Հայաստանի 907 փաստաբաններ դեմ են Դատական օրենսգրքի նախագծով սահմանված՝ դատարանի կողմից փաստաբանի նկատմամբ տուգանքի կիրառում նախատեսող իրավակարգավորմանը։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի Փաստաբանների պալատը՝ Ազգային ժողովից և Կառավարությունից պահանջելով համապատասխան դրույթները շրջանառությունից հանելու համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկել։
«Գործող իրավակարգավորումը երաշխավորում է փաստաբանների պաշտպանությունը դատարանի հնարավոր անհիմն ներգործության միջոցներից, մինչդեռ Նախագծով նախատեսված նոր մոտեցումը վտանգում է փաստաբանության անկախությունը (այդ թվում՝ փաստաբանի, որպես իրավապաշտպան գործունեություն իրականացնող անձի, մասնագիտական ինքնուրույնությունը) և ազատությունը, որոնք երաշխավորված են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով և միջազգային իրավական ակտերով։ Նախագծի հիմնավորման մեջ որևէ փաստարկ ներկայացված չէ, թե ինչու է որոշվել փաստաբանի նկատմամբ տուգանք կիրառելու հնարավորություն տալ դատավորին: Փաստաբանի անկախության և ազատության սահմանափակումը կհանգեցնի արդար դատաքննության իրավունքի խաթարմանը», -նշված է հայտարարության մեջ։