Home / Հայաստան / Ընտրությունները հեռվացնում են հայ-ադրբեջանական խաղաղությունը

Ընտրությունները հեռվացնում են հայ-ադրբեջանական խաղաղությունը

Վերջին օրերին Բաքվից հնչող հայտարարությունները լրջագույն հարված են խաղաղության գործընթացին՝ հայտարարում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը արձանագրում էր՝ բովանդակային առումով ադրբեջանական նոր առաջարկների մեջ որոշակի հետընթաց ենք տեսնում։ 

Ադրբեջանի նախագահը, մինչ այդ, պատրաստվում էր նախընտրական քարոզարշավին։ Անցած շաբաթ Իլհամ Ալիևը սպառնում էր՝ եթե Սյունիքում «միջանցք» չբացվի, ապաշրջափակում չի լինի։ Ալիևը հրապարակավ մերժում էր նաև զորքերի հայելային հետքաշման առաջարկը, անկլավներ և ոչ անկլավային գյուղեր պահանջում Հայաստանից, հարցադրում Հայաստանի մոտ 14 հազար քառակուսի կիլոմետր տարածքի և մայրաքաղաք Երևանի պատկանելիությունը և պնդում, թե սահմանների դեմարկացիան պետք է իրականացվի ոչ թե խորհրդային վերջին քարտեզների հիման վրա, որոնք դրվել են հանրապետությունների անկախացման հիմքում, այլ նախախորհրդային և վաղ խորհրդային քարտեզների հիմքով։ 

Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը վերջին շրջանում խոսում է խնդրահարույց կետերը խաղաղության պայմանագրից դուրս թողնելու անհրաժեշտության մասին։ Խոսքը, նախևառաջ, սահմանների դեմարկացման (և հաղորդակցությունների ապաշրջափակման) մասին է։ Բանակցությունները երկկողմ ձևաչափի տալով՝ Ադրբեջանը փորձում է այնպես անել, որ խաղաղության պայմանագիրը ստորագրվի, բայցև չլուծի հիմնական վեճերը։ Այսինքն՝ իրավիճակը մնա անկայուն և հղի հետագա էսկալացիաներով։

«ծովից ծով» Ադրբեջան

«Ի հեճուկս պայմանավորվածությունների՝ Ադրբեջանը փորձում է տարածքային պահանջներ գեներացնել Հայաստանի նկատմամբ», – հունվարի 13-ին Գավառում կուսակիցների առջև ելույթում ասել է Նիկոլ Փաշինյանը։

Սահմանների դեմարկացիան և դելիմիտացիան, ըստ նրա, պետք է հիմնված լինեն 1991-ի Ալմաթիի հռչակագրի վրա։ Իրենց հավատարմությունը 1991-ի հռչակագրին Բաքուն և Երևանը գրավոր հայտարարություններով վերահաստատել են նաև Պրահայում և Մոսկվայում կայացած բանակցությունների ժամանակ։ Փաշինյանը հիշեցրել է՝ սահմանազատման գործընթացը նոր սահման ստեղծելու մասին չէ՛, այլ անկախացման պահին իրավական ուժ ունեցող սահմանները վերարտահայտելու, վերարտադրելու մասին է։ Այդ սահմանները ամրագրված են խորհրդային վերջին քարտեզներում։

Արդեն տարիներ շարունակ պնդում է՝ դելիմիտացիան պետք է իրականացվի հենց այդ՝ 1975 թվականի քարտեզների հիմքով։ Սա բխում է անկախացման սկզբունքներից և միջազգային իրավունքից։ Ադրբեջանն ի հակադրություն ինչ-որ «պատմական քարտեզներ» է վկայակոչում։ Բաքուն կոնկրետ տարեթվեր մինչ այս չէր նշում։

Հունվարի 10-ի ադրբեջանական հեռուստաընկերություններին տված իր հարցազրույցում Ալիևն առաջին անգամ փակագծեր է բացել։

«ХХ դարում ադրբեջանական հողերը մաս առ մաս տրվել են Հայաստանին։ 1918-ին՝ ադրբեջանական դեմոկրատական հանրապետության հիմնադրումից մեկ օր անց, Իրևանը փոխանցվել Հայաստանին, թեև որևէ հիմք դրա համար չի եղել։ Դա հինավուրց ադրբեջանական քաղաք է», – հայտարարել է Ադրբեջանի ղեկավարը՝ պնդելով՝ նույն տրամաբանությունը գործել է նաև խորհրդային տարիներին, ինչի արդյունքում «Ադրբեջանը 100 հազար քառակուսի կիլոմետրից դարձել է 86, 6 հազար»։

Ալիևը հավելել  է՝ Հայաստանը «ուզում է մի կողմ թողնել 60-ականների, 50-ականների, 40-ականների քարտեզները և հղում անել 70-ականներին», Ադրբեջանն էլ «վճռականորեն ընդդիմացել և ընդդիմանում է դրան»։

1991-ից ոչ շուտ

Ավելին՝ նույն հարցազրույցում Ադրբեջանի առաջնորդը հայտարարել է, թե ադրբեջանական բանակը մեկ քայլ անգամ հետ չի գնալու 2021-ի մայիսին և 2022-ի սեպետմբերին Հայաստանից օկուպացված տարածքներից։ 

Հայաստանի նկատմամբ ռազմական ագրեսիաները հարևան երկրի ղեկավարը բնութագրել է որպես «սահմանի ճշտում»։ Երևանի առաջարկը՝ զորքերը հայելային սկզբունքով ետ քաշել սահմանից, Ալիևը մերժել է, փոխարենը՝ պահանջել Հայաստանից վերադարձնել «օկուպացված 8 գյուղերը»։

«Կան անկլավային ու ոչ անկլավային գյուղեր։ Ոչ անկլավային չորս գյուղերը անխոս պետք է վերադարձվեն Ադրբեջանին։ Ինչ վերաբերում է անկլավներին՝ այս դեպքում պետք է փորձագիտական խումբ ստեղծել ու քննարկել։ Մենք կարծում ենք, որ բոլոր անկլավները պետք է վերադարձվեն, այդ անկլավներում մարդկանց բնակեցնել, և հատուկ պայմաններով ճանապարհներ ստեղծել՝ այդ անկլավներ հասնելու համար։ Սա է մեր դիրքորոշումը», – հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

Հետագա լարվածություններից խուսափելու համար հայկական կողմը մինչ այս առաջարկում էր անկլավները փոխանակել համաչափության և փոխադարձության սկզբունքով։ Երևանը, միևնույն ժամանակ, չէր բացառում դրանք փոխադարձաբար վերադարձնելու տարբերակը։ 

Ինչ վերաբերում է «օկուպացված տարածքներին»՝ Հայաստանից հիշեցնում էին անկախացումից հետո Ադրբեջանի կողմից գրավված հողերի մասին, և շեշտում՝ այս հարցերը հնարավոր է լուծել, եթե համաձայնեցվեն սահմանազատման հիմքում ընկած քարտեզները։

«Հայաստանը բարձրացնում է 32 գյուղերի հարցը, որոնց կենսական նշանակության տարածքներն օկուպացված են, այդ թվում՝ Գեղարքունիքի մարզում։ Մենք հավատարիմ ենք Ալմա-Աթիի հռչակագրի հիման վրա փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելուն։ Հայաստանի և Ադրբեջանի միջև օկուպացված տարածքներ պետք է չլինեն։ Այնտեղ, որտեղ պարզվի, որ Հայաստանն է ինչ-որ տարածքներ հսկողության տակ պահում, որոնք դե յուրե պատկանում են Ադրբեջանին, Հայաստանը պետք է այդ տարածքներից դուրս գա, իսկ այն տարածքներից, որոնք դե յուրե պատկանում են Հայաստանին և որոնք Ադրբեջանն է պահում տիրապետության տակ, պետք է դուրս գա Ադրբեջանը», – հունվարի 13-ին վերահաստատել է Փաշինյանը։

Սա, ըստ Հայաստանի ղեկավարի, հնարավոր չէ անել առանց փոխադարձ համաձայնեցված քարտեզի․ «Ինչպե՞ս որոշենք՝ այդ տարածքը Հայաստանի տարածքն է, թե՞ Ադրբեջանի։ Մի ձև կա՝ քաղաքական առումով հենվել 1991 թվականի Ալմա-Աթիի հռչակագրի վրա»։

Ալիևը պնդում է ռուսական ներկայությունը

«Նախընտրական» իր հարցազրույցում Իլհամ Ալիևը կրկին խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ սպառնալով՝ եթե այն չբացվի, չի բացվի նաև հայ-ադրբեջանական սահմանը։

«[Հայաստանը] մեզ պետք է անխոչընդոտ անցում տա Զանգիլանի ու Օրդուբադի միջև, դա նրանց պարտավորությունն է։ Բեռները, քաղաքացիները և ավտոմոբիլային միջոցները, որոնք կերթևեկեն Ադրբեջանից Նախիջևան, պետք է անցնեն առանց որևէ զննության ու մաքսային վարչարարության», – նշել է Ադրբեջանի ղեկավարը։

Չնայած նոյեմբերի 9-ի հայտարարության գրեթե բոլոր դրույթները ոտնահարվել և արդեն անվերադառնալիորեն չեղարկվել են հենց Ադրբեջանի կողմից՝ Ալիևը, խոսելով «միջանցքի» բացման մասին, առաջարկել է հենվել հենց այդ պայմանագրի վրա․

«Նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ ասվում է, որ ճանապարհի 42-43 կմ հատվածի անտվանգությունն ու վերահսկողությունը պետք է իրականացնեն ռուս սահմանապահները, և այդ պարտավորությունը պետք է կատարվի», ասել Է Ադրբեջանի ղեկավարը։

Ալիևի վերջին հարցազրույցից հետո Փաշինյանը կրկնել է՝ «Զանգեզուրի միջանցքի» ադրբեջանական նախագիծը ուղղակի նկրտում է Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ։

Վարչապետը ևս մեկ անգամ վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումը՝ ճանապարհները և սահմանները պետք է բացվեն, հիմնվելով երկրների տարածքային ամբողջականության և իրավազորության, փախադարձության սկզբունքների վրա․

«Բառային խաղերից դուրս գանք։ Մենք ի՞նչ ենք ասում։ Ասում ենք՝ ինչ պայմանով Իրանի Իսլամական Հանրապետությունը տրամադրում է կապ Նախիջևանի և Ադրբեջանի մյուս հատվածի միջև, նույն պայմաններով մենք էլ ենք պատրաստ տրամադրել էդ կապը՝ և՛ երկաթուղային, և՛ ավտոճանապարհային», – նշել է Հայաստանի վարչապետը։

Արձագանքելով Ալիևի պնդումներին, թե Հայաստանը 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ պարտավորվել է անխոչընդոտ կապ տրամադրել Ադրբեջանին, Փաշինյան հիշեցրել է՝ եռակողմ հայտարարության մեջ, նախ, «Զանգեզուրի միջանցքի» մասին որևէ հիշատակում չկա, և երկրորդը՝ այդ հայտարարության երեք կողմերից երկուսը՝ Ադրբեջանը և Ռուսաստանը, իրենց գործողություններով ցույց են տվել, որ այն իրենց համար այլևս գոյություն չունի․ «Չի կարող այդպես լինել, որ երկու կողմի համար այդ փաստաթուղթն այլևս գոյություն չունենա, բայց երրորդ կողմի համար այն շարունակի գոյություն ունենալ»։

Երևանը պատերազմ չի ուզում

Ադրբեջանի նախագահը հրապարակավ մերժել է նաև խաղաղության պայմանագրի համար երաշխավորներ ամրագրելու՝ հայկական կողմի պահանջը։ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ապագայի մասին արդեն չի էլ խոսվում։ Ավելին՝ Բաքուն ամիսներ շարունակ հրաժարվում է միջազգային հարթակներում բանակցություններից, պարբերաբար հայտարարում է գործընթացը երկկողմ ձևաչափով շարունակելու մասին և խոսում խնդրահարույց կետերը, մասնավորապես՝ սահմանազատմանն առնչվող հարցերը, պայմանագրի տեքստից դուրս թողնելու անհրաժեշտության մասին։

Վերջին կետին օրեր առաջ անդրադարձել էր Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը․ «Վերջնական խաղաղության պայմանագիրը պետք է հստակություն ապահովի։ Նաև հասկանալիորեն եթե երկրների միջև սահմանների սահմանազատման գործընթացը կարող է երկար ժամանակ տևել, առնվազն խաղաղության պայմանագրում մենք պետք է տեսնենք այն հստակ հիմքերը, որոնց վրա պետք է հետագայում ընթանա սահմանազատման գործընթացը», – նշել էր Միրզոյանը։

Փաշինյանը հավելել էր՝ պետք է խաղաղության այնպիսի պայմանագիր կնքել, որը կկանխի պատերազմի հնարավորությունը։ «Երբեմն Ադրբեջանի առաջարկներին ծանոթանալով տպավորություն ենք ստանում, թե փորձ է արվում ստեղծել մի փաստաթուղթ, որով պետք է լեգիտիմացվի հետագա պատերազմները։ Սա տրամաբանությունից դուրս է», – նշել էր Փաշինյանը։

…Ադրբեջանը կներխուժի Հայաստան և կնեղանա Արևմուտքից

Նախընտրական «հետընթացի» ֆոնին ամերիկյան Stratfor  հետախուզա-վերլուծական կենտրոնի փորձագետները կանխատեսել են՝ «եթե տարվա առաջին վեց ամիսներին [խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում] զգալի առաջընթաց չգրանցվի, վտանգը, որ Ադրբեջանը կփորձի Հայաստանի հարավից մի զգալի մաս պոկել, ամռանը կմեծանա»։

«․․․Երևանը շատ քիչ լծակներ ունի և, հավանաբար, ստիպված կլինի ընդունել Բաքվի պահանջները՝ Հայաստանի հարավով տարանցման և ընդհանուր սահմանի դեմարկացիայի վերաբերյալ», – կանխատեսել են Stratfor-ի փորձագետները։

Ռուսաստանի ազդեցությունը, ըստ նրանց, Հարավային Կովկասում չի վերանա․ «Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ կազմում, տնտեսությունն էլ սերտորեն կապված է ռուսական տնտեսության հետ»։ Մյուս կողմից՝ էական աճ կարձանագրեն Ադրբեջանի և Ռուսաստանի երկկողմ հարաբերություններն ու առևտրային կապերը․ «Դրանք կհասնեն նոր բարձունքների», «Բաքուն կնպաստի հյուսիս-հարավ ենթակառուցվածքի զարգացմանը, որը կապում է Ռուսաստանն Իրանի հետ»:

«Եթե Բաքուն ներխուժի Հայաստան՝ ցամաքային կապ հաստատելու Նախիջևանի հետ, Ադրբեջանն ու Թուրքիան կհայտնվեն Արևմուտքի ճնշման տակ, և չի բացառվում, որ փոխեն արտաքին քաղաքական կողմնորոշումը և թեքվեն Արևմուտքից՝ ավելի սերտ կապեր հաստատելով Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի հետ», – եզրակացրել են Stratfor-ի զեկուցագրերը։