Վերջերս բանտից տնային կալանքի տեղափոխված ադրբեջանցի քաղաքական գործիչ և տնտեսագետ Գուբադ Իբադօղլուն դադարեցրեց սեփական կուսակցության գործունեությունը և անժամկետ լքեց քաղաքական գործունեությունը։ Պատճառը «Կուսակցությունների մասին» օրենքի 4.7-րդ կետը, ըստ որի չի թույլատրվում քաղաքական կուսակցության գործունեությունն առանց պետական գրանցման։
Գուբադ Իբադօղլույի եղբայր՝ Գալիբ Թողրուլը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ որոշումը կայացվել է «Ժողովրդավարություն և բարգավաճում» կուսակցության վարչության նիստի ժամանակ։
«Գուբադ Իբադօղլուն 2023 թվականի հունվարի 12-ին կենտրոնական գործադիր կառույցները ցրելու և նշանակված ղեկավարների գործունեությունը դադարեցնելու մասին հրաման է ստորագրել և ամբողջ պատասխանատվությունն իր վրա վերցրել։ Տնօրենների խորհուրդը՝ հաշվի առնելով գրանցման բացակայությունը, որոշել է կասեցնել կուսակցության գործունեությունը»։
Ըստ Գալիբ Թողրուլի՝ Իբադօղլուն անորոշ ժամանակով հեռանում է քաղաքական գործունեությունից՝ առողջության վատթարացման, հատկապես՝ սրտի հետ կապված խնդիրների պատճառով, որոնք առաջացել էին ինը ամսվա ազատազրկման ընթացքում և որոնք հնարավոր չէ վերականգնել։
Գուբադ Իբադօղլուն կալանավորվել է անցյալ տարվա հուլիսի 23-ին՝ կազմակերպված խմբի կողմից կեղծ փողերի, արժեթղթերի պատրաստման, ձեռքբերման կամ վաճառքի հոդվածով։ Հաջորդ օրը Բաքվի Նարիմանովի շրջանային դատարանի որոշմամբ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 3 ամիս 26 օր կալանքը։ Ավելի ուշ Իբադօղլուի կալանքը երկու անգամ երկարացվել է։
Ձերբակալության օրը Իբադօղլուի աշխատասենյակում ուժայինները գտել են 40 հազար դոլար, որոնց մի մասը ըստ իշխանությունների՝ կեղծ է։ Ընդդիմադիրը, սակայն, պնդում է, որ գումարը դրել է ոստիկանությունը։
Օգոստոսի 25-ին նրան նոր մեղադրանք է առաջադրվել՝ ծայրահեղական-կրոնական նյութերի արտադրություն, պահպանում, տարածում։ ՆԳՆ-ի համաձայն, հատուկ գործողության ժամանակ ձերբակալված հինգ անձանցից մեկը, որը փոխկապված է նաև FETÖ-ի (հոգևորական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժումը Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն) հետ, կապեր է ունեցել նաև Իբադօղլուի հետ։
Որոշ ժամանակ անց թուրք իրավապահները ձերբակալել են Ստամբուլում ապրող մեկ այլ տնտեսագետ և գիտնական Ֆազիլ Գասիմովին և հանձնել Ադրբեջանի կառավարությանը։ Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ նա ձերբակալվել է Գուբադ Իբադօղլուի գործով, նրան ևս մեղադրել են կազմակերպված խմբի կողմից կեղծ փողերի, արժեթղթերի պատրաստման, ձեռքբերման կամ վաճառքի հոդվածով:
Գուբադ Իբադօղլուն հայտարարել է, որ այս մեղադրանքը անհեթեթ է և, ի նշան բողոքի, հրաժարվել է ցուցմունք տալ։
Ապրիլի 22-ին Վերաքննիչ դատարանի որոշմամբ ընդդիմադիր քաղաքական գործիչի խափանման միջոցը փոխվել է տնային կալանքի։ Իբադօղլուն իր հերթին ասել է, որ մտադիր է պայքարել մինչև վերջ և հասնել քրեական հետապնդման կարճմանը։
ԱՄՆ-ից և Եվրոպայից քաղաքական գործիչներ, գիտնականներ և իրավապաշտպան կազմակերպություններ կոչ են արել Բաքվին հանել Իբադօղլուի դեմ մեղադրանքները և դադարեցնել նրա նկատմամբ հետապնդումը:
2023-ի դեկտեմբերի սկզբի տվյալներով՝ քաղբանտարկյալների ընդհանուր թիվն Ադրբեջանում անցել է 250-ը։ Դեկտեմբերից հետո շարունակվել են ոչ միայն լրագրողներին ձերբակալությունները, այլև կալանավորել են տասնյակ հավատավորների։
Մահմեդական (շիա) հավատավորների զանգվածային ձերբակալությունները 2023-ին են մեկնարկել։ Իրանի հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին շիաներին լրտեսություն, պետական դավաճանություն, թմրավաճառք էին մեղսագրում։ Իրանի հետ հարաբերությունները հետագայում հարթվեցին, քաղբանտարկյալները՝ մնացին բանտում։
տե՛ս Ադրբեջանում դեռ գտնում են՝ ում լռեցնել