Մարդու իրավունքների Եվրոպական Դատարանը (ՄԻԵԴ) ոչ իրավաչափ է ճանաչել ադրբեջանական չորս կայքերի արգելափակումը և փոխհատուցումներ է սահմանել հայցվորների համար։
2018 թվականի օգոստոսի 7-8-ը Ադրբեջանի տրասնպորտի, կապի և նորագույն տեխնոլոգիաների նախարարության հայտարարության հիման վրա Բաքվի դատարանը որոշում էր կայացրել լրատվական չորս կայքերի` az24saat.org, xural.com, arqument.az և monitortv.info արգելափակման մասին։ Էլեկտրոնային անվտանգության կենտրոնը (ԷԱԿ) կայքերի հրապարակումներում «զրպարտության տարրեր» էր նկատել։ Հասարակական կազմակերպությունների կարծիքով, լրատվականները պատժվել են երկրի իշխանությունների և պաշտոնյաների քննադատության համար։
2017-ի ապրիլին ԷԱԿ-ն դատարան էր դիմել azadliq.info, azadliq.org, azerbaycansaati.com ընդդիմադիր ինտերնետ-ռեսուրսների ինչպես նաև «Azərbaycan saatı» հեռուստահաղորդման կամ TuranTV-ի նյութերով կիսվող կայքերի արգելափակման պահանջով։ Նույն թվականի հունիսին Բաքվի Սաբայիլի դատարանը կայքերի արգելափակման հայցը բավարարել էր։ Նշված հարթակների ներկայացուցիչները մատնանշում էին, որ իրենց նկատմամբ հետապնդումը քաղաքական հիմքեր ունի։
ՄԻԵԴ-ը azadliq.org, anaxeber.az, az24saat.org և xural.com ինտերնետ-ռեսուրսների գործով իր որոշումը հրապարակել է հունիսի 13-ին։ Կայքերի հասանելիությունն Ադրբեջանում արգելափակված էր սկսած 2017-2018 թվականներից` տեղեկատվության պաշտպանության նոր օրենսդրության հետ անհամապատասանության պատրվակով։
Օրենքի այդ նախագիծը խորհրդարանում քննարկման էր դրվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախաձեռնությամբ։ Նպատակը օնլայն հարթակներում անթույլատրելի տեղեկատվության տարածման կանխարգելումն էր։ Խոսքը բռնության կոչեր, կրոնական ծայրահեղականություն, ազգային, կրոնական կամ ռասայական խտրականություն, պետական գաղտնիքի բացահայտում, վիրավորանքներ, զրպարտանքներ, անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության խախտումներ պարունակող նյութերի մասին էր։ Անկախ փորձագետներն ու ընդդիմադիր գործիչներն իսկզբանե դեմ էին այս նախագծին ու քննադատում էին դրանով սահմանված նորմերը։
Լրատվականների արգելափակման պատճառը, ըստ իրավապահների, նոր օրենքի պայմանների հետ դրանց անհամաձայնությունն էր։ Կայքերի ներկայացուցիչները պնդում էին, որ այդ դեպքում կարգելափակեին կոնկրետ նյութեր` ամբողջ կայքի փոխարեն։ Նրանց խոսքով, արգելափակման միջոցով իշխանությունները կանխում էին ոչ թե անթույլատերի տեղեկատվության տարածումը, այլև կառավարության գործողությունների ազատ քննադատությունը։
ՄԻԵԴ-ի որոշման համաձայն, Ադրբեջանը հայցվորներից յուրաքանչյուրին պետք է վճարի 5 հազար դոլլար փոխհատուցում և վերականգնի կայքերի հասանելիությունը։
Դատարանի որոշման մեջ նաև նշվում է, որ տեղակատվության պաշտպանության մասին 2017 թվականին ընդունված օրինագիծը լղոզված է. օրենքը պետք է ձևակերպված լինի բավարար հստակությամբ, որպեսզի մարդիկ կարողանան հասկանալ դրա կիրառության դեպքերը և իրենց գործողությունների հետևանքները։ Արգելափակված կայքերի նյութերում գնահատողական պնդումներ էին։ Որոշ հոդվածներում հեղինակները քննադատում էին իշխանություններին` կոռուպցիայի և մարդու իրավունքների խախտման դրևորումների համար։ ՄԻԵԴ-ի գնահատմամբ, լրատվամիջոցների նկատմամբ կիրառված միջոցներն անօրինական են և հակասում են ազատ խոսքի իրավունքին։