Ադրբեջանում հավատացյալների նկատմամբ հետապնդումների նոր ալիք է բարձրացել։ Տասնյակ մարդիկ ձերբակալվել են մայրաքաղաքում և այլ բնակավայրերում։
Մեյդան TV-ի տեղեկություններով, ձերբակալվածների մեջ են հոգևորականներ Ռովշան Շարիֆովը՝ Լյանկարանից, Սաքիտ Մամեդովն ու Ռամին Բաբաևը՝ Նեֆտաչալայից, Նասրեդին Նասիրովը՝ Գեյչայից, Ջեյհուն Սայադովը՝ Գյանջայից, Էյվազ Բախշիևը՝ Աստարայից և Բախտիյար Մամեդովը։
Ինչպես մյուս՝ արդեն դատապարտված շիա այլախոհների դեպքում, նրանց թմրանյութերի ձեռքբերմանն ու շրջանառությանն առնչվող հոդվածներ են մեղսագրում։
Իշխանությանը ոչ լոյալ հավատացյալները մշտապես Ադրբեջանի ռեժիմի թիրախում են։ Նրանք երկրի քաղբանտարկյալների մեծ մասն են կազմում։ Այս ամսվա ընթացքում առևանգվել են «Մահմեդական միասնություն» հասարակական կազմակերպության ևս երեք անդամներ։ Կազմակերպության 67 ներկայացուցիչներ, այդ թվում առաջնորդ Թալեհ Բագիրաձեն, արդեն երկար տարիներ բանտերում են։
Փետրվարի 27-ին 3․5 տարվա ազատազրկման է դատապարտվել ակտիվիստ Ազադ Քերիմովը, ում մոտ, ըստ մեղադրականի, կրոնական գրականություն և հերոին է հայտնաբերվել։ Ոստիկանությունում նրան խոշտանգել են էլեկտրահարության միջոցով։
Իրավապաշտպանների տվյալներով, վերջին տարիներին ձերբակալվել են ավելի քան 500 հավատացյալներ հիմնականում նույնաբովանդակ՝ թմրանյութերին առնչվող հոդվածներով։ Իրավապաշտպանները նրանց քաղբանտարկյալ են համարում։
մանրամասները տե՛ս Ես էլ չեմ ուզում լինել Ադրբեջանի քաղաքացի