2003 թվականից ի վեր առաջին անգամ պաշտոնական Տոկիոն Կուրիլյան կղզիներն անվանել է «ապօրինաբար բռնազավթված» տարածք։
Ապրիլի 22-ին Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը նախարարների կաբինետին է ներկայացրել «Դիվանագիտության կապույտ գրքի» (ամենամյա կառավարական տեղեկագիրք երկրի արտաքին քաղաքականության մասին, թողարկվում է՝ սկսած 1957 թվականից) նոր հրապարակումը։
Կապույտ գրքի նոր թողարկման մեջ վերջին 19 տարիների ընթացքում առաջին անգամ Կուրիլյան կղզիները որակվել են որպես օկուպացված տարածք։
Kyodo գործակալության փոխանցմամբ՝ գրքի թարմացված տարբերակում նշվում է նաև, որ Կուրիլները «Ճապոնիայի անբաժան մասն են»․ 2011-ից ի վեր նման նկարագրություն փաստաթղթում չի հանդիպել։
Կուրիլյան կղզիները կղզեխումբ է Օխոտի ծովի և Խաղաղ օվկիանոսի սահմանագծում։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Հարավկուրիլյան կղզիներն անցել են Խորհրդային միության վերահսկողության ներքո․ այժմ դրանք ներառված են Ռուսաստանի (Սախալինի մարզի) կազմում։ Ճապոնիան մինչ օրս վիճարկում է արխիպելագի հարավային կղզիների՝ Իտուրուպի, Կունաշիրի, Շիկոտանի և Հաբոմայի կղզեխմբի պատկանելիությունը։
Երկրորդ համաշխարհայինից հետո ԽՍՀՄ-ի և Ճապոնիայի միջև խաղաղության պայմանագիր այդպես էլ չի ստորագրվել։ 1956 թվականին ԽՍՀՄ-ն Ճապոնիայի հետ կնքել է խաղաղության հռչակագիր՝ խոստանալով դաշնագրի ստորագրումից հետո վերադարձնել Շիկոտան և Հաբոմայի կղզիները։ Ճապոնիան պահանջել է վերադարձնել նաև հարավկուրիլյան մյուս կղզիները։ Դաշնագիրն արդյունքում չի ստորագրվել։ 2018 թվականի նոյեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել էր վերջապես կնքել այդ պայմանագիրը, կողմերը վերադարձել էին բանակցությունների։
Փետրվարի 24-ից հետո, երբ Ռուսաստանը լայնածավալ պատերազմ սկսեց Ուկրաինայի դեմ, Ճապոնիան միացավ Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներին, Մոսկվան էլ հրաժարվեց Տոկիոյի հետ խաղաղության դաշնագրի բանակցություններից։ Բացի այդ՝ Ռուսաստանը չեղարկել է ճապոնացիների համար Կուրիլներ առանց վիզայի այցելության ռեժիմը և դուրս եկել կղզիներում տնտեսական գործունեության երկխոսությունից․ Ճապոնիան ներառվել է Ռուսաստանի համար «ոչ բարեկամական երկրների» ցանկում։
Ապրիլի 22-ին ճապոնական ԱԳՆ-ն կրկին դատապարտել է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումը՝ այն անվանելով «միջազգային աշխարհակարգի հիմքերը խարխլող բռնություն ոչ միայն Եվրոպայում, այլև Ասիայում»։ Ուկրաինայում պատերազմի ֆոնին Տոկիոն ի վիճակի չէ գնահատել կղզիների և խաղաղության պայմանագրի շուրջ Մոսկվայի հետ բանակցությունների հեռանկարները՝ նշվում է արտգործնախարարության կազմած փաստաթղթում։