Ապրիլի 23-ին հայտնի է դարձել, որ Ճապոնիայի Արդարադատության նախարար Տոսիո Օգավան մտադիր է այլընտրանքային տարբերակ գտնել կախաղանի միջոցով մահապատժի իրականացմանը: Այս խնդրի շուրջ առաջին քննարկումները կկայանան արդեն այսօր:
Ճապոնական հեռուստաալիքների տեղեկություններով` Արդարադատության նախարարը ցանկանում է միջգերատեսչական քննարկումներ անցկացնել, որի ընթացքում մահապատժի կիրառման նոր միջոցներ կարող են առաջարկվել: Կախաղանի միջոցով մահապատժին դեմ հանդես եկող անձինք գտնում են, որ դա չափազանց դաժան գործընթաց է:
Ինչպես գրում է «Газета.Ru»-ն, ճապոնացի նախարարը բազմիցս ընդգծել է, որ հանցագործներին կախաղան բարձրացնելն իր պարտքն է: Աղբյուրը նշում է, որ հենց նա էր հրամայել ընթացիկ տարվա մարտի 29-ին մահապատժի ենթարկել երեք հանցագործների:
Երկրի տարբեր բանտերում կախաղան էին բարձրացվել ավտովթարի արդյունքում 15 մարդկանց մահվան պատճառ դարձած վարորդը, երկու կանանց սպանած կողոպտիչը, և մի տղամարդ, ով սպանել էր ամուսնալուծություն պահանջող իր կնոջը, երեխային և կնոջ ծնողներին: Մինչ այդ Ճապոնիայում մահապատիժ վերջին անգամ կիրառվել էր 2010 թվականին: