ԱՄՆ-ն, Ճապոնիան, Հարավային Կորեան և Եվրոպայի մի շարք երկրներ հինգշաբթի բոյկոտել են ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Իրի մահը մեկ րոպե լռությամբ հարգելու նախաձեռնությունը:
Ըստ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի նախագահ Նասիր Աբդուլազիզ ալ-Նասարի` մեկ րոպե լռությունը Հյուսիսային Կորեայի խնդրանքին ի պատասխան արված «արարողակարգային» պատասխան քայլ էր:
«Կորեայի աշխատավորական կուսակցության Գերագույն քարտուղար, ԿԺԴՀ պաշտպանության պետական կոմիտեի նախագահ, Կորեայի ազգային բանակի գլխավոր հրամանատար Կիմ Չեն Իրի հիշատակին հարգանքի տուրք մատուցելը իմ տխուր պարտականությունն է»,- ասել է նա:
Բողոքին մասնակցած երկրների շատ դիվանագետներ, այդուհանդերձ, այդ քայլն անտեղի են համարել են` նշելով, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը, ի տարբերություն Գլխավոր ասամբլեայի, մերժել է «Հյուսիսային Կորեայի առաջնորդի մահվան կապակցությամբ նրա հիշատակին հարգանքի տուրք մատուցելու առաջարկը»:
ՄԱԿ-ում Հյուսիսային Կորեայի դեսպան Սին Սոն-Հոնը և այլ դիվանագետներ գլխահակ են հարգել Կիմ Չեն Իրի հիշատակին նվիրված մեկ րոպե լռությամբ, սակայն ՄԱԿ-ի անդամ 193 երկրների ներկայացուցիչների ընդամենը մեկ երրորդն է այդ պահին եղել դահլիճում: