Հոկտեմբերի 1-ին մահացել է վտարանդի ադրբեջանցի իրավապաշտպան Վիդադի Իսկենդերլին։ Ֆրանսիայի Մյուլուզ քաղաքի իր տանը երկու օր առաջ երեք հոգով հարձակվել էին իրավապաշտպանի վրա ու դանակահարել։ Այդ մասին իր սոցիալական ցանցերում գրել էր ադրբեջանցի հետաքննող լրագրող Աֆղան Մուխտարլին։
«Երեք անհայտ անձինք հարձակվել են Վիդադի Իսկենդերլիի վրա, դանակով հարվածել են։ Իրավիճակն այնքան լուրջ է, որքան թվում է։ Նրան դանակի ավելի քան չորս հարված են հասցրել», – գրել էր Մուխտարլին ֆեյսբուքի իր էջում։
Իսկենդերլիի հարազատները տեղի ունեցածը բացատրում են նրա գործունեությամբ։ Իրավապաշտպանը Ֆրանսիա էր տեղափոխվել 2015 թվականին, բաց քննադատում էր Ադրբեջանի քաղաքական ռեժիմը։ Նա մասնակցում էր Ադրբեջանի 2010 թվականի խորհրդարանական ընտրություններին, միացել էր ընտրակեղծարարության դեմ բողոքի ցույցերին և այլ ընդդիմադիր ակցիաների։
2011 թվականին դատապարտվել էր երեք տարվա ազատազրկման։
Շուրջ մեկ տարի անց՝ 2012-ի դեկտեմբերին, նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած համաներմամբ ազատ էր արձակվել։ Կարճ ժամանակ անց հետագա հետապնդումներից խուսափելու համար արտագաղթել էր Ֆրանսիա, որտեղից շարունակում էր քննադատել Ադրբեջանի իշխանություններին Յութուբի իր ալիքում։ Տեսանյութերում հաճախ էր վիրավորական արտահայտություններ օգտագործում կառավարության ներկայացուցիչների հասցեին։