնոլիտ պետության մտածելակերպ, որը հաշվի չի առնում տարբեր ազգություններին, լեզուները, հավատքները, մշակույթներն ու հարանվանությունները»։