Home / Առողջապահություն / Պետությունը խրատներ ունի ղարաբաղցի կնոջ և նրա որդու համար

Պետությունը խրատներ ունի ղարաբաղցի կնոջ և նրա որդու համար

Ստեփանակերտից տեղահանված մայր և որդի Ամիրխանյանների ընտանիքին պետությունը համարում է բարդ դեպք և դժվարանում է օգնել։ Օրենքները խիստ են, գերատեսչությունների լիազորությունները՝ սահմանափակ։ Պետությունը չի կարող, օրինակ, հարկադրել հոգեկան խնդիրներով երեխայի բուժում կամ կրթություն։ Իսկ խնամակալ մորը հավելյալ օգնություն չի տալիս, միայն «ծնողավարության խորհուրդներ»։

Մայիսին  ընտանիքը լքեց Վաղարշապատի կենտրոնը, եկավ Կառավարության դուռը՝ հայտնվելով լրագրողների ուշադրության կենտրոնում։ Նախարարությունները սկսեցին վերանայել՝ ինչ կարող են անել։ Սոցապը կտրամադրի աղքատության նպաստ՝ 25000 դրամ, բայց կրթական և առողջապահական հարցերը դեռ անլուծելի են։

Լեռնային Ղարաբաղից տեղահանված Ամիրխանյանների ընտանիքը 2023 սեպտեմբերի 27-ին հայտնվել է ԿԳՄՍՆ-ի ենթակայության տակ գտնվող Վաղարշապատի մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնում, որտեղ ընտանիքից բացի բնակվել են ընդհանուր առմամբ 65-70 ղարաբաղցիներ։ Կենտրոնում բնակություն հաստատած փախստականները պետությունից ստացել են միանվագ 100 և 50 հազարական դրամ աջակցություններ։ Բնակվարձի և կեցության ծախսերի համար նախատեսված 40+10 աջակցությունը չեն ստացել, քանի որ ապրել են պետության կողմից հատկացված կացարանում։ Բնակիչները նաև օգնություն են ստացել մթերքի տեսքով՝ ՀԿ-ների և համայնքապետարանի կողմից։

Մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի տնօրեն Հովհաննես Հովակյանը Epress.am-ի հետ զրույցում պնդել է, որ ինքը բնակիչներին չի ստիպել լքել տարածքը։ Հոկտեմբերի կեսերից կենտրոնում բնակվող ընտանիքները սկսել են դուրս գալ։ Իսկ երբ մայիսին փչացել են տաք ջրի գեյզերները, Ամիրխանյանները և մնացած երկու ընտանիքները ևս հեռացել են։ 

«Արմինեն գնալուց պահակին ասել է, որ իր աղջիկը պապիկի տանն է, իսկ ինքն ու տղան մի քանի օր կմնան բարեկամի տանը, ապա կգնան աղջկա մոտ՝ Մասիս։ Մասիսը դառավ կառավարության շենք», – ասել է Հովակյանը։

Արմինեի տղան՝ Տիգրանը, ըստ տնօրենի, կենտրոնում ապրելու ընթացքում կոտրել է ջեռուցման խողովակները, զուգարանի պատն ու դուռը, ջրի բակը, երկու անգամ պատուհանից մահճակալն է ներքև նետել։ Կենտրոնն իր կարիքների համար նախատեսված բյուջեն ուղղել է այնտեղ մնացող ղարաբաղցիների կոմունալ ծախսերը հոգալուն և Տիգրանի կողմից վնասված ջեռուցման խողովակները վերանորոգելուն, սակայն ոչ բոլոր դեպքերի համար է բյուջեն հերիքել։ Օրինակ, զուգարանի քանդված պատը և դուռը սարքել են այնտեղի բնակիչները։ ԿԳՄՍ նախարարությունը հավելյալ օգնություն չի տրամադրել կենտրոնին։

«Բացի այդ Տիգրանը մի քանի անգամ ահազանգել է ոստիկանություն, որ այստեղ մարդ են սպանել», – պատմել է Հովակյանը։

IMG_20240514_130931

Կենտրոնի տնօրենի կարծիքով՝ Տիգրանն ունի հոգեբուժական խնդիրներ, սակայն չունի հոգեբուժական դիագնոզ։ Նրա հորդորով նոյեմբերի 30-ին մայրը Տիգրանին տարել է Արաբկիր բժշկական կենտրոն, որտեղ էլ երեխայի մոտ ախտորոշել են մտավոր զարգացման խանգարում, էպիլեպսիա և վարքային խնդիրներ։ Հովակյանը պնդում է, որ Տիգրանը ոչ մի դեղորայք չի ստանում և դրա միակ պատասխանատուն մայրն է։ «Եթե չի տալիս, ուրեմն վերջ, այլ մեխանիզմներ չկան։ Այդ պատճառով էինք մենք ուզում կազմակերպել, որ ինքը լինի բժիշկների վերահսկողության տակ», – ասել է տնօրենը։

Հովակյանը դիմել է քաղաքապետարան, մարզպետարանի երեխաների իրավունքների բաժին և սոցապ․ «Փորձել ենք ինչ-որ բան անել։ Իրենք ասում էին, որ մենք պետք է անենք՝ մենք պետք է հոգանք թե՛ ծախսերը, թե՛ մնացած բաները, որ իրեն տեղափոխեն հոգեբուժարան։ Վաղարշապատի քաղաքապետարանն այդ ամենը վերցրեց իր վրա, ասեց, որ կկազմակերպի», – ասել է Հովակյանը։

Ապրիլի 19-ին շտապօգնությունն ու ոստիկանությունը Տիգրանին տեղափոխել են «Ավան» հոգեկան առողջության կենտրոն, որտեղ նա մնացել է երեք օր։ Արմինեն, ըստ տնօրենի, գնացել ու դուրս է բերել որդուն։

Առողջապահության նախարարության խոսնակ Մարիամ Ծատուրյանի խոսքերով՝ քանի դեռ երեխան չի գրանցվել պոլիկլինիկայում, նախարարությունը չունի որևէ լծակ նրան բուժելու համար։ «Ես, դու կամ հարևանը չենք որոշում՝ ինքը ունի հոգեբանական, թե հոգեբուժական խնդիր։ Դա բժշկական տերմին է։ Պացիենտի մոտ վարքագծային փոփոխություններ նկատողը առողջության առաջնային պահպանման օղակի բժիշկն է», – ասել է խոսնակը։

Տիգրանի օրինակով պարզ է դառնում, որ պոլիկլինիկա մտնելուց հետո ևս ԱՆ-ն չունի որևէ գործուն մեխանիզմ՝ երեխաների առղջական վիճակի հետ կապված խնդիրները վերահսկելու համար։ Լծակները պատկանում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը։ «Եթե ծնողը չի տանում երեխային բժշկական կենտրոն, դա պետք է անի ՏԻՄ-ը», ասել է Ծատուրյանը։

Ըստ ԱՆ խոսնակի՝ առանց պացիենտի կամ նրա խնամակալի համաձայնության հոսպիտալացում արվում է միայն դատարանի որոշմամբ և եթե տվյալ անձը «հասարակության համար վտանգ է ներկայացնում»։ Իրավապահ մարմինը պետք է դիմի տեղի շտապօգնությանը, վերջինս էլ անձին պետք է տեղափոխի հիվանդանոց։

Վաղարշապատի կենտրոնի տնօրենը փորձել է նաև կազմակերպել Տիգրանի կրթությունը, բայց չի հաջողել։ «Ամեն օր մինչև իմ՝ կենտրոն հասնելը, Տիգրանն ու մայրը գնում էին Էջմիածին կամ Երևան մուրացկանություն անելու», – ասել է նա։ Ըստ տնօրենի՝ Տիգրանը մուրացկանություն անելու համար հաշվառված է Էջմիածնի ոստիկանությունում։

Այստեղ պետական մարմինները ևս անզոր են։ ԿԳՄՍ նախարարության խոսնակ Կարինե Մանուկյան-Սարիբեկյանը Epress.am-ին հայտնել է, որ երեխայի կրթության իրավունքն ապահովողը առաջին հերթին ծնողն է, և եթե ծնողը չի հաշվառել երեխային որևէ կրթական հաստատությունում, ապա նախարարությունը չունի լծակներ՝ խնդրի վրա ազդելու։

«Երբ երեխան դպրոց է գալիս, երեխայի կրթության իրավունքն ապահովելը ԿԳՄՍՆ-ի խնդիիրն է, բայց այստեղ երեխան երկու խնդիր ունի՝ ապրելու տեղ չունի և հոգեբուժական խնդիրներ ունի։ Խնդիրը ավելի շատ սոցիալական է։ Վերջիվերջո մենք ծնողների վրա ազդելու իրական գործիք չունենք։ Երբ ապրելու տեղ կունենան, հաջորդաբար պետք է նաև կրթության հարցը լուծվի։ Ամեն դեպքում իրենց հետ աշխատող կառույց է նաև ՏՄԱԿ-ը», – ասել է խոսնակը։

Սոցապ նախարարությունից հայտնում են, որ Ամիրխանյանների ընտանիքին մարտի 5-ից հաշվառել են Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում, և այժմ նրանք ստանում են 25500 դրամ նպաստ, նաև արդեն շուտով կկարողանան օգտվել փախստականների բնակվարձի և կեցության ծախսերի համար նախատեսված 40+10 աջակցությունից։

«Ընտանիքին առաջարկվել է ժամանակավորապես տեղափոխվել «Հանս Քրիստիան Կոֆոեդ» անօթևանների կացարան, սակայն Արմինե Ամիրխանյանը գրավոր հրաժարվել է։ Ընտանիքին առաջարկվել է շտապ օգնության սննդի փաթեթ, որից հրաժարվել է՝ նշելով, որ ՄԱԿ-ից ստացել է երկու մեծ սննդի փաթեթ, որը գտնվում է բարեկամի տանը և տուն վարձակալելուց հետո կտեղափոխի», – ասված է նախարարության նամակում։

Սոցապը այս և նման այլ խնդիրների դեպքում համագործակցում է Խնամակալության և հոգաբարձության մարմինների հետ։ Վերջինս պարտավորվում է հայտնաբերել համայնքում բնակվող այն ընտանիքներին, որոնցում երեխաների իրավունքների կամ շահերի խախտման վտանգ կա և տարբեր տեսակի աջակցություններ ցուցաբերի թե՛ երեխային, և թե՛ ընտանիքին։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից Epress.am-ին բացատրեցին, թե ինչ գործառույթներ պետք է իրականացնի իրենց ենթակայության տակ գտնվող կառույցը։ «Մեր աշխատակիցները Միասնական սոցիալական ծառայության աշխատակիցների հետ միասին պետք է այցելեն ծնողին և բացատրական աշխատանք տանեն, որ երեխան կրթության, առողջապահության իրավունք ունի», – ասել է նախարարության մամուլի խոսնակը։

Ութ ամիս անց ՏԿԵՆ-ը խմբագրությունից էր հարցնում ընտանիքի կոնտակտները։

«Մի քանի օր առաջ սոց աշխատողի հետ գնացել եմ հրապարակ՝ նրանց տեսնելու, հասկանալու, թե ինչու են հայտնվել այդտեղ, չկարողացա գտնել նրանց», – պատմել է Հոգաբարձության և խնամակալության մարմնի անդամը:

Հարցին՝ ի՞նչ գործողություններ է արել մարմինը ընտանիքի խնդիրները լուծելու համար՝ պատասխանեց, որ ամեն շաբաթ խոսել են Արմինեի հետ, փորձել են բարոյահոգեբանական, սոցիալ-հոգեբանական աջակցություն տալ։

«Մեզ հետ այդ հարցերով պետք է զբաղվի նաև միասնական սոցիալական ծառայությունը։ Իր դպրոց չհաճախելու խնդիրը պետական մասշտաբով լուծելի հարց է։ Եթե ծնողը իվիճակի չէ, ծնողավարությունից հեռու է, մենք խնամքի կենտրոն տանելու հարց բարձրացնելու իրավունք ունենք», – ասել է Խնամակալության և հոգաբարձության մարմնի անդամը։ Նա նշում է, որ ծնողն, ամեն դեպքում, շատ հագատար էր, և «մեղք կլիներ ասելը, որ ընդհանրապես ուշադիր չէր»։