Home / Մշակույթ / Մասնակցել հայկական «ներկային», որում չէին նախատեսում լինել

Մասնակցել հայկական «ներկային», որում չէին նախատեսում լինել

ՆՓԱԿ-ում բացվել է Ռուսաստանից Հայաստան տեղափոխված արվեստագետների «Տասներեք» ցուցահանդեսը․

«Մեկ ամիս մի խումբ արվեստագետների հետ մենք աշխատել ինքնաբերաբար ստեղծված իրողությունների ու մտքերի վրա, փորձել հասկանալ միգրացիաների էությունը և ձեռք բերել շարժունակություն։ Այս ընթացքում մասնակիցներից շատերը դարձան բոլորովին այլ պատմության քաղաքացիներ, տեղական գործընթացների վկաներ և հայկական «ներկայի» մասնակիցներ, որում չէին էլ նախատեսում լինել։

Մեզնից յուրաքանչյուրն ընտրել է այն սկզբնակետը, որն իր համար առավել անվտանգ վակուում էր ստեղծում, ուստի ավելի հեռավոր դիրքում լինելու ընտրությունն այս պարագայում ևս ընտրություն է։ Իրականության մարտահրավերին յուրաքանչյուրն արձագանքում է յուրովի։

Առաջին մի քանի ամիսների ընթացքում միգրանտները չեն ընդունում, որ միգրանտ են՝ ճիշտ այնպես, ինչպես փախստականները չեն ընդունում, որ փախստական են։ «Ռելոկացիա» բառը մենք հորինել ենք՝ իրականությանը չառերեսվելու, իրերի հին դասավորությունը պահպանելու համար։ Բնակության վայրը փոխվել է, բայց ցանկությունը՝ շարունակել զբաղվել նրանով, ինչով զբաղվել ես, մնացել է՝ կայուն գոյությունը ապահովելո՞ւ, թե՞ սեփական սխալները չընդունելու համար։

30 տարի շարունակ ՆՓԱԿ-ը եղել է ոչ միայն հայտնին ու հասկանալին, այլև փորձարարականն ու անցումայինն արտահայտելու վայր։ 90-ականներին ՆՓԱԿ-ի կողմից ուրվագծված շրջանակը այսօր ևս արդիական է։

Անկայունություն, պառակտում հասարակություններում և աշխարհում․ մնում է միայն հավաքել բեկորները՝ իմաստների ու ընկալումների ավերակներում, ստեղծել նոր կապեր և կողմնորոշվել տարերայնության մեջ: ՆՓԱԿ-ն դարձել է լուսանցքային մտորումների ու գործողությունների գոյության յուրօրինակ ապաստարան», – ասված է ցուցահանդեսի համադրող Բէլա Պողոսյանի տեքստում։