Home / Հայաստան / Զանգվածային թունավորում․ Իրանում շարունակում են թիրախավորել աղջիկներին

Զանգվածային թունավորում․ Իրանում շարունակում են թիրախավորել աղջիկներին

Ավելի քան հազար աշակերտուհիների թունավորման հետ կապված անհանգստությունն աճում է Իրանում։ Դպրոցականների ծնողները բողոքի ցույցեր են կազմակերպում Իրանի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ մայրաքաղաքում։

Իշխանությունները միջադեպի մեջ մեղադրում են Իրանի «թշնամիներին»։ Շատերը կասկածում են, որ թունավորումները դիտավորյալ փորձ են՝ աղջիկների դպրոցները փակելու համար:

Իրանում նոյեմբերից ավելի քան 1000 դպրոցականներ, մեծամասամբ՝ աղջիկներ, թունավորումների ալիքի զոհ են դարձել: Սիմպտոմներն են շնչառական խնդիրները, սրտխառնոցը, գլխապտույտն ու հոգնածությունը։

Թունավորման առաջին դեպքը գրանցվել է նոյեմբերի 30-ին Ղոմ քաղաքի դպրոցներից մեկում, երբ շուրջ 18 աշակերտուհիներ հոսպիտալացվել էին։ Այդ ժամանակից ի վեր, ըստ տեղի լրատվամիջոցների, տուժել է առնվազն 58 դպրոց՝ 15 նահանգներում:

Դեպքերի մեծ մասը եղել է աղջիկների դպրոցներում: Ուսուցիչների, դպրոցական տղաների, ինչպես նաև դեպքի վայր ժամանած ծնողների թունավորվելու մասին հաղորդագրություններ նույնպես կան:

Ծնողների կարծիքով՝ աղջիկ դպրոցականները թիրախավորվել են հակակառավարական ցույցերին մասնակցելու համար։ Որոշների կարծիքով էլ՝ թունավորումները աղջիկների դպրոցները փակելու փորձ են։ 

Պաշտոնյաները հակասական պատճառներ են ներկայացրել դպրոցականների թունավորման համար։ Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին հրամայել է հետաքննություն անցկացնել՝ սկզբնաղբյուրը գտնելու համար։

Իշխանությունները շատ կցկտուր տեղեկություններ են հրապարակել հետաքննության մասին՝ հայտարարելով, որ ձերբակալվածներ չկան, և մեղադրելով Իրանի «թշնամիներին»՝ երկրի կարգը տապալել փորձելու մեջ։

Աղջիկները թունավորվել են քիմիական նյութերով, որոնք «ռազմական կարգի չեն և հասանելի են հանրությանը»՝ մի շաբաթ առաջ մամուլի ասուլիսում հայտարարել է Առողջապահության փոխնախարար Յունես Փանահին։ Հետաքրքիր է, որ փոխնախարարը նաև ասել է․ «ակնհայտ է՝ որոշ մարդիկ ցանկանում են, որ բոլոր դպրոցները, հատկապես՝ աղջիկների, փակվեն»՝ ավելի ուշ հայտարարելով, որ իր խոսքերը սխալ են հասկացվել: 

Այնուամենայնիվ, այս հայտարարությունը կարծես հաստատում է, որ կառավարության կարծիքով՝ թունավորումները կանխամտածված են։ Իսկ դրա հերքումը ենթադրում է տարաձայնություններ պաշտոնյաների միջև այն հարցի շուրջ, թե ինչպես վարվել հանրային զայրույթի հետ, երբ կասկածյալներ չեն հայտնաբերվել:

Փարդիսից մի ծնող BBC-ի հետ զրույցում ասել է․ «Մենք հասանք դպրոց՝ զայրացած և անհանգստացած։ Ծնողները սկսեցին կարգախոսներ բղավել ընդդեմ [Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի] Խամենեի։

Ոչ ոք չի հավատում, որ նրանք կհետաքննեն այդ հարձակումները։ Ես համակարգի վրա հույս չեմ դնում: Բայց հուսով եմ, որ աշխարհը կլսի մեր ձայնը և կդադարի աջակցել այս երեխա սպանողներին»:

Ցույցեր

Ծնողները, ըստ սոցցանցերում հրապարակված տեսանյութերի, ցույցեր են կազմակերպում Իրանի տարբեր քաղաքներում։ 

Շաբաթ օրը Թեհրանի Կրթության նախարարության շենքի մոտ էին հավաքվել տասնյակ ծնողներ՝ բղավելով հակակառավարական կարգախոսներ։ Հաղորդվում է, որ անվտանգության ուժերը կիրակի օրը մայրաքաղաքում տեղի ունեցած ցույցերի ժամանակ կիրառել են արցունքաբեր գազ։ Iran Human Rights իրավապաշտպան կազմակերպության տարածած տեսանյութում երևում է՝ ինչպես են անվտանգության ուժերը ցրում ցույցը ձերբակալելով ծնողներին։

Նմանատիպ բողոքի ակցիաներ են կազմակերպվել նաև Սպահան և Ռաշթ քաղաքներում։

Ավելի վաղ՝ փետրվարի 14-ին, շուրջ հարյուր ծնողներ բողոքի ցույց էին արել Ղոմի քաղաքապետարանի շենքի դիմաց։ Տուժած դպրոցականներից մեկի հայրը բղավելով կոչ էր անում ապահովել իր երկու աղջիկ դպրոցականների անվտանգությունը։ «Միակ բանը, որ ես կարող եմ անել՝ չթողնել նրանց գնալ դպրոց», – ասել էր հայրը։

«Սա պատերազմ է։ Նրանք անում են սա Ղոմի աղջիկների դպրոցում, որպեսզի ստիպեն մեզ նստել տանը։ Նրանք ուզում են, որ աղջիկները մնան տանը», – հայտարել էր ցուցարարներից մի կին։

Հիշեցնենք՝ Իրանում Մահսա Ամինիի սպանությունից հետո սկսված հակակառավարական ցույցերի առաջնագծում էին երիտասարդ կանայք՝ դպրոցականներն ու ուսանողները։ Ցույցերի առաջին իսկ օրվանից հազարավոր աշակերտուհիներ ցուցադրաբար հանում էին հիջաբներն ու դասադուլ անում։ 

Տես՝
Դեռահասները արթնացնում են Իրանը․ հարցազրույցներ
Խնդիրը հիջաբը չէ․ Իրանում շարունակում են ոչնչացնել երիտասարդներին
Իրանի հեղափոխությունը իսկականանում է

Հատկանշական է, որ Իրանում տեղի ունեցող այս միջադեպերը նմանություններ ունեն 2010-ականներին Աֆղանստանի դպրոցներում ենթադրյալ թունավորումների հետ։ Այն բանից հետո, երբ թալիբները զավթեցին իշխանությունը Աֆղանստանում 2021 թվականի օգոստոսին՝ կանանց արգելվեց սովորել միջնակարգ դպրոցներում, իսկ ավելի ուշ նաև համալսարաններում։