Home / Բանակ / Շինզո Աբեն ամենայն հավանականությամբ չի ապրի

Շինզո Աբեն ամենայն հավանականությամբ չի ապրի

Ճապոնական Նարա քաղաքում մահափորձ է կատարվել նախկին վարչապետ Շինզո Աբեի դեմ։ Ըստ մամուլի և պաշտոնական տեղեկությունների, նրա կյանքը փրկելու հավանականությունը մոտ է զրոյականին։

Ոստիկանությունից հայտնում են, որ հավանական կրակողը՝ 41-ամյա նախկին զինվորական Յամագայի Տեցույան, ձերբակալվել է։ Մոտիվները հայտնի չեն։

Հայտնում են, որ Աբեի սիրտը կանգնել է։ Տեղում աշխատող լրագրողները նշում են, որ Ճապոնիայում այդպես են ասում, երբ մահը պաշտոնապես հաստատված չէ։ Դեպքի վայրից նրան ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց։

Թարմացում․ Շինզո Աբեն մահացել է՝ հաղորդել է NHK հեռուստաալիքը։ Մահը վրա է հասել կրծքավանդակի և վզի շրջանում հրազենային վնասվածքից։

Տեղական լրատվամիջոցները հայտնել են, որ հրձիգը մոտ երեք տարի ծառայել է Ճապոնիայի ռազմածովային ինքնապաշտպանության ուժերում։ Նա արդեն ցուցմունք է տվել և հայտարարել, որ ցանկացել է սպանել Աբեին նրա քաղաքականությունից դժգոհ լինելու պատճառով։

67-ամյա Շինզո Աբեն լքել է վարչապետի պաշտոնը 2020 թվականին՝ առողջական խնդիրների պատճառով։ Նա Ճապոնիայի կառավարության ամենաերկար պաշտոնավարած վարչապետն է համարվում։ Ազդեցիկ ֆիգուր է իշխող Լիբերալ-ժողովրդավարական կուսակցությունում։

«Սա մեծ շոկ է Ճապոնիայի բնակիչների համար․ հրազեն ունենանլը երկրում խիստ սահմանափակված է, իսկ բռնությունը քաղաքականությունում գրեթե ամբողջությամբ բացակայում է», – բացատրում է BBC-ի Տոկիոյի թղթակիցը։

Մահափորձի ժամանակ Շինզո Աբեն ելույթ էր ունենում Նարայի կայարանի մոտ տեղի ունեցող հանրահավաքում, որը կազմակերպվել էր ի աջակցություն իշխող կուսակցության թեկնածուի։ Եկող կիրակի Ճապոնիայում խորհրդարանի վերին պալատի ընտրություններն են։

Աբեն վարչապետ է եղել երկու անգամ և այդ պաշտոնում բոլորից երկար է աշխատել։ Գործող վարչապետ Ֆումիդո Քիսիդան Աբեի հովանավորյալն է։

Շինզո Աբեն նախկին արտգործնախարարի որդին է, իսկ իր պապու եղբայրը նախկինում ևս ղեկավարում էր կառավարությունը։ Առաջին անգամ Աբեն վարչապետ էր ընտրվել 2006-ին՝ դառնալով հետպատերազմյան Ճապոնիայի կառավարության ամենաերիտասարդ ղեկավարը։