Իրանում արդեն գրեթե 4 ամիս է՝ շարունակվում են հակակառավարական զանգվածային ցույցերը, որոնք սկսվել էին ողջախոհության ոստիկանության կողմից ձերբակալված 22-ամյա քուրդ Մահսա Ամինիի մահվանից հետո և հաշված օրերի ընթացքում տարածվել ողջ երկրով մեկ։
Iran Human Rights-ի տվյալներով՝ բողոքի գործողությունների ընթացքում առնվազն 481 մարդ է սպանվել, որոնցից 64-ը՝ անչափահաս։ Կան հազարավոր ձերբակալվածներ, տասնյակ անհետ կորածներ։ Ցուցարարներից առնվազն 109-ը կարող է դատապարտվել մահապատժի։
The New York Times-ը հավաքել է մինչ այժմ մահապատժի ենթարկված ցուցարարների տվյալները․ նրանցից չորսը արդեն իսկ կախաղան են հանվել։
Մոհսեն Շեկարի, երաժիշտ
23-ամյա Մոհսեն Շեկարին կախաղան է հանվել 2022 թվականի դեկտեմբերի 8-ին։ Նա առաջինն էր, ում դատավճիռն ի կատար ածվեց։ Շեկարին մեղադրվում էր «Աստծո դեմ թշնամության» (ըստ մեղադրանքի, այն դրսևորվել է «Բասիջ» կիսառազմական աշխարհազորի անդամին դանակարելով), աղբարկղի հրկիզման, ճանապարհներ արգելափակելու և հասարակական անվտանգությանը սպառնալիքներ ստեղծելու մեջ։
Մահապատժի է ենթարկվել ձերբակալությունից ընդամենը 75 օր անց։
Մաջիդրեզա Ռահնավարդ, մարզիկ
23-ամյա Մաջիդրեզա Ռահնավարդը հրապարակավ կախաղան է հանվել 2022 թվականի դեկտեմբերի 12-ին։
Դատարանը Ռահնավարդին մեղադրել է «Բասիջի» երկու աշխարհազորայիններին սպանելու, ևս չորսին՝ վիրավորելու մեջ։ Ձերբակալությունից ընդամենը 23 օր անց մահապատժի է ենթարկել․ քննություննը տևել է մոտ երկու շաբաթ։
Տեսանյութում, որը ձայնագրվել է նրա մահապատժից առաջ, Ռահնավարդը ասում է․ «Ես չեմ ուզում, որ նրանք լացեն իմ գերեզմանին, չեմ ուզում, որ աղոթեն և Ղուրան կարդան ինձ համար։ Երջանի՛կ եղեք և ուրախ երգեր նվագե՛ք»։
Մոհամմադ Մեհդի Քարամի, կարատեի չեմպիոն
22-ամյա Մոհամմաս Մեհդի Քարամին կախաղան է հանվել հունվարի 7-ին։ Մեղադրվում էր «Բասիջի» աշխարհազորայինին սպանելու մեջ։
Իրավապաշտպանները գրում էին, որ մեղադրանքի հիմքում խոշտանգումների միջոցով կորզված ինքնախոստովանական ցուցմունքն էր։
Նրա գործով դատաքննությունն ընդամենը մի քանի օր է տևել։
Սայեդ Մոհամմադ Հոսեյնի
39-ամյա Սայեդ Մոհամմադ Հոսեյնին կախաղան է հանվել հունվարի 7-ին՝ նույն գործով, որով մահապատժի ենթարկեցին Մոհամմադ Մեհդի Քարամին։
Մահապատժի է ենթարկվել ձերբակալությունից մոտ երկու ամիս անց։
Սահանդ Նուրմոհամմադ-Զադե, բոդիբիլդինգի չեմպիոն
26-ամյա Սահանդ Նուրմոհամմադ-Զադե մահապատժի է դատապարտվել «Աստծո դեմ թշնամության» հոդվածով։ Ըստ մեղադրանքի, ընդդեմ Աստծո թշնամությունը դրսևորվել է աղբարկղեր և անվադողեր հրկիզելով, ավտոմայրուղու պատնեշներից մեկը վնասելով։
Դատապարտյալի հարցին՝ «ի՞նչ է նշանակում Աստծո դեմ թշնամություն», դատարանում պատասխանել են․ «Դա այն է, ինչ դու արել ես»։
Քրեական գործը հիմնվում է մի տեսանյութի վրա, որտեղ դիմակավորված անձը ավտոմայրուղու պարիսպով փողոց է փակում։
Մահան Սադրաթ Մարանի
22-ամյա Մահան Սադրաթ Մարանին մեղավոր է ճանաչվել «Բասիջի» աշխարհազորայինի նկատմամբ զինված հարձակման, մոտոցիկլետի հրկիզման և բջջային հեռախոս վնասելու մեջ։ Մեղադանքի հիմքում անորակ մի տեսանյութ է, որով հնարավոր չէ նույնականացնել հարձակվողին։
Մեղադրանքի համաձայն, նա «Բասիջ»-ականի վրա է հարձակվել դանակով։ Իրավապաշտպանները նշում են, որ հիշյալ տեսանյութում նույնիսկ դանակ չկա։
Դեկտեմբերի 14-ին դատապարտյալի փաստաբանը գրել է, որ Գերագույն դատարանը կասեցրել է մահապատժի իրագործումը՝ գործը վերանայելու հայտի հիմքով։ The New York Times-ը ենթադրում է, որ հայցվորները հետ են վերցրել դիմումը։
Մոհամմադ Բորուգանի
19-ամյա Մոհամմադ Բորուգանին մահապատժի է դատապարտվել մաչետե կրելու, վարչական շենք հրկիզելու և պաշտոնատար անձին վիրավորելու համար։
Դատաքննությունն ընդամենը երկու շաբաթ է տևել։
Մոհամմադ Գոբադլու, վարսավիր
22-ամյա Մոհամմադ Գոբադլուն մահապատժի է դատապարտվել «Երկրի վրա կոռուպցիայի» մեղադրանքով։ Գործի հիմքում ավտովթարն է, որի հետևանքով մեկ ոստիկան զոհվել է, ևս մի քանիսը՝ վնասվածքներ ստացել։ Amnesty International-ը պնդում է, որ Գոբադլուն խոստովանական ցուցմունք է տվել խոշտանգումների ներքո։ Նրա փաստաբանի խոսքով, գործի նյութերում բավարար հանցանշաններ չկան։
Գոբադլուի նկատմամբ քրեական հետապնդումը հարուցվել է մի քանի այլ գործերի, այդ թվում՝ Մոհամմադ Բորուգանիի գործի հետ միաժամանակ։ Իրավապաշտպանները պնդում են, որ քննությունը բացահայտորեն կեղծվել է։
Ձերբակալությունից մոտ 1․5 ամիս անց 22-ամյա երիտասարդը դատապարտվել է մահապատժի։
Սաման Սեյդի, երաժիշտ, նկարիչ
24-ամյա Սաման Սեյդին մահապատժի է դատապարտվել օդ կրակելու համար։ Ըստ մեղադրանքի, բողոքի ցույցերի ժամանակ նա երեք կրակոց է արձակել դեպի երկինք։
Իրավապաշտպանները պնդում են, որ նա ինքնախոստովանական ցուցմունք է տվել խոշտանգումների ներքո։ Դատարանը նրա գործը քննել է Մոհամմադ Բորուգանիի և Մոհամմադ Գոբադլուի գործերի հետ միասին։
Մահապատժի դատավճիռը կայացվել է Սաման Սեյդիի ձերբակալությունից ընդամենը մի քանի շաբաթ հետո։
Համիդ Ղարեհ Հասանլու, բժիշկ
53-ամյա Համիդ Ղարեհ Հասանլուն մահապատժի է դատապարտվել «Բասիջի» աշխարհազորայինի վրա հարձակում գործելու մեղադրանքով։
Ուժայինները ձերբակալել են նաև նրա կնոջը՝ Ֆարզանե Ղարեհ Հասանլուին։ Վերջինս դատապարտվել է 25 տարվա ազատազրկման՝ առանց տեսակցությունների իրավունքի։
Իրավապաշտպանները պնդում են, որ զույգը առհասարակ բողոքի ցույցերին չի մասնակցել։ Amnesty International-ի տվյալներով, նոյեմբերի 3-ին նրան՝ զոհված ցուցարարի թաղումից վերադառնալիս, խցանման մեջ են ընկել, իջել մեքենայից և ճանապարհը շարունակել ոտքով։ Քիչ անց տեսել են, ինչպես են ինչ-որ մարդիկ հարձակվում «Բասիջի» աշխարհազորայինի վրա։
Իրավապաշտպանները պնդում են, որ պետական հեռուստաալիքով ցուցադրված տեսանյութում երևում է, ինչպես է Համիդ Ղարեհ Հասանլուն փորձում բաժանել կռվողներին։ Դատարանը, սակայն, հիմնվել է բացառապես մեղադրյալի կնոջ խոստովանական ցուցմունքների վրա, որոնք, ըստ փաստաբանների, կորզվել են խոշտանգումների միջոցով։
Դատավճիռը մեծ արձագանք է ստացել։ Հասանլուն երկար տարիներ բժիշկ է աշխատել անապահով շրջաններում, կամավորություն է արել, անվճար բուժել հիվանդներին։
Բժշկական համայնքի դիմադրության շնորհիվ հունվարի 3-ին Իրանի Գերագույն դատարանը հայտարարել է, որ չեղարկում է մահապատիժը՝ քննությունում առկա թերությունների հիմքով։ Գործը վերադարձվել է նույն դատավորին։
Հոսեյն Մոհամմադի, դերասան
26-ամյա Հոսեյն Մոհամմադին մեղադրվում էր «Բասիջի» անդամին սպանելու մեջ։ Դատաքննությունը ընդամենը մեկ շաբաթ է տևել և ավարտվել մահապատժի դատավճռով։
The New York Times-ը գրում է, որ հունվարի 3-ին Գերագույն դատարանը բեկանել է դատավճիռը՝ գործը վերադարձնելով նույն դատավորին։
Մանուչեր Մեհման Նավազ
45-ամյա Մանուչեր Մեհման Նավազին մեղադրանք է առաջադրվել կառավարական շենք և մի քանի ավտոմեքենա հրկիզելու, «Մոլոտովի կոկտեյլերով» պահակակետի վրա հարձակվելու համար։
Որպես ապացույց՝ դատարանին են ներկայացվել մի քանի տեքստային հաղորդագրություններ, որոնցով Նամազը ցույցերի մասնակելու էր կանչում իր ընկերոջը, և անորակ մի տեսանյութ։ Թե ինչ է երևում այդ տեսանյութում՝ հայտնի չէ։
The New York Times-ը պնդում է, որ մեղադրող դատախազը պահանջել է, որպեսզի Նավազին կախաղան հանեն այն նույն վայրում, որտեղ հրկիզումն է եղել։
Սալեհ Միրհաշեմի, Սաիդ Յագուբի, Մաջիդ Քյազեմի
Հունվարի 9-ին Միրհաշեմին, Յագուբին ու Քյազեմին մահապատժի են դատապարտվել զինված խմբավորման մեջ լինելու համար, որը ենթադրաբար պատասխանատու է Սպահան քաղաքում բողոքի ցույցերի ժամանակ երեք իրավապահների սպանության համար։
Թե կոնկրետ քանի մարդ է մահապատժի դատապարտվել Իրանում բողոքի ցույցերին մասնակցելու համար՝ հայտնի չէ։ Iran Human Rights իրավապաշտպանական կազմակերպության տվյալներով՝ կայացվել է 20 մահվան դատավճիռ, չորս հոգի արդեն ենթարկվել է մահապատժի։
Տես նաև՝
Իրանի հեղափոխությունը իսկականանում է
Խնդիրը հիջաբը չէ․ Իրանում շարունակում են ոչնչացնել երիտասարդներին