Հիջաբ չկրող կանանց պատժելու համար՝ Իրանի իշխանությունները նոր ձև են մտածել․ հասարակական վայրերում տեսախցիկներ կտեղադրվեն, հայտարարել է երկրի ոստիկանությունը։ Առանց հիջաբի կանայք, որոնց smart տեսախցիկները կֆիքսեն առաջին անգամ, գրավոր նախազգուշացում կստանան, իսկ երկրորդ անգամ՝ դատարանի որոշմամբ կտուգանվեն կամ կձերբակալվեն։
Ավտոմեքենաների վարորդները ևս նկատողություն կստանան, եթե ուղևորներից մեկի մոտ դրես կոդի խախտում նկատեն, իսկ եթե խախտումը կրկնվի, նրանց փոխադրամիջոցները կառգրավվեն՝ հավելել է գերատեսչությունը։
Իրանի ոստիկանությունը նաև կոչ է արել բիզնեսների ղեկավարներին «ջանասիրաբար ստուգումներ անցկացնել և խստորեն վերահսկել հասարակական նորմերի պահպանումը»։
Տեսախցիկները կօգնեն կանխարգելել հիջաբի օրենքի դեմ ծավալվող դիմադրությունը՝ պարզաբանել է գերատեսչությունը և որակել հիջաբը որպես Իրանի ազգաբնակչության քաղաքակրթական հիմքերից մեկը։
Իրանական իշխանությունների՝ պարտադիր հիջաբի օրենքը պահպանելուն ուղղված քաղաքականության շրջանակներում, բացի տեսախցիկներից, Թեհրանի մետրոյում հսկիչ խումբ կձևավորվի՝ «օրինազանց» կանանց մուտքը արգելելու համար։ Այս մասին հաղորդել է այսօր երկրի պետական հեռուստատեսությունը։
Զուգահեռաբար, երկրում օրեցօր աճում են հիջաբ չկրող կանանց հանդեպ բռնության դեպքերը։ Անցյալ շաբաթ իրանական խանութներից մեկում մի տղամարդ յոգուրտ էր շպրտել հիջաբ չկրող երկու կանանց վրա։ Տեսանյութը տարածվել էր համացանցում։ Ուժայինները ձերբակալել էին թե՛ կանանց, թե՛ տղամարդուն։
թունավորումների նոր ալիք
Ապրիլի 8-ին Իրանի մի քանի քաղաքներում դպրոցական աղջիկների թունավորման նոր ալիք է գրանցվել, տասնյակ երեխաներ հոսպիտալացվել են։ Երեխաները տհաճ հոտ են զգացել, ինչից հետո ունեցել են թուլություն և կոկորդի այրոց։ Նրանց անմիջապես բուժհաստատություններ են տեղափոխել, հայտնել է իրանական Fars լրատվամիջոցը։
Վերջին ամիսներին հաղորդվել էր, որ երկրում շուրջ հազար աղջիկ դպրոցականներ թունավորումների զոհ են դարձել։ Ենթադրվում է, որ թունավորումները հետաքննող հանձնաժողովը երկու շաբաթից խորհրդարան կներկայացնի իր զեկույցը միջադեպի առնչությամբ։
Մինչդեռ Իրանի իշխանությունները միջադեպի մեջ շարունակում են մեղադրել երկրի «թշնամիներին»։ Ծնողները, սակայն, պնդում են, որ թունավորումները աղջիկների դպրոցները փակելուն ուղղված դիտավորյալ փորձեր են։ Կասկածի տակ է հայտնվել նաև ինքնահռչակ «Իսլամի պահապաններ» ծայրահեղական խմբավորումը:
Իրանում նկատելիորեն աճել է հիջաբ չկրող կանանց թիվը՝ երկրում հակակառավարական լայնածավալ ցույցերից հետո, որոնք սկսվել էին «ողջախոհության ոստիկանության» 22-ամյա Մահսա Ամինիի սպանությունից հետո։ Ցույցերի ժամանակ ձերբակալվել են հազարավոր մարդիկ և մոտ 500-ը՝ սպանվել (որոնցից առնվազն 64-ը՝ անչափահաս)։ Ձերբակալվածներից 4-ը մահապատժի են ենթարկվել, ևս 109-ին սպառնում է նույն դատավճիռը։
Դեկտեմբերի սկզբին երկրի գլխավոր դատախազ Ջաֆար Մոնթազերին հայտարարել էր, որ «ողջախոհության ոստիկանության» գործունեությունը դադարեցվելու է։ Այնուամենայնիվ, տեղեկությունը պաշտոնապես չհաստատվեց․ կանանց ձերբակալությունները շարունակվում են առ այսօր։
Իրանում 1979 թվականի իսլամական հեղաշրջումից ի վեր հիջաբ կրելը պարտադիր է 9 տարեկանից բարձր բոլոր կանանց և աղջիկների համար։ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին 2022-ի հուլիսի 18-ին հրամայել էր խստորեն հետևել «հիջաբի և ողջախոհության» մասին օրենքի պահանջներին․ որոշ հաստատություններում կանանց հագուկապին վերաբերող մի շարք նոր սահմանափակումներ էին ներմուծվել։ «Ոչ պատշաճ հիջաբով» կանանց մուտքը կարող էր արգելվել, փողոցում նրանց կարող էին կանգնեցնել, հարցաքննել, ձերբակալել։