Առողջապահության նախարարությունը դադարեցրել է թվով 9 համայնքերում մարզային կազմակերպությունների ծննդօգնության ծառայությունների պետֆինանսավորումը։ Սա նշանակում է՝ փոքր համայնքների ծննդատները, որոնք չեն համապատասխանում ստանդարտներին, փակվելու են։ Համայնքների բնակիչները՝ տեղի ծննդատների աշխատակիցների հետ միասին պահանջում են հետ կանգնել այս որոշումից։ Ըստ նրանց, ծննդատան փակվելը կհանգեցնի մի շարք խնդիրների՝ հղիության հսկողության և բուն ծննդաբերության հետ կապված․ ոչ բոլորը ունեն բավար հնարավորություններ/փող սիստեմատիկ կոնսուլտացիաների և հոտազոտությունների գնալու կամ ծննդաբերության ժամանակ բավականաչափ արագ քաղաք հասնելու համար։ Շտապօգնությունը, նրանց կարծիքով, խնդիրը չի լուծում․ ծառայությունն այնքան լավը չէ, որ մարդիկ վստահեն։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է նաև այս հարցերին․
«Հետաքրքիր ա, թե մարդիկ իրենց այլ կարիքների համար ոնց են տեղափոխվում կամ տեղաշարժվում, որովհետև եթե ինչ֊որ մի համայնքում չկա տրանսպորտ, պետք չի սպասել, որ էդտեղ կինը հղինանա, հետո էլ կարիք ունենա բուժօգնության, որ էդ տրանսպորտի հարցը լուծենք։ Կան համակարգային խնդիրներ, որ ընդհանրապես պետք ա լուծվեն։ Ես համաձայն եմ, բոլոր համայնքները պետք է ունենան պատշաճ տրանսպորտ և նաև շտապ բժշկական օգնության ծառայություն։
Եվ նույն խոսակցությունը ես բոլոր մարզպետների հետ ունեցել եմ և հիմա էլ կարող եմ ձեզ ասել․ մենք էս նշածս բոլոր կետերում, բացի Արտենիից, ունենք շտապ բժշկական օգնության ծառայություններ, եթե նրանք պետք է հզորացնել, մենք պատրաստ ենք դա անել թե՛ ֆինանսապես, թե՛ մեքենաներով։ Մենք ունենք մեր ռեզերվում մեքենաներ թե՛ նոր, թե՛ նախկինում օգտագործված, բայց լավ վիճակում, ինչպես նաև ունենք համապատասխան բյուջե շտապօգնության ծառայությունները այդ կենտրոններում տեղադրելու համար։ Կոնկրետ Մարալիկի դեպքում ունենք երկու շտապօգնության բրիգադա, և տնօրենի հավաստիացմամբ նրանք կարողանում են զուգահեռ աշխատել։ Եթե մեկը չի բավականացնում, մենք պատրաստ ենք նույնիսկ երրորդը էնտեղ տեղակայել, եթե դա իսկապես անհրաժեշտ է և ոչ թե պարզապես էմոցիոնալ լուծում է, որովհետև անհրաժեշտությունը պետք է բխի կանչերի թվից, գրանցված հղիների թվից և այլն։
Կոնսուլտացիաների մասով՝ մենք առողջության առաջնային պահպանման բոլոր կետերում, որտեղ որ կա պոլիկլինիկական ծառայություն, ունենք կանանաց կոնսուլտացիա, և կարիք չկա դրա համար գնալ ծննդատուն, ինչպես, օրինակ, Երևանի պոլիկլինիկաներում կան կանանց կոնսուլտացիաներ, և հղի կանայք կարող են գրանցվել այդ կոնսուլտացիաներին և իրենց ամենամոտ կետում ստանալ այն։ Այդ մասով անհնագստանալու կարիք չկա։»
Լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք նախարարը այդ պոլիկլինիկաների ծառայությունների որակը համարում է բարձր, Թորոսյանը պատասխանել է․ «հենց հիմա էդ ծառայությունը կա։ Դուք ասում եք փակում եք, ես ասում եմ՝ չէ։ Էս պահին գործող ծառայությունը, որից որ Մարալիկի ծննդատանը ենթադրաբար նախկինում ծննդաբերող կինը այսօր օգտվում է։ Ոչ մի բան էդ մասով չի փոխվում։ Այսինքն մենք պետք ա բարձրացնենք որակը, իհարկե, բայց ես հասանելիության առումով ասում եմ, որ ոչինչ չի փոխվում։ Եթե Մարալիկում ապրող կամ մոտակա գյուղում ապրող կինը գրանցված ա Մարալիկի առողջության կենտրոնում և հսկվում ա որպես հղի, նա շարունակելու ա հսկվել այնտեղ որպես հղի ինչպես, նորից նշեցի, շատ այլ մեծ համայնքներում, որտեղ որ այս պահին ավանդաբար կամ պատմականորեն չի եղել ծննդատուն և, նորից եմ կրկնում, շատ լավ ա, որ չի եղել»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ նախարարը ֆեյսբուքի ուղիղ եթերով ներկայացրել էր այս որոշման հիմքերը և նախարարության դիրքորոշումները, որոնց մասին ավելի մանրամասն՝ այստեղ։