Ճապոնիայում իշխող Ազատական֊ժողովրդավարական կուսակցությունն (ԱԺԿ) իր նոր առաջնորդի պաշտոնում ընտրել է 71-ամյա քաղաքական վետերան Յոշիհիդե Սուգային։
ԱԺԿ Ճապոնիայի խորհրդարանում մեծամասնություն է կազմում, ինչը նշանակում է, որ Սուգայի ընտրությունը վարչապետի պաշտոնում երաշխավորված է։ Խորհրդարանում նրա թեկնածության վերջնական հաստատումը տեղի կունենա չորեքշաբթի օրը։
Սուգան կղեկավարի Ճապոնիայի կառավարությունը մինչև 2021 թվականի սեպտեմբերին կայանալիք հերթական խորհրդարանական ընտրությունները։
Նախկին վարչապետ Շինզո Աբեն հրաժարականի դիմում էր ներկայացրել օգոստոսի 28-ին, առողջական խնդիրների պատճառով։
Յոշիհիդե Սուգան այնքան էլ փորձառու չէ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերում, բայց Ճապոնիայում նա հայտնի է որպես խիստ արդյունավետ աշխատող քաղաքական գործիչ։
Նախկինում Սուգան պաշտոնավարել է որպես նախարարների պալատի քարտուղար։ Նախկին վարչապետ Շինզո Աբեի մտերիմն է։ Տեղական լրատվականների պնդմամբ, Սուգային որպես իր հաջորդող ընտրել է հենց Աբեն։ Նրա պաշտոնավարման ընթացքում քաղաքական առանցքային փոփոխություններ չեն ակնկալվում։
«Շինզո Աբեն ու մյուս կուսակցական առաջնորդները Սուգային ընտրել են հիմնականում այն պատճառով, որ նա լավագույն մարմնավորում է իշխանության ժառանգականությունն ու կարող է կարունակել Աբեի կառավարումն առանց Աբեի», – Բի֊բի֊սի֊ի հետ զրույցում հայտարարել է Տոկիոյի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Կոիչի Նականոն։
Իշխանափոխությունը տեղի է ունեցել դ֊վար ժամանակներում։ Ճապոնիան պայքարում է կորոնավիրուսի պանդեմայի դեմ, որի արդյունքում երկրի նորագույն պատմության ամենածանր տնտեսական ճգնաժամն է սկսվել։
Վերջին տարիներին Ճապոնիայում նկատվող աճը գրեթե աննշան էր։ Նախկին վարչապետի նախաձեռնած տնտեսական վերագործարկման նախագիծը, որը «աբենոմիկա» («Աբե» և «Էկոնոմիկա» բառերից) անվանումն էր ստացել, նոր սկսել էր գործել, բայց չհասցրեց դրական արդյունքներ ցույց տալ համավարակի պատճառով։
Չլուծված մնացած հարցերից էր նաև հետպատերազմական պացիֆիստական սահմանադրությունը։ Շինզո Աբեն ծրագրում էր պաշտոնապես օրինականացնել մինչ օրս «Ինքնապաշտպանության ուժեր» անունը կրող ճապոնական բանակն ու չեղարկել երկրի սահմաններից դուրս, անգամ միջազգային մանդատով խաղաղաշինական գործողություններում մասնակցության արգելքը։
Սուգայի քննադատները կարծում են, որ այս հարցերը նրա պաշտոնավարման ընթացքում անպատասխան կմնան, քանի որ նոր վարչապետը աչքի չի ընկնում մարտավարական հմտություններով, հիմնականում խոսում է ազատական պատասխանատվության եզրույթներով։
Կուրիլյան փակուղին
Ռուսաստանի և Ճապոնիայի հարաբերություններում առանցքային նշանակություն ունի Կուրիլյան կղզիների վիճելի տարածքների պատկանելության հարցը։
Ճապոնյան կղզիների հետ կապված մեծ հավակնություններ ունի։ Նախկին վարչապետ Շինզո Աբեն փոխզիջումների կողմնակից էր։
Կուրիլյան Իտուրուպ, Կունաշիր, Շիկոտան և Հաբոմայի կղզիները Ռուսաստանի Սախալինի մարզի տարածքում են։ Դրանք ԽՍՀՄ֊ին են միացել Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո։ 1956 թվականին Խորհրդային Միության և Ճապոնիայի միջև համաձայնագիր է կնքվել, որի համաձայն Շիկոտան և Հաբոմայի կղզիները պետք է վերադարձվեին Ճապոնիային։ Ավելի ուշ Ճապոնիան հավակնություններ է հայտնում բոլոր չորս կղզիների նկատմամբ։ Աբեն, այնուամենայնիվ, համաձայն էր երկու կղզիների վերադարձի պահանջին։ 2019 թվականին ռուսական կողմը հայտարարել էր, որ չի պատրաստվում բանակցել այդ կղզիների շուրջ։
Փորձագետները վստահ են, որ Յոսիհիդե Սուգան զուտ ժամանակավոր վարչապետ է, և կղզիների շուրջ բանակցային լուրջ փոփոխություններ պետք չէ ակնկալել։