Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեն հրաժարականի դիմում է ներկայացրել։ Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար ընտրվելուց հետո Աբեն կդադարեցնի լիազորությունները, այս մասին նախկին վարչապետը հայտարարել է Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
65-ամյա քաղաքական գործիքը խոցային կոլիտ ուներ, վերջին շրջանում նրա առողջական վիճակը վատացել էր։
Աբեն Ճապոնիայի պատմության ամենառուսամետ կառավարության ղեկավարն էր, ինչը, սակայն, չօգնեց համաձայնության հասնել ռուս֊ճապոնական հարաբերություններում պաշտոնական Տոկիոյի համար ամենաառանցքային հարցում․ Կուրիլյան կղզիների կարգավիճակի փոփոխություն։
Աբեն մայրական կողմից ճապոնիայի 37-րդ վարչապետ Նոբոսուքե Քիշիի թոռն է և Արտաքին գործերի նախկին նախարար Սինտարո Աբեի որդին։ Քաղաքական կարիերան սկսել է 1982 թվականին՝ դառնալով իր հոր քարտուղարը։ 1993 թվականին Խորհրդարանի անդամ է դարձել՝ ընտրվելով այն նույն շրջանից, որոնցից ավելի վաղ ընտրվել էին հայրն ու պապը։
2006 թվականին Աբեն դառնում է Ճապոնիայի պատմության ամենաերիտասարդ վարչապետը՝ պաշտոնին անցնելով 52 տարեկան հասակում։ Նա ղեկավարում էր Ճապոնիայի Ազատական֊ժողովրդավարական կուսակցությունը, որի նախկին նախագահը իր հայրն էր՝ Սինտարո Աբեն։ 2007 թվականին Շինզո Աբեն հրաժարականի դիմում է ներկայացնում՝ խոցային կոլիտի պատճառով։ Հատկանշական է, որ հենց այդ ժամանակ Աբեի ղեկավարած կառավարությունը կոռուպցիոն խոշոր սկանդալների կիզակետում էր։
2012-ի դեկտեմբերին Աբեն նորից ստանձնում է վարչապետի պաշտոնը։
Պաշտոնավարման ընթացքում Աբեն 27 անգամ հանդիպում է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ 2013 թվականի ապրիլից հետո 11 անգամ պաշտոնական այցով Ռուսաստան է ժամանել, 4 անգամ մասնակցել է Վլադիվաստոկում կազմակերպվող Արևելյան տնտեսական ֆորումին։ Կառավարման ողջ ընթացքում Աբեն քաղաքական ու տնտեսական համագործակցություն է պահել Ռուսաստանի հետ՝ առանց Մոսկվայի կողմից անհրաժեշտ զիջումների։ Վարչապետի հիմնական խոստումը Ռուսաստանի հետ Կուրիլյան կղզիների վերադարձման մասին համաձայնության կնքումն էր, ինչը, սակայն, չհաջողվեց։
Ճապոնյան Կուրիլյան կղիների հետ կապված մեծ հավակնություններ ունի։ Աբեն փոխզիջումների կողմնակից է։
Կուրիլյան Իտուրուպ, Կունաշիր, Շիկոտան և Հաբոմայի կղզիները Ռուսաստանի Սախալինի մարզի տարածքում են։ Դրանք ԽՍՀՄ֊ին են միացել Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո։ 1956 թվականին Խորհրդային Միության և Ճապոնիայի միջև համաձայնագիր է կնքվել, որի համաձայն Շիկոտան և Հաբոմայի կղզիները պետք է վերադարձվեին Ճապոնիային։ Ավելի ուշ Ճապոնիան հավակնություններ է հայտնում բոլոր չորս կղզիների նկատմամբ։ Աբեն, այնուամենայնիվ, համաձայն էր երկու կղզիների վերադարձի պահանջին։
2019 թվականին ռուսական կողմը հայտարարեց, որ չի պատրաստվում բանակցել այդ կղզիների շուրջ։
«Աբեն իր նպատակին չհասավ, խաղաղ պայմանագրի կնքման ուղղությամբ ոչ մի սանտիմետր առաջխաղացում նրա օրոք չգրանցվեց՝ չնայած այն բանին, որ նա համաձայնում էր Տոկիոյի համար ամենամեծ զիջումներին։ Հետագա վարչապետներից ոչ ոք այսքան համբերատար չի գտնվի Ռուսաստանի հետ հարաբերություններում», – ֆեյսբուքի իր էջում գրել է ճապոնագետ Վասիլի Գոլովնինը։