ադրբեջանական Feminist Peace Collective-ի հայտարարությունը
Արյունոտ փետրվարից արյունոտ սեպտեմբերներ․ ինչպես մենք, որպես զոհ, կարող ենք լինել ագրեսոր
Այս ամիսն արյունով պատված անընդմեջ երրորդ սեպտեմբերն է (2020, 2022 և այժմ՝ 2023) հայերի և ադրբեջանցիների ընդհանուր ողբերգական պատմության մեջ։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվեց Ղարաբաղի/Արցախի վրա «հակաահաբեկչական գործողության» քողի տակ, անխղճորեն գերակայելով իր շահերը տարածաշրջանի մարդկանց կյանքերի նկատմամբ։ Գործողության նպատակն էր՝ ստիպել Արցախի/Ղարաբաղի իշխանություններին նստել բանակցությունների սեղանին ու համաձայնել կապիտուլյացիայի պայմաններին։ Բանակցությունները սպասված արդյունքը չտվեցին, և չնայած հրադադարի ու զինաթափման պայմանավորվածությանը՝ կրակոցներն ու ագրեսիան շարունակվում էին։
Այս օրերին, Ստեփանակերտի/Խոջալուի օդանավակայանից Հայաստան տարհանման հուսահատ սպասման ֆոնին, ադրբեջանցիները սնամեջ հաղթանակ են տոնում՝ անզգայորեն ուրախանալով հայերի տառապանքով և դա անվանելով պատմական արդարություն Խոջալուի ջարդերի համար: Կատարյալ ապատիայի ու ատելության այս պահին կարևոր է հիշեցնել ինքներս մեզ, որ մի անգամ զոհ դառնալը մեզ չի պաշտպանում ագրեսոր լինելուց։ Մենք թակարդում ենք զոհ/ագրեսոր այն կեղծ երկատվածության, որն արյունոտ փետրվարի (Խոջալույի կոտորածը) շրջանը վերափոխել է ոչ պակաս մռայլ սեպտեմբերների։ Անարդարության, տրավմայի ու զոհ լինելու համառ զգացողությունները չեն արդարացնում Ադրբեջանի ագրեսիան։ Էթնիկ զտումները, բռնի տեղահանությունները, տառապանքն ու ցավը, որ հայերն ապրում են հիմա, նույնքան անիրավ ու անարդար են, որքան ցավը, տառապանքը, բռնի տեղահանություններն ու էթնիկ զտումները, որ վերապրել են ադրբեջանցիները երեսուն տարի առաջ։ Չկան «հաղթող» կամ «պարտվող» ժողովուրդներ, երբ երկուսս էլ ահռելի կորուստներ ենք կրել, և այս բռնությունը շարունակում է տուրք սահմանել բոլորիս վրա։
Ադրբեջանի համառ ջանքերը՝ արդարացնել Լեռնային Ղարաբաղի դեմ իր ագրեսիան սահմանադրական կարգը վերականգնելու պնդումներով, պետական ահաբեկչությունն օրինականացնելու տագնապալի փորձ են։ Միջազգային հանրությունը պետք է ընդունի, որ սա հակաահաբեկչական գործողություն որակելը ոչ այլ ինչ է, քան բարակ շղարշով պատված պետական ահաբեկչության ակտ ընդդեմ խոցելի ու ավելի թույլ քաղաքական համայնքների․ մարտավարություն, որը պատմականորեն կիրառվել է կայսերական պետությունների՝ ԱՄՆ֊ի, Ռուսաստանի և Թուրքիայի կողմից։ Մինչ առաջինն այս մարտավարությունն օգտագործել է Իրաքում ու Աֆղանստանում իր միջամտություններն արդարացնելու համար, երկրորդն այն գործադրում էր Չեչնիայում, վերջերս նաև Ուկրաինայում, նույնն արվում է նաև քրդերի դեմ Թուրքիայում` իրականությունն աղավաղելու, դժգոհություն մոբիլիզացնելու, «արդար պատերազմի» առասպելաբանություն հորինելու համար։
Մենք նաև մատնանշում ենք միջազգային օրենքի ու կարգի անհամազորությունը, որն ակամա լիեգիտիմացնում է պատերազմների մեջ ներքաշված պետություններին` մերկացնելով մեզ այս կետին հասցրած ազգայնականության ողբերգական հետևանքները, որոնք գերակայում են մեր անցյալի, ներկայի և հնարավոր ապագայի ըմբռնման մեջ։ Այս տագնապալի տրամաբանությունը տարածվում է նրա վրա, թե ինչպես է միջազգային օրինական կարգը սահմանում մարդկային կյանքի կարգավիճակը։ Անհատներին դասակարգելը որպես «ռազմական թիրախ» և «քաղաքացիական անձինք» հղի է երկիմաստությամբ, որն Ադրբեջանին թույլ է տալիս շահարկել այս տարբերակումն իր իսկ շահերի համար՝ անթաքույց անտարբերություն ցուցաբերելով մարդկային կյանքի սրբության նկատմամբ։ Ադրբեջանական պետությունն, օրինակ, հայտարարել էր քաղաքացիական անձանց համար ապահով միջանցք բացելու մասին, բայց և բացառել բնակչության մի ստվար խմբին (ասենք փաստացի իշխանությունների հարազատներին, զենք կրողներին)՝ զտելով նրանց որպես ոչ քաղաքացիականներ, ինչ էլ որ դա չնշանակի։
Պատերազմի այս արատավոր շրջանում թակադրված՝ մեզ համար հրամայական է դառնում կրկնելը, թե ինչու մենք պետք է կտրականապես հակադրվենք պատերազմին առհասարակ և այս ձգձգված հարձակումներին հատկապես։ Բռնության միջոցով գերակայություն հաստատելու փորձերի դարը միայն հավերժացրել է տառապանքը՝ դրական ապագայի ոչ մի հույս չառաջարկելով։ Մենք չենք կարող անտեսել այն փաստը, որ պետական ուժն ու բռնությունը մեզ թշվառությունից, ցավից ու անորոշությունից բացի ոչինչ չեն տվել։ Նրանք, ովքեր հավատում են, որ այս պատերազմը և Ադրբեջանի ֆաշիստական պրոպագանդան ուղի են դեպի խաղաղություն, չեն ջոկում, որ դրանք պարզապես ծուղակում են մեզ թշնամության անվերջանալի շրջանում։ Կամ նրանք, ովքեր հավատում են, որ պատերազմն ավարտված է, և խաղաղությունը նվաճված է այս կատարյալ հաղթանակի արդյունքում, չեն հասկանում, որ պետական բռնությունը հավերժ է, որ հակաահաբեկչական գործողությունները կամայականորեն շարունակելու են թիրախավորել քաղաքականապես ակտիվ ապստամբությունները, որ խաղաղությունը լինելու է ժամանակ` հաջորդ պատերազմին պատրաստվելու համար։
Ողբերգությունը ազգի ու պետականաշինության հետևից ընկնելն է խաղաղության ու բարգավաճման գնով։ Ազգայնական դիսկուրսն ու ագրեսիվ պետականաշինությունը մեզ բերել են այս անողոք իրականությանը, որում նացիոնալիզմի թշվառությունը արգելակում է մեր կարողությունը ազատորեն սահմանել մեր կյանքերն ու ընտրությունները՝ որպես անհատներ ու համայքներ, որոնք չեն տնօրինում հողն ու ջուրը (սեփականաշնորհում ու ազգայնացում), սեփական ժամանակը (դպրոցներ, բանտեր, վարձու աշխատանք, «ազատ ժամանակ»), սեփական մարմինները (վարձու աշխատանք, գիտելիքի հասանելիության սահմանափակումներ, բժշկություն)։ Ինչպե՞ս կարող են մեզ կոչ անել սիրել ու պաշտպանել «մեր» ազգը, եթե ոչինչ իրականում մերը չէ։
Հարց է, թե ինչի համար ենք մենք մեռնում` հողերի՞, որոնցում երբեք ազատագրված կյանք չենք ունենալու, հողերի՞, ուր երբեք չենք կարողանալու գնալ մեր սիրելիների հետ, որոնց կորցրել ենք պատերազմում, հողերի՞, որոնց վրա ազատորեն հայտնվելու իրավունք հազիվ թե ունենանք, հողերի, որոնցում մենք դեռ ճնշվելու, ծեծվելու ու նվաստանալու ենք, որոնցում մեր տարբեր հայացքներն ու կարծիքները լռեցվելու են հանուն ազգի փրկության։ Ազգ, որը կառուցվել է միայն այլ ազգին ատելու ու օտարվելու վրա։
Մենք կտրականապես հակադրվում ենք այս վարդապետության թակարդն ընկնելուն, մերժում ենք մարդկանց ստրկացումը հանուն ատելության ու օտարման վրա կառուցված ազգի։
Ադրբեջանին կոչ ենք անում դադարեցնել Ղարաբաղի հայ բնակչության դեմ այս ահաբեկչությունը։ Մեր խնդրանքը ուղղում ենք Ադրբեջանի մարդկանց, հորդորելով նրանց ճանաչել իրենց բանականությունն ու ապրումակցումը, թույլ չտալ, որ իրենց դժգոհությունները գործիքավորվեն ռեժիմի ազգայնական իղձերի համար, թույլ չտալ, որ իրենց մարմինները շահագործվեն պետության ու իշխող էլիտայի կապիտալիստ ագահության կողմից։
Միևնույն ժամանակ, որպես ադրբեջանական հանրության մաս և Ադրբեջանի քաղաքացիներ, մենք հարցեր են տալիս և նույնը ակնկալում ուրիշներից, հատկապես նրանցից, ովքեր հավակնում են լինել քաղաքականապես ակտիվ։ Հավատում ենք, որ մենք, որպես ժողովուրդ, պետք է պահանջենք այն ծրագրերն ու պայմանները, որոնք կառավարությունը, ապագա համակեցության պիտակի ներքո, պատրաստում է զուտ իր շահերի համար։
1) Ինչպե՞ս է կառավարությունը պատրաստվում ինտեգրել և ոչ թե ձուլել Ղարաբաղի/Արցախի հայերին։
2) Ի՞նչ միջոցներ են կիրառվելու Ղարաբաղի/Արցախի հայերի անվտանգությունը երաշխավորելու համար։
3) Արդյո՞ք ռուսական բանակի ներկայությունը շարունակվելու է, և այսքանից հետո կարո՞ղ է արդյոք որևէ մեկը վստահել նրանց՝ որպես անվտագության հուսալի երաշխավորներ։
4) Կա՞ արդյոք պլան Հայաստանի ու հայերի հետ հավերժ թշնամանքը հաղթահարելու համար։ Կա՞ արդյոք կամք՝ ներգրավվելու այս թշնամական պատումները փոխելու գործում։
5) Արդյո՞ք Զանգեզուրի միջանցքը շարունակելու է լինել էքսպանսիոնիստ ազգայնական օրակարգի մաս։
6) Նախատեսվո՞ւմ են արդյոք համաներումներ, և ինչպե՞ս են մարդիկ հաշտվելու ու ներելու միմյանց։
7) Կլինե՞ն արդյոք միմյանց հետ առանց սահմանափակումների հաղորդակցվելու հնարավորություններ համայնքների, մարդկանց, ակտիվիստների ու կազմակերպությունների համար։
8) Արդյո՞ք խաղաղությունը պաշտպանող ու այդ ուղղությամբ ակտիվորեն աշխատող անհատները շարունակելու են որպես թշնամիներ ու ազգի դավաճաններ պիտակավորվել, դատապարտվել ու բանտարկվել։
9) Այս պատերազմը երբևէ կվերջանա՞։