Home / Բանտ / Բաքվի մեկուսարանում տանջում են ոտքերով գրող ակտիվիստին

Բաքվի մեկուսարանում տանջում են ոտքերով գրող ակտիվիստին

Թարմացում 19։20

Նախաքննական մեկուսարանի ղեկավարությանը հաջողվել է համոզել Ֆամիլ Խալիլովին դադարեցնել հացադուլը` խոստանալով արագ լուծում տալ նրան ազատ արձակելու խնդրին, հայտնում է ակտիվիստի փաստաբանը։ Խալիլովը առողջական ծանր խնդիրների, մասնավորապես` մկանային և նյարդային համակարգերի քրոնիկ հիվանդությունների պատճառով ստիպված էր օրական չորս փսիխոտոպ դեղամիջոց ընդունել, ինչի համար նորմալ սնվելը կարևոր է։ Մեկուսարանի ղեկավարության հետ հանդիպումից հետո ակտիվիստը հայտարարել է, որ պատրաստ է վերսկսել հացադուլը` պահանջները չբավարարելու դեպքում։

—————

Ադրբեջանի ընդդիմությունների քննադատությամբ հայտնի ակտիվիստ, առաջին կարգի հաշմանդամ Ֆամիլ Խալիլովը մայիսի 22-ից սկսած հացադուլ է սկսել քրեական մեկուսարանում։ Կնոջ փոխանցմամբ, ակտիվիստը պահանջում է դադարեցնել իր նկատմամբ սկսված ապօրինի հետապնդումը։ Այսօր փաստաբանին Խալիլովի մոտ չեն թողել։

Մայիսի 14-ին Բաքվի Բինաղադիի շրջանային դատարանը մերժել էր հաշմանդամություն ունեցող Ֆամիլ Խալիլովի խափանման միջոցի փոփոխության հայտը։ Ակտիվիստը պահանջում էր ազատազրկման փոխարեն տնային կալանք սահմանել իր նկատմամբ, քանի որ երկու ձեռքերն էլ պարալիզացված են, ունի մշտապես կողմնակի աջակցության կարիք։ Բաքվի վերաքննիչ դատարանը բողոքարկումը չէր ընդունել` ազատազրկման որոշումը թողնելով ուժի մեջ։

Ֆամիլ Խալիլովին բերման էին ենթարկել մայիսի 2-ին` թմրանյութերի վաճառքի մեղադրանքով։ Շվեյցարիայից ոտքերի մատների միջոցով տեքստ հավաքելու սարքավորում ձեռք բերելուց հետո Խալիլովը սոցիալական ցանցերում ակտիվորեն քննադատում էր Ադրբեջանի իշխանություններին, ուղիղ եթերներ էր անց կացնում։

Հացադուլի մասին հայտարարել է անմիջապես խափանման միջոցի փոփոխության հայցի մերժումից հետո։ «Դատական նիստը փակ էր։ Երբ Ֆամիլին տանում էին դատարանի շենքից, նա գոռաց, որ հացադուլ է սկսվում իր անհիմն ազատազրկամն դեմ։ Ամուսինս պահանջում է դադարեցնել այս կեղծ քրեական հետապնդումը», – պատմում է ակտիվիստի կինը` Քիչիկխանիմ Խալիլովան։

Մայիսի 24-ին Ֆամիլը մեկուսարանից զանգել է կնոջն ու տեղեկացրել, որ շարունակում է հացադուլը, ոչինչ չի ուտում, դեղերն է խմում ու ծխում է։

Խալիլովը պահվում է քրեական մեկուսարանի սանիտարաբժշկական մասում։ Առաջին կարգի հաշմանդամ է, կենցաղային հարցերում օգնության կարիք ունի։ Մեկուսարան տեղափոխելուց երեք օր անց տարել են սանմաս։ Խուց-պալատում պահվում է այլ ազատազրկվածների հետ, ովքեր էլ հոգ են տանում Ֆամիլի մասին։ «Դրանից էլ ավելի է բարոյապես տանջվում, քանի որ ստիպված է նեղություն պատճառել ուրիշ մարդկանց» – պատմում է Խալիլովան։

Նա նշում է, որ այս պահին հացադուլով պայմանավորված առողջական լրացուցիչ խնդիրներ չեն նկատվում, բայց քանի որ դեղեր է խմում առանց ինչ-որ բան ուտելու, մտավախություններ կան, որ վիճակը կարող է վատանալ։

«Երբ դատարանի դահլիճում հայտարարեց, որ հացադուլ է սկսում, հույս ունեի, որ կփոշմանի։ Բայց այսօր ընտանիքին ասել է, որ արդեն երկրորդ օրն է չի ուտում։ Վերջին օրերին արդեն քիչ էր սնվում, քիչ էր ջուր խմում, որ քիչ զուգարան գնա, քանի որ դրա համար ստիպված է լինում դիմել այլ ձերբակալվածների օգնությանը։ Ամաչում է, ծանր է տանում, որ անհանգստացնում է ուրիշներին», – «Կավկազ-ուզելին» ասել է փաստաբան Բահրուզ Բայրամովը։ 

Այսօր մեկուսարանում Խալիլովին պետք է այցելեր փաստաբան Ֆահրադին Մեխտիևը, բայց թույլ չեն տվել. «Ես նոր եմ միացել պաշտպանությանը, քննիչի թույլտվություն է պետք։ Խոստացել էր ֆաքս ուղարկել մեկուսարան, բայց ոչ մի նամակ այդպես էլ չի հասել գերատեսչություն»։