Home / Հայաստան / Հակաթուրքական ատելությամբ կյանքն իմաստավորելուց հրաժարվելու հրամայականը

Հակաթուրքական ատելությամբ կյանքն իմաստավորելուց հրաժարվելու հրամայականը

պատասխան «Խաղաղություն առանց բայցերի» հայտարարության մի քննադատության

«Խաղաղություն առանց բայցերի» հայտարարությունը լայն արձագանք ստացավ՝ ինչպես դրական, այնպես էլ բացասական, ինչպես պիտակավորումների, այնպես էլ բովանդակային քննադատության տեսքով։ Որպես հայտարարությունը ստորագրող՝ իմ անունից այս հոդվածում անդրադառնալու եմ ՔՈ կուսակցության ներկայացուցիչ Միքայել Նահապետյանի հնչեցրած մի հարցադրման։ Վերջինս ասում է, որ հայտարարությունը ստորագրողներս հիմնականում ձախ ենք՝ անարխիստ, սոցիալիստ, իսկ «աշխարհի ամենաարյունալի բախումները ձախ գաղափարներով ազատության, արդարության ու ճնշված խավերի իրավունքների պաշտպանության եղանակո՛վ խաղաղության ապահովման կողմնակիցներն են արել»։ Հետևաբար, հարցնում է Միքայելը, ինչքանո՞վ ենք հայտարարությունը ստորագրած ձախերս հավատարիմ այն ձախ գաղափարին, որ իրավունքների ու ազատությունների ոտնահարումն ինստիտուցիոնալիզացնելու հաշվին ձեռք բերվող կամ պահպանվող խաղաղությունը արժեք չունի։ 

Նախ նշեմ, որ «Խաղաղություն առանց բայցերի» հայտարարության ստորագրողներից ոմանք իրենց հստակ աջ են համարում, և պարզ չէ, թե ստորագրողներից քանիսն են ձախ գաղափարներ կրում։ Երկրորդ՝ աշխարհի ամենաարյունալի բախումները ձախերի կողմից արված կարելի է համարել միայն այն դեպքում, եթե նացիստներին համարենք ձախեր։ Բայց եթե նույնիսկ գերմանական նացիզմը ձախականության ինչ-որ տարրեր իր մեջ պարունակում էր, կասկած չկա, որ նացիզմը նախ և առաջ ծայրահեղ ազգայնականության դրսևորում էր, և որ և՛ առաջին, և՛ երկրորդ համաշխարհային պատերազմների գաղափարական արդարացումը հենց (ծայրահեղ) ազգայնականությունն էր։ Իսկ այն ձախերը, որոնք սոցիալ-դեմոկրատական գաղափարներ են ունեցել, ամենևին էլ աշխարհի ամենաարյունալի բախումներն անողները չեն եղել։ Ընդհակառակը, երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Արևմտյան Եվրոպայում տասնամյակներ շարունակ գերիշխող դարձած սոցիալ-դեմոկրատական գաղափարները նշանակալի դեր ունեն Եվրոպայում հաստատված կայուն խաղաղության գործում։ Կարճ ասած՝ սոցիալ-դեմոկրատները ինչպես ներհանրային հարցերում (ճնշված խմբերի իրավունքների պաշտպանության գործում), այնպես էլ  միջպետական հարաբերություններում բացառապես կամ գերազանցապես  ապավինում են խաղաղ մեթոդներին։ 

Այնուամենայնիվ՝ ընդհանրացված «չկա արդարություն, չկա խաղաղություն» սկզբունքը այսօր էլ գրավիչ է հնչում։ Պատահական չէ, որ սևամորթների նկատմամբ ոստիկանական բռնությունների դեմ ԱՄՆ-ում սկսված Black Lives Matter շարժման հիմնական կարգախոսներից էր No Justice No Peace արտահայտությունը։ Իհարկե, նման գրառումներով ԱՄՆ-ում խաղաղ ցույցի դուրս եկողները peace բառի տակ ավելի շատ «անդորր» էին հասկանում և մտադրված չէին զինված պայքարի ելնել։ Դրանով հանդերձ, ոչ միայն սոցիալ դեմոկրատիայի, այլ նաև աջ-լիբերալիզմի հիմքերի հիմքը այն գաղափարն է, որ պետության կողմից իր քաղաքացիների (կամ որոշ խմբերի) իրավունքների պաշտպանությունը ձախողելը հղի է քաղաքացիական պատերազմների վտանգով։ 

Հաշվի առնելով, որ ԽՍՀՄ-ի ժամանակ ԼՂ հայերը մշտապես ճնշվել են Խորհրդային Ադրբեջանում և ԼՂ երկու պատերազմներից հետո մշուշոտ է այն հեռանկարը, որ նրանց իրավունքները լիարժեք կպաշտպանվեն Ադրբեջանի կազմում, ինչու՞ չորդեգրել «չկա արդարություն, չկա խաղաղություն» սկզբունքն ու հրաժարվել երկարաժամկետ խաղաղություն հաստատելու փորձից։ «Որովհետև չենք կարող՝ ընդդեմ Ադրբեջանի ու Թուրքիայի» պատասխանը լիարժեք չէ, քանի որ հարցադրումն անողները նաև (կամ նախ և առաջ) բարոյական պատասխանատվության հարթություն են տանում հարցը։ ԼՂ հայերն ունեն Հայաստանի Հանրապետության անձնագրեր, և հայաստանցիները նրանց հանդեպ պարտավորություններ ունեն, որոնցից «կներեք, չենք կարող» արդարացմամբ հրաժարվելը անբարոյականություն է, պնդում է Միքայել Նահապետյանը։ 

Բարոյական հարթությունում ԼՂ հարցը քննելիս կարևոր է արձանագրել, որ այն ոչ թե ԼՂ հայերի իրավունքների ու ազատությունների հարց է եղել հայաստանցիների համար, այլ պատմական արդարության վերականգնման, տարածքային պահանջատիրության ու հայոց ցեղասպանությունից վրեժ լուծելու հարց։ Դրա մասին վկայող բազմաթիվ փաստերից թվարկեմ մի քանիսը։ Առաջին, 1990-ականների քաղաքական բանավեճերի հիմնական թեմաներն էին «պատմական արդարության վերականգնում», «ազգային միասնություն», «ազգային գաղափարախոսություն» և նմանատիպ հասկացությունները՝ ԼՂ հակարմարտության կոնտեքստում1։ Երկրորդ, ԼՂ հարակից շրջանների վերադարձի հարցը (անկախ նրանից՝ թե ինչի դիմաց է այն արվում) անընդունելի էր համարվում քաղաքականապես ակտիվ հայաստանցիների ճնշող մեծամասնության համար։ Տիրապետող էր «արյունով գրավված հողը թղթով չի կարելի հետ տալ» մոտեցումը։ Եթե ԼՂ հարցը դիտարկվեր ԼՂ-ում ապրող հայերի իրավունքների տեսակետից, ապա ԼՂ հարակից տարածքների վերադարձի հարցը չափազանց ցավոտ չէր ընկալվի և այդ տարածքներում ադրբեջանցիների (ԼՂ հայերին թվով մի քանի անգամ գերազանցող) ապրելու իրավունքը չէր անտեսվի մեր կողմից։ Երրորդ՝ նույնիսկ այսօր ազգայնական շրջանակները շարունակում են ԼՂ հարցը դիտարկել հայոց ցեղասպանությունից վրեժ լուծելու ու պատմական արդարության վերականգնման կոնտեքստում, ինչի վառ դրսևորումներից է ֆաշիստական ոգով վերջերս արված մի հայտարարություն՝ ի պատասխան «Խաղաղություն առանց բայց»-երի հայտարարության։

Պատմական արդարության, տարածքային պահանջատիրության ու ցեղասպանությունից վրեժ լուծելու պատկերացումների տիրույթում մարդու (այդ թվում՝ ԼՂ հայերի) իրավունքների ու ազատությունների հարց գոյություն չունի։ Կա միայն «(ներքին) թուրքերից վերժ լուծելու» սուրբ պարտավորություն, ինչն էլ հենց պարտադրվում է որպես ամեն հայի կյանքի միակ իմաստ կամ բարձրագույն արժեք։ ԼՂ հայերը, հայաստանցիների նման, ընդամենը գործիք են՝ այս սրբացված առաքելությունը իրագործելու համար։ Հետևաբար այսօր հայերիս համար պատերազմի ու խաղաղության հարցը ոչ թե ԼՂ հայերի ազատությունների ու իրավունքների պաշտպանության կամ այդ պաշտպանությունից հրաժարվելու հետ է կապված, այլ կապված է պատմական արդարության, հողային պահանջատիրության ու ցեղասպանությունից վրեժ լուծելու մոտեցումներով սեփական կյանքն իմաստավորել-չիմաստավորելու հետ։ Այլ կերպ ասած՝ այնպես չէ, թե խաղաղության պահանջը ինքնին նշանակում է հրաժարում ԼՂ հայերի իրավունքներից, իսկ պահանջի բացակայությունը՝ իրավունքների պաշտպանության հանձնառություն։ Խաղաղության պահանջը այսօր նշանակում է հրաժարում պատմական արդարության վերականգնման, տարածքային պահանջատիրության ու ցեղասպանությունից վրեժ լուծելու պահանջներից։ Ստորագրելով «հակադարձում ենք հողային պահանջատիրությանը խաղաղության պահանջատիրությամբ» արտահայտության տակ՝ ես հայտարարում եմ, որ հրաժարվում եմ կյանքս իմաստավորել թուրքից վրեժ լուծելու մուլուցքով ու ատելությամբ2։
——————–
1Մանվել Սարգսյան և ուրիշներ (2010), «Սահմանադրական պետության կառուցման հիմնախնդիրները Հայաստանում», Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոն, Երևան, էջ 13։
2Որ շատերի համար հակաթուրքական ատելությունը կյանքի իմաստավորման կարևոր մաս է, երևում է, օրինակ, ընդդեմ «Խաղաղություն առանց բայցերի»-ի արված հայտարարության հետևյալ հատվածից․ «Ես ունեմ երջանիկ ու արժանապատիվ պայքարի իմ ուղին․ դա իմ նախնիների ու իմ հայրենիքի հանդեպ արդարության վերականգնումն է, թուրքական այլատյացությունն արմատախիլ անելը, նահատակների թողած գործը անվերջ շարունակելը։ Ես խաղաղվում եմ՝ իմանալով, որ մենք պայքարում ենք ցեղասպաններին արժանի պատժի հասցնելու համար, իմ խաղաղությունը նրանց դատաստանն է նաև»։ Սա 1990-ականներին քաղաքականապես ակտիվ հայաստանցիների մոտ գերիշխող «ոսկեդարի սրբազան տարածքի վերադարձի»-ն մոտ պատկերացումների վատագույն դրսևորումներից է։ Դրա այլընտրանքը ոչ թե ցեղասպանության ճանաչումից հրաժարվելն է (քանի դեռ ճանաչում չկա Թուրքիայի կողմից, հայերիս համար ցեղասպանության տրավմաները լիարժեք հաղթահարելը դժվար է, թեև ոչ անհնար), այլ սեփական կյանքը հակաթուրքական թունավորող ատելությունից դուրս իմաստավորելու ձևեր ու բարձր արժեքներ գտնելն է։

Կարելի է հակադարձել, որ անկախ հակաթուրքական այս ատելությունից՝ ԼՂ հայերի իրավունքների հարց, այնուամենայնիվ եղել է և կա։ Ի վերջո, գոնե սկզբում՝ ինչ-որ պահի և հատկապես՝ շատ ԼՂ հայերի համար, ԼՂ հարցը իրավունքների (այդ թվում՝ ինքնորոշման) հարց է(ր)։ Հողային պահանջատիրությունից, պատմական արդարության վերականգնման պահանջից ու հանուն դրանց իրագործման համար պատերազմելուց հրաժարումը, ըստ այս ենթադրյալ հակադարձման, ընդունելի է, բայց չպետք է ձևակերպվի «խաղաղություն առանց բայց»-ի տեքսով։ Հակառակ դեպքում, ըստ այս հակադարձման, հրաժարումը ոչ միայն հողային պահանջատիրությունից է, այլ նաև ԼՂ հայերի իրավունքներից։

Ի պատասխան՝ պետք է նշեմ, որ ԼՂ հարցում պահանջների նշաձողի իջեցումը (ինչի կոնտեքստում է արված մեր հայտարարությունը) ամենևին չի նշանակում հրաժարում ԼՂ հայերի իրավունքների (այդ թվում՝ ինքնորոշման) պաշտպանությունից։ Իրավունքների պաշտպանությանը հետամուտ լինելը պարտադիր չէ, որ լինի անկախության պահանջի տեքսով3։ Այնուամենայնիվ՝ նշաձողի իջեցումը ենթադրում է ինչպես ԼՂ հայերի, այնպես էլ՝ հայաստանցիների այլ իրավունքների կարևորում՝ ստեղծված պայմանների ողջամիտ գնահատման հիման վրա։ Այսօր ԼՂ անկախության պահանջը ու այդ հիմքով պատերազմելը ղարաբաղցիների ու հայաստանցիների այլ իրավունքների լրջագույն սահմանափակումներ է ենթադրում, ներառյալ՝ կյանքի իրավունքի։ Ենթադրենք կարելի է մոտ 100 հազար զոհերի կյանքի գնով հասնել ԼՂ անկախության ճանաչման, բայց արժե՞ արդյոք այդքան թանկ գին վճարել։ Իսկ միգուցե ավելի նպատակահարմար կլինի ապահովել Ադրբեջանի կազմում ԼՂ ինքնավարության որոշակի աստիճան և հասնել իրավունքների պաշտպանության հստակ երաշխիքների՞՝ միաժամանակ հնարավորություն տալով ղարաբաղցիներին վերաբնակվել Հայաստանու՞մ։ Որպես Հայաստանի քաղաքացիներ, նրանց իրավունքները պաշտպանված կլինեն նաև դեմոկրատական Հայաստանում4։ ԼՂ հարցի բարոյական կողմը, այսպիսով, ամենևին չի նշանակում միջանձնային բարոյական այլ պարտավորությունների (ներառյալ՝ ծնող-երեխա) անտեսում ու ստեղծված պայմանների սթափ գնահատականից հրաժարում։ Իսկ ԼՂ հարցում մեր պահանջների նշաձողի իջեցումը ոչ թե ԼՂ հայերի իրավունքներից հրաժարում է նշանակում, այլ ղարաբաղցիների և հայաստանցիների կյանքի և այլ իրավունքների ու բարոյական պարտավորությունների նկատմամբ առավել լուրջ ու հավասարակշռված մոտեցում։
——————–
3Ես կարծում եմ, որ եթե 1992-ին ԱՊՀ-ի ստեղծման համաձայնագրում Հայաստանը հատուկ կարծիք հայտներ ԼՂ հարցի մասին և հետագայում կարողանար ճանաչել ԼՂ անկախությունը, չի բացառվում, որ իրադարձությունները մի փոքր այլ (հօգուտ հայկական կողմերի) սցենարով զարգանային։ Սակայն գնացքն արդեն գնացել է և այսօր ԼՂ անկախության ճանաչումը Հայաստանի կողմից դժվար թե դրական հետևանքներ ունենա՝ այդ թվում երկարաժամկետում։
4Այն հակադարձումը, թե ԼՂ հարցում այսպիսի մոտեցումը հետագայում էլ կարող է վտանգել Սյունիքի՝ Հայաստանի մաս լինելը, մարդկանց մոլորեցնելու համար դիտավորությամբ արվող կեղծիք է, քանի որ 1) Սյունիքը, ի տարբերություն ԼՂ-ի, միջազգայնորեն ճանաչված է Հայաստանի մաս և 2) Ադրբեջանի հետ երկարաժամկետ խաղաղության հասնելը չափազանց թանկ ու խնդրահարույց է դարձնելու հետագայում միմյանց նկատմամբ տարածքային հավակնություններ ներկայացնելը։ Սյունիքի հարավային հատվածների նկատմամբ Հայաստանը վերահսկողությունը կարող է կորցնել, եթե ձախողվի խաղաղության օրակարգը:

Այսքանը՝ հարցի բարոյական կողմի մասին։ Միքայել Նահապետյանը և այլոք ԼՂ հարցի բարոյական կողմից բացի այլ փաստարկներ էլ են բերում, որոնց այստեղ հնարավոր չէ անդրադառնալ։ Իսկ այս հոդվածի միտքն այն է, որ խաղաղության այսօրվա պահանջը հրաժարում է ոչ թե ԼՂ հայերի իրավունքների պաշտպանությունից, այլ հողային պահանջատիրությունից ու սեփական կյանքը հակաթուրքական ատելությամբ իմաստավորելուց։ 

Հրայր Մանուկյան