Թուրքահայ մտավորական, Ստամբուլում թուրքերեն ու հայերեն լեզուներով լույս տեսնող «Ակօս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործի շրջանակում մասնագիտական անփութություն կատարելու մեղադրանքով հոկտեմբերի 7֊ին ձերբակալված Թուրքիայի ոստիկանության հինգ նախկին ծառայողներ այսօր ազատ են արձակվել։ Անազատության մեջ գտնվող ևս չորս ոստիկանի դեմ կանխամտածված սպանություն իրականացնելու, ապօրինի հանցավոր խմբավորում հիմնելու/դրա անդամը լինելու մեղադրանքները հանվել են, հայտնում է թուրքական Hurriyet պարբերականի կայքը։
9 ոստիկաններ Դինքի սպանության պահին աշխատելիս են եղել Թուրքիայի ոստիկանության՝ Ստամբուլի, Անկարայի և Տրապիզոնի վարչություններում։ Տրապիզոնի ոստիկանության հետախուզության բաժնի նախկին ծառայողներ Ունիթ Ֆարուք Սարըն, Յըլմազ Անգընը, Բյուլենթ Դեմիրելեքին, Օսման Գյուլբելը, Մեհմեթ Այհանն ու Օմուրը Քարաքայան արդարացվել են ու ազատ արձակվել Ստամբուլի դատարանի որոշմամբ։ Մեկ այլ վճռով դատարանը «սպանության հանգեցրած մասնագիտական անփութություն կատարելու» մեղադրանքով նախկինում ձերբակալված Ռամազան Աքյուրեքի, Էրջան Դեմիրի, Օզքան Մումջուի և Մուհիթին Զենիթի վրայից հանել է կանխամտածված սպանության և հանցավոր խմբավորում հիմնելու մեղադրանքները։
Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին ազգայնական Օգյուն Սամասթի կողմից՝ «Ակօս»֊ի խմբագրության դիմաց։ Վերջինս դատապարտվել է 23 տարվա ազատազրկման: Ավելի ուշ Յասին Հայալը ցմահ ազատազրկման է դատապարտվել սպանությունը հրահրելու մեղադրանքով, իսկ ազգայնական Էրհան Թունջելը, ում մեղադրում էին սպանությունը պատվիրելու մեջ, արդարացվել է:
2014 թվականի նոյեմբերին Սամասթը նոր ցուցմունք է տվել՝ հայտարարելով, որ սպանության հետևում կանգնած են Տրապիզոնի այն ժամանակվա ոստիկապանապետ Ռամազան Աքյուրեքն ու Ստամբուլի ոստիկանության հետախուզության վարչության այն ժամանակվա պետ Ալի Ֆուաթ Յըլմազերը։
Սամասթի ցուցմունքը սկիզբ է դրել նոր հետաքննության, որի շրջանակում մինչ օրս ձերբակալվել ու հարցաքննվել են մի շարք բարձրաստիճան ոստիկաններ ու պաշտոնյաներ։