Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) բավարարել է ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխտարլիի հայցն ընդդեմ Ադրբեջանի և Վրաստանի։
ՄԻԵԴ-ը վճռել է, որ Վրաստանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ (կտտանքների արգելում) և 5-րդ (ազատության և անձի անձեռնմխելիության իրավունք) կետերը։ Վրաստանի իշխանությունները առևանգման, դաժան վերաբերմունքի ու անօրրինաբար դեպի Ադրբեջան տեղափոխելու գործերով չեն իրականացրել արդյունավետ հետաքննություն։
Ադրբեջանը, Եվրոպական դատարանի վճռի համաձայն, խախտել է Կոնվենցիայի 5 (3) կետը (ազատության և անձի անձեռնմխելիության իրավունք) և 8 (մասնավոր և ընտանեկան կյանքի իրավունք)։
ՄԻԵԴ-ը վճռել է, որ ոչ նյութական վնասի և դատական պրոցեսների փոխհատուցման համար Վրաստանի իշխանությունները պետք է Մուխտարլիին վճարեն 12 500 եվրո, իսկ Ադրբեջանը՝ 8500 եվրո։
«Վճռի 167-րդ կետում դատարանն ուղիղ նշում է. չնայած դեպքից անցել է 7 տարի, Վրաստանն այդպես էլ չի ներկայացրել ոչ մի վարկած, թե ինչպես է լրագրողը Թբիլիսիի կենտրոնից հայտնվել Ադրբեջանում», – Ազատություն ռադիոկայանի վրացական ծառայության հետ զրույցում ասել է Մուխտարլիի փաստաբան Արչիլ Չոպիկաշվիլին։
2017 թվականի մայիսին Աֆղան Մուխտարլիին, ով ավելի վաղ Վրաստան էր արտագաղթել, առևանգել և Բաքու էին տարել։ 2018-ի հունվարին դատավորը նրան վեց տարվա ազատազրկման էր դատապարտել՝ սահմանն ապօրինի անցնելու, մաքսանենգության և իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալու մեղադրանքներով։ Լրագրողը Վրաստանի հատուկ ծառայություններին մեղադրում էր իր առևանգմանը մասնակից լինելու մեջ։