Հայաստանում 2017-ին իրավապաշտպանների և իրավապաշտպան ակտիվիստների հետ տեղի ունեցած միջադեպերի դիտարկումները հիմք են արձանագրելու, որ երկրում անբավարար են քաղաքացիների և հանրային խմբերի շահերն ու իրավունքները լիարժեքորեն և ապահով կերպով պաշտպանելու պայմանները։ Այս մասին ասված է Հյուման ռայթս հաուս Երևան իրավապաշտպան ցանցի (ՀՌՀ Երևանի) տարեկան զեկույցում, որն անդրադառնում է Հայաստանում իրավապաշտպանների և հանրային շահի պաշտպանների նկատմամբ 2017 թ. դիտարկված ճնշումների հիմնական դեպքերին։
Զեկույցի հեղինակներն ընդգծում են, որ Հայաստանում հիմնարար աննպաստ գործոններն են իրավապաշտպանների, բնապահպանների, փաստաբանների, լրագրողների ու ԶԼՄ-ների հանդեպ պետական ինստիտուցիոնալ խոչընդոտները, անհավասար վերաբերմունքը և պետական հաստատությունների հետ սերտաճած կառույցների (բիզնես, եկեղեցի, ՀԿ-ներ) կողմից ստեղծվող արգելքները։
Զեկույցում ներկայացված դեպքերի շարքում են, մասնավորապես, քաղաքական նշանակություն և հանրային հնչեղություն ունեցող գործերում («Սասնա ծռեր» խմբի, «Սեֆիլյանի և մյուսների») ներգրավված պաշտպանների նկատմամբ ճնշումները, լրագրողների և ԶԼՄ-ների գործունեության և ազատ խոսքի խոչընդոտումները, ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանության սահմանափակումները, կանանց սեռական, վերարտադրողական և այլ իրավունքների պաշտպանության սահմանափակումները, պաշտոնատար անձանց իրավախախտման դեպքերի բարձրաձայնման հետևանքով վրեժխնդրության, կյանքի և առողջության սպառնալիքները, բնապահպանների նկատմամբ ճնշումները և գործունեության սահմանափակումները:
ՀՌՀ Երևանը, եկնելով զեկույցում ներկայացված գնահատականներից, մի շարք պահանջներ է ներկայացնում։ Մասնավորապես․
֊ Իրավապահ մարմիններից և նախկին ու ներկա բարձրաստիճան պաշտոնյաներից պահանջում է դադարեցնել իրավապաշտպանների և հանրային շահերի պաշտպանների նկատմամբ քաղաքական հաշվեհարդարի նպատակով իրականացվող բարոյական ճնշումները և խտրական պրակտիկաները, նրանց անձնական կյանքի պաշտպանվածության և անվտանգության նկատմամբ ոտնձգությունները, իրավական քաղաքական հետապնդումները (այդ թվում՝ լրատվամիջոցների նկատմամբ).
֊ ՀՀ դատարաններից՝ օրինականության շրջանակներում ապահովել իրավապաշտպանների արդար դատաքննության իրավունքը, նրանց հայցերի պատշաճ քննությունը, 25փաստաբանների անկաշկանդ եւ երաշխավորված անկախությամբ գործելու պայմանները, բացառել փաստաբանների հետագա խուզարկումները եւ սանկցիաներով նրանց պատժելու ձգտումները, պատշաճորեն ապահովել բնապահպանների հանրային շահերի պաշտպանության հիմքով դատական հայցեր ներկայացնելու իրավունքը (actio popularis).
֊ Պետական բոլոր մարմիններից, ինչպես և մերձպետական կառույցներից՝ վերանայել գենդերային կարծրատիպերի, կնատյացության և հոմոֆոբիկ, ինչպես նաև ազգային-կրոնական փոքրամասնությունների նկատմամբ խտրական վարքագծերը՝ որդեգրելով ոչ խտրական քաղաքականություններ.
֊ Հայ առաքելական եկեղեցուց վերանայել սեփական խտրական քաղաքականությունը և դրանից բխող հանրային կյանքին միջամտությունները, իր կողմից մարդկանց որոշ խմբերի նկատմամբ ատելության քարոզն ու դրա տարածման քաղաքականությունը.
֊ Միջազգային կազմակերպություններից և դրանց տեղական գրասենյակներից առավել հետեւողական լինել մարդու իրավունքների առաջնահերթության սկզբունքը Հայաստանում ամրապնդելու գործում և ՀՀ կառավարությունից համառորեն պահանջել միջազգային պարտավորությունների լիարժեք իրականացում: Բացի դրանից, սեփական կառույցների աշխատակիցների ընտրության չափանիշներում կարևորել նրանց ոչ խտրական և ոչ հոմոֆոբ դիրքորոշումները։
Զեկույցն ամբողջությամբ՝ ՀՌՀ Երևանի տարեկան զեկույց_2017