2016թ. Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո բոլոր գերատեսչություններում, հատկապես ուժային կառույցներում սկսված ձերբակալությունները շարունակվում են, հայտնում է ermenihaber.am լրատվական գործակալությունը։
Իզմիրի հանրապետական դատախազության կողմից տարածված հաղորդագրության մեջ նշվել է, որ FETÖ-ի (Թուրքիայում գյուլենականների ցանցին անվանում են «Ֆեթուլահական ահաբեկչական կազմակերպություններ», հապավումը` FETÖ) գործով ձերբակալության որոշում է կայացվել 176 սպաների նկատմամբ, որոնցից 143-ը ավագ լեյտենանտի, 33-ը լեյտենանի զինվորական կոչում ունեն: Նշվում է, որ նրանց շարքում են նաև ժանդարմերիայի զորամասերի 4 հրամանատարներ և ռազմաօդային ուժերի «F-16» տիպի կործանիչների 6 օդաչուներ:
Ձերբակալման որոշուման հիմք է հանդիսացել նրանց կողմից հեռախոսային գաղտնի շփման նպատակով հատուկ ծրագրերի օգտագործումը:
125 հոգի արդեն ձերբակալվել է:
Հիշեցնենք, որ 2016 թվականին Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ֆեթուլլահ Գյուլենին և նրա գաղափարակիցներին մեղադրել է զինված հեղաշրջման փորձի մեջ: Դրան հաջորդել են հետապնդումներ հազարավոր մարդկանց նկատմամբ, ում «մեղսագրվել է» Գյուլենին աջակցելու կամ համակրելու «հանցանքը»: Գյուլենիզմի մեջ մեղադրվելու պատճառով ազատազրկվածների և աշխատանքը կորցրածների թիվը Թուրքիայում հասնում է մի քանի հարյուր հազարի: Գյուլենականությունը դարձել է քաղաքական հետապնդումների առանցքային հիմնավորումներից մեկը։