Home / Մեդիա / Հացադուլ անող ադրբեջանցի լրագրողի կինը պիկետ է անում Թբիլիսիում

Հացադուլ անող ադրբեջանցի լրագրողի կինը պիկետ է անում Թբիլիսիում

Այսօր Վրաստանի կառավարության շենքի դիմաց ադրբեջանցի լրագրող Աֆղան Սադիգովին ազատ արձակելու պահանջով պիկետ էր իրականացնում նրա կինը՝ Սևինջ Սադիգովան։ Նրա հետ հանդիպման իջել են մի քանի չինովնիկներ, բայց անձամբ վարչապետին տեսնելու Սադիգովայի պահանջն այդպես էլ չի բավարարվել։

Ադրբեջանական Azel.Tv լրատվական կայքի գլխավոր խմբագիր Աֆղան Սադիգովին Վրաստանում ձերբակալել են օգոստոսի 4-ին։ Լրագրողը Թբիլիսի տեղափոխվել էր 2023 թվականին՝ առողջական պատճառներով։ Հետո փորձել է Ստամբուլ գնալ։ Չեն թողել։ Ասել են, որ Ադրբեջանը արտահանձնման պահանջ է ներկայացրել, Վրաստանից նա կարող է միայն Ադրբեջան գնալ։ Փաստաբանները բողոքարկել են լրագրողի ձերբակալությունը, առաջարկել են գրավի դիմաց ազատ արձակել։ Դատարանն այդ միջնորդությունը մերժել է։ Սադիգովը դիմել է Վրաստանի միգրացիայի հարցերով դեպարտամենտ՝ քաղապաստան հայցելու խնդրանքով։ Սեպտեմբերի 16-ին միգրացիոնը պաշտոնապես մերժել է հայցը։ Վրացական իրավապաշտպաններն ու փաստաբանները բողոք են ներկայացրել դատարան՝ ընդդեմ միգրացիոն ծառայության։ 

«Ես երկու դուստրերիս հետ այսօր գնացել եմ Վրաստանի կառավարության շենքի մոտ՝ ամուսնուս ազատ արձակելու պահանջով։ Նա արդեն 47-րդ օրն է հացադուլ է անում ընդդեմ անօրինական ազատազրկման։ Վրաստանի իշխանություններն իրենց իսկ օրենքները խախտելով, չնայած ամուսնուս մեղավորությունը հաստատող բավարար ապացույցների բացակայության, արդեն երեք ամիս նրան պահում են բանտում և պատրաստվում են հանձնել Ադրբեջանին, որտեղ նրան անարդար դատաստան ու կտտանքներ են սպասվում։ Աֆղանի դեմ գործը կարված է։ Նա քննադատում էր կոռուպցիան Ադրբեջանում, չինովնիկների և ուժայինների ամենաթողությունները, պահանջում էր ազատել քաղբանտարկյալներին», – պատմում է Սևինջ Սադիգովան։

Նա ուզում էր հանդիպել անձամբ վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Կնոջը կառավարության շենք մտնել չեն թողել։ Որոշ պաշտոնյաներ իջել են, լսել են պահանջները։