Ուզբեկստանի Կարակալպակստանի ինքնավար հանրապետությունում արյունալի բողոքի ցույցերից հետո իրավիճակը, կարծես, կայունացել է: Միևնույն ժամանակ համացանցը դեռ չի վերականգնվել, իսկ բողոքի ակցիաներ կազմակերպելու մեջ կասկածվողները, չհաստատված տեղեկությունների համաձայն, ուղարկվել են հարևան շրջանների բանտեր։
Ըստ Ուզբեկստանի գլխավոր դատախազության՝ ցույցերի ընթացքում զոհվել է առնվազն 18 մարդ, նվազագույնը 243 հոգի (այդ թվում՝ իրավապահ մարմինների 38 ծառայող) վիրավորվել։
Հիշեցնենք, որ ցուցարարների հիմնական պահանջը՝ հետ կանգնել հանրապետության ինքնավարության նկատմամբ ոտնձգություններից, պրոտեստների արդյունքում բավարարվել է․ Ուզբեկստանի նախագահն ու խորհրդարանը հայտարարել են, որ սահմանադրական փոփոխությունների փաթեթից Կարակալպակստանի կարգավիճակին վերաբերող դրույթները կհանվեն։
«Մենք մնացել ենք առանց տեղեկատվության հասանելիության։ Մարդիկ վախենում են։ Համատիրությունների ղեկավարները շրջում են տներով և զգուշացնում․ «Դուրս մի եկեք, այլապես մենք պատասխանատու չենք, եթե ձեզ փակեն [բանտերում]»», – «Ազատտիկ» ռադիոկայանին (Ազատության Ղազախստանի ծառայությունը) հեռախոսով հայտնել է մայրաքաղաք Նուկուսից 33-ամյա մի տղամարդ:
Հուլիսի 6-ին իշխանությունները հայտարարեցին, որ համացանցի հասանելիությունը «ժամանակավորապես» սահմանափակվել է Կարակալպակստանում՝ իբր կանխելու համար կեղծ լուրերի տարածումը, որոնք «ուղղված են անջատողականություն հրահրելուն» և երկիրը «ապակայունացնելուն»։
Կառավարությունը նաև հայտարարել է, որ Կարակալպակստանը վերադարձել է բնականոն կյանքի․ վերաբացվել են «մթերային խանութները, շուկաները, հացի փռերը, բանկերը, հիվանդանոցները և սոցիալական այլ հաստատությունները»:
Շաբաթվա սկզբին ուզբեկական մի շարք լրատվամիջոցներ, իրենց հերթին, գրում էին, որ Կարակալպակստանում բանկոմատները չեն աշխատում և պետական շատ ծառայություններ անհասանելի են։
«Այժմ Նուկուսում իրավիճակը հանգիստ է։ [Կառավարության] նիստին ասվել է, որ եթե այդպես մնա, իշխանությունները ժամանակից շուտ կհանեն պարետային ժամը», – «Ազատտիկ» ռադիոկայանին ասել է Կարակալպակստանի ՆԳՆ մի պաշտոնյա։
Տեղի բնակիչները հաստատել են, որ իրավիճակը կայունացել է, միաժամանակ նշելով, որ անցակետերը դեռևս չեն հանվել։ Նրանց խոսքերով՝ զինվորներն ու ոստիկանները դեռ հսկում են փողոցները, իսկ քաղաքներում զրահափոխադրիչներ են երևում։
Նուկուսի բնակիչներից մեկը պատմել է, որ Կարակալպակստանի և հարակից շրջանների սահմանին «ամենուր անցակետեր են տեղադրվել»։ Կարակալպակստանի և հարևան Խորեզմի շրջանի միջև առևտուրը դադարեցվել է՝ զրկելով շատերին ապրանքների մատակարարման հիմնական ճանապարհից:
Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Ուզբեկստանի կենտրոնական իշխանությունները նախատեսում են փոխել երկրի Մայր օրենքը՝ թուլացնել Կարակալպակստանի ինքնիշխանության երաշխիքները և զրկել հանրապետությունը Ուզբեկստանի կազմից դուրս գալու իրավունքից։ Նոր սահմանադրությամբ նախատեսվում է նաև երկարաձգել նախագահի պաշտոնավարման ժամկետները (5-ի փոխարեն 7 տարի) և զրոյացնել պետության գործող ղեկավար Շավքաթ Միրզիոևի (իշխանության է եկել 2016 թվականին՝ առաջին նախագահի մահվանից հետո) նախագահական ժամկետները։
Արդեն հուլիսի 1-ին՝ տեղական ատիվիստներից մեկի կասկածելի ձերբակալությունից հետո, Կարակալպակստանի քաղաքներում՝ Չիմբայում, մայրաքաղաք Նուկուսում հազարավոր մարդիկ էին հավաքվել։ «Օզոդլիք» ռադիոկայանը հաղորդում էր տասնյակ հազարավոր ցուցարարների մասին։