Home / Ոստիկանություն / Ջորջ Ֆլոյդին սպանած ոստիկանը դատապարտվեց 20 տարվա ազատազրկման

Ջորջ Ֆլոյդին սպանած ոստիկանը դատապարտվեց 20 տարվա ազատազրկման

Ջորջ Ֆլոյդին սպանած նախկին ոստիկան Դերեկ Շովինը դատապարտվել է 20 տարվա ազատազարկման՝ սպանվածի քաղաքացիական իրավունքները խախտելու դաշնային հոդվածով։ 

Մեկ տարի առաջ Շովինը 22 տարվա ազատազրկման էր դատապարտվել սպանության հոդվածով։ Այնուամենայնիվ, այս երկու ժամկետները չեն գումարվելու իրար՝ դատախազների խնդրանքով։ Շովինը դրանք անցնելու է զուգահեռաբար։ Միակ բանը որ փոխվելու է այն է, որ նա Մինեսոտայի տեղական բանտից տեղափոխվելու է դաշնային բանտ։ 

Հիշեցնենք՝ 2020թ․-ի մայիսի 25-ին Մինեապոլիս քաղաքում չորս սպիտակ ոստիկանների կողմից ձերբակալության ժամանակ սպանվեց 46-ամյա աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդը։ Ոստիկաններից մեկը՝ Դերեկ Շովինը, ծունկը դրել էր Ֆլոյդի կոկորդին և սեղմել գետնին 8 րոպե 46 վայրկյան, վերջին 2 րոպե 53 վայրկանում Ֆլոյդը կորցրել էր գիտակցությունը։ Մյուս 3 ոստիկանները պարզապես կանգնած հետևել էին սպանությանը։ 

Դեպքից հետո ԱՄՆ տարբեր նահանգներում (ինչպես նաև եվրոպական որոշ քաղաքներում) ամիսներ շարունակ բացմահազարանոց բողոքի ցույցեր սկսվեցին ոստիկանական ամենաթողության և համակարգային ռասիզմի դեմ։ Ցուցարարները պահանջում էին պատասխանատվության ենթարկել Ֆլոյդին սպանած ոստիկաններին, վերացնել ոստիկանական ռասիզմը, կրճատել ոստիկանության ֆինանսավորումն ու զինաթափել այն։ 

Շովինը մեղավոր է ճանաչվել նաև մեկ այլ սևամորթ համաքաղաքացու՝ 14-ամյա դեռահասի իրավունքները ձերբակալության ժամանակ խախտելու համար։ Շովինը բռնել էր նրա կոկորդից, լապտերով հարվածել գլխին, իսկ հետո 17 րոպե ծնկով սեղմել ձեռնաշղթաներով հատակին պառկած անչափահասի կոկորդին։ Պատանին չի դիմադրել, ամբողջ ընթացքում միայն մորն է կանչել։ 

Ամբողջ տեսարանը, ըստ մեղադրող կողմի, տեսագրված է, սակայն, չի հրապարակվում։

Ջորջ Ֆլոյդը ո՛չ առաջինն էր, ո՛չ վերջինը․ ԱՄՆ֊ում 20-րդ դարի սկզբից մինչ օրս ռասայական հիմքով հանցագործությունները և դրանց հաջորդող հանրային խռովությունները երկար պատմություն ունեն։